Եռանախագահները փետրվարի 8-11-ն այցելեցին Բաքու, Երեւան, Ստեփանակերտ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին «Օլայլար» գործակալությանն ուշագրավ մեկնաբանություն է արել. եթե հայկական կողմը համաձայնի Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները վերադարձնել, ապա փոխարենը Բաքուն կընդունի Լեռնային Ղարաբաղի «էթնիկ հայերին ժամանակավոր կարգավիճակ» տրամադրելու հնարավորությունը։ Գուրբանլին կարծում է, որ «զավթված տարածքների ազատագրումը եւ փախստականների վերադարձն իրենց օջախներ առավել կարեւոր են Ադրբեջանի համար»։
Հաշվի առնելով Ադրբեջանում իշխանության կլանային հավատարմությունը, պետք է ենթադրել, որ Գուրբանլիի տեսակետը չի հակասում պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը։ Թե ինչ ժամանակավոր կարգավիճակ է նախատեսում Գուրբանլին «Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի» համար, չի մասնավորեցվում։
Վերջին օրերին Բաքվի ԶԼՄ-ների ուշադրության կիզակետում ԵԱՀԿ գործող նախագահի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի եռանախագահների միմյանց հաջորդող այցելություններն են։
ԵԱՀԿ գործող նախագահ, Պորտուգալիայի արտգործնախարար Ժայմե Գաման Բաքվում պատասխանելով լրագրողիՙ «ԵԱՀԿ-ն ԼՂ-ն ճանաչո՞ւմ է Ադրբեջանի անբաժանելի մաս», ասել է. «Կա ընդհանուր կարծիք եւ այդ կարծիքը համապատասխանում է դասական չափանիշներին։ Ուշադրություն դարձնելով օրվա իրողություններին եւ շարունակվող բանակցություններին, կարծում եմ, կարող ենք այդ հարցերին պատասխաններ գտնել»։ Գամայի տեսակետը հաջորդ օրը Բաքվում կրկնեց Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը պատասխանելով նույնՙ «եռանախագահները ԼՂՀ-ն ճանաչո՞ւմ են Ադրբեջանի անբաժանելի մաս» հարցին. «ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է միջազգայնորեն ընդունված օրենքներին համահունչ, համաձայն որի առանց պետությունների համաձայնության սահմանները չեն վերանայվում։ Սակայն ոչ ոք պետություններին չի արգելում խորհել համաձայնությամբՙ ինչպես փոխել կամ չփոխել սահմանները»։
Գամայի եւ Տրուբնիկովի հայտարարությունների ֆոնին առավել հասկանալի է դառնում Գուրբանլիիՙ «Ղարաբաղի էթնիկ հայերին» ժամանակավոր կարգավիճակ տալու հնարավորությունը։ Ի դեպ, Գամայի հայտարարությունը մտահոգության տեղիք է տվել Ադրբեջանի արտգործնախարարին։ Համաշխարհային հանրությունն այժմ հորդորում է Ադրբեջանին ընդունել գոյություն ունեցող իրողությունները եւ ԼՂ հարցում համաձայնել լուրջ փոխզիջումների, ինչը Հայաստանին հնարավորություն կտա որդեգրելու ավելի կոշտ դիրքորոշում, ասել է Վ. Գուլիեւը, հիշեցնելով, որ «ԵԱՀԿ-ն ի վիճակի չի եղել մինչեւ օրս ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չնայած բանաձեւերով ճանաչել է էթնիկ եւ տարածքային հակամարտություններ ունեցող այլ պետությունների, ինչպես Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը»։
ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների նոր առաջարկություններին, որոնք, ռուսաստանցի դիվանագետ Ն. Գրիբկովի խոսքերով, «հեղափոխական» չեն, բնականաբար, մենք ծանոթ չենք։ Ամեն դեպքում, այդ առաջարկները կամ գաղափարները, ենթադրաբար, նախորդ համանման առաջարկներից քիչ են տարբերվում։ Ավանդույթի համաձայն, եռանախագահներն Ալիեւի եւ Քոչարյանի հետ բանակցությունները բնութագրել են «օգտակար եւ դրական»։ Երեւանում ուշագրավ մեկնաբանություններ արեց Ն. Գրիբկովը. «Ռոբերտ Քոչարյանի հետ յուրաքանչյուր քննարկում մեզ համոզում է, որ նախագահն իմաստուն, հավասարակշռված եւ պատասխանատու անձնավորություն է, ով լրջորեն մտահոգված է գլխավոր խնդրիՙ ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորմամբ»։ Մեր կարծիքով, Գրիբկովը Ռ. Քոչարյանին գովաբանելովՙ անուղղակիորեն քննադատության սլաքն ուղղում է Հ. Ալիեւին, որը միջնորդների հետ հանդիպումներում համաձայնում է առաջարկություններին, բայց մի քանի օր անց հրաժարվում դրանցից ու Մինսկի խմբին ամբաստանում անգործության համար։ Հենց այս մարտավարությամբ առաջնորդվեց Ալիեւը Փարիզի եւ Քի Վեսթի բանակցություններից հետոՙ տապալելով ծրագրված Ժնեւի հանդիպումը։ Եռանախագահները Բաքվում եւ Երեւանում ակնարկեցին, որ առաջարկությունների հիմքում դրված են Փարիզում եւ Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ադրբեջան եւ Հայաստան այցելելուց հետո եռանախագահները կիրակի օրը մեկնել են Ստեփանակերտ, բանակցել ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի հետ։
Եռանախագահների «նոր» գաղափարներից ուշագրավը, որը մամուլին իրազեկեց Վյաչեսլավ Տրուբնիկովը, հետեւյալն էրՙ վերադառնալ 1994¬97 թթ. ֆորմատին, երբ բանակցություններում ներգրավված էին Ադրբեջանը, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքները։ Հիշեցման կարգով նշենք, որ այդ տարիներին ադրբեջանական համայնքից բանակցություններին մասնակցում էր Ադրբեջանում հայտնի թմրամոլ, խորհրդային տարիներին Շուշիից ժողպատգամավոր Ն. Բահմանովը։
Եռանախագահների մյուս «նոր» գաղափարը բանակցային գործընթացի մեջ կողմերիՙ ավելի ցածր մակարդակով ներգրավելու առաջարկությունն էր։ Մոտիվացիան հետեւյալն է. միշտ չէ, որ նախագահներ Ալիեւն ու Քոչարյանը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ի վիճակի են հանդիպելու։ Նման ֆորմատը հայտնի է 1990-ական թթ. կեսերից, երբ, ըստ էության, Ժիրայր Լիպարիտյանն ու Վաֆա Գուլուզադեն «ուզուրպացրել» էին խաղաղության բանակցությունները։
Փետրվարի 8¬11-ը տարածաշրջան այցելությունից հետո Մինսկի խումբը կհավաքվի Վիեննայումՙ ԵԱՀԿ գործող նախագահ Ժ. Գամային տեղեկացնելու բանակցությունների արդյունքները։ Սպասվում է, որ այդ հանդիպումից հետո Մինսկի խումբը կներկայացնի ԼՂ կարգավորման նոր առաջարկությունները։ Թղթի վրա։