«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2002-03-07 | #44, 2002-03-08 | #45, 2002-03-12


ԱՆԿԱԽ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՉԼԻՆԵԼԸ ԻՐԱԿԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄ Է

Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցը եզրափակվեց ստեփանակերտյան հանդիպումով։ Մարտի 10-ին համանախագահներին իր նստավայրում ընդունեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Շուրջ երկու ժամ տեւած հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների հետեւում։ Անշուշտ, նախագահներ Հեյդար Ալիեւի ու Ռոբերտ Քոչարյանի հետ մինչ այդ կայացած հանդիպումներն արդեն արձանագրել էին, որ եռանախագահների հերթական առաքելությունը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում էական տեղաշարժեր չի ենթադրում։ Եվ գուցե նաեւ դա էր պատճառը, որ Մինսկի խմբի համանախագահները, ի տարբերություն նախորդ առաքելության, այս անգամ բավականին հապճեպորեն վերաբերվեցին լրագրողների հետաքրքրությանը։ Ամերիկացի դիվանագետ Ռ. Փերինան բավարարվեց միայն Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումն օգտակար անվանելով, իսկ նրա ֆրանսիացի գործընկեր Ֆ. դը Սյուրմենն ասաց, որ իրենք կարեւոր նշանակություն են տալիս ղարաբաղյան կողմի հետ խորհրդակցելուն։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եռանախագահության հետ երկժամյա քննարկումների վերաբերյալ լրագրողներին տեղեկացրեց, որ խմբի կողմից նոր առաջարկներ չեն եղել։ Եղել են միայն նոր տարրեր հին մոտեցումներում։ Դրական համարելով համանախագահների այն մոտեցումը, ըստ որի կարեւորվում է բանակցություններում ԼՂՀ մասնակցությունը, Ա. Ղուկասյանը հույս հայտնեց, որ ղարաբաղյան կողմն ի վերջո կմիանա բանակցություններին։ Նա միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ պաշտոնական Բաքուն ցայսօր խուսափում է ԼՂՀ-ի հետ շփումներից, դրանով իսկ խոչընդոտելով բանակցությունների արդյունավետ ընթացքին։ Ինչպիսի՞ն կարելի է բնութագրել Մինսկի խմբի տասնամյա գործունեությունը։ Այս հարցին ԼՂՀ նախագահը դրական պատասխան տվեցՙ զինադադարի պահպանումը գնահատելով այս կառույցի գործունեության շոշափելի արդյունք։ Ա. Ղուկասյանը բացառեց խաղաղարար ուժերի ներգրավումը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հնարավոր տարբերակներում։ Միջազգային հանրությունը լավ է գիտակցում, որ մեր ուժերով, Մինսկի խմբի շրջանակներում, կարող ենք խաղաղության հասնել, եւ միանգամայն անիմաստ է տարածաշրջանում հավասարակշռությունը խախտելը, նշեց նախագահը։ Վերահաստատելով ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի առաջնահերթության վերաբերյալ, Ա. Ղուկասյանը լրագրողների տված հարցին պատասխանելով ընդգծեց, որ տարածքների կամ փախստականների հարցերը չեն կարող ԼՂՀ կարգավիճակի շահարկման առարկա դառնալ։ Աբստրակտ քննարկումները դրական ոչինչ չեն տա, մինչեւ չդառնան լիարժեք բանակցությունների արդյունք։ Մեկնաբանելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռ. Փերինայի այն հայտարարությունը, թե Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, Արկադի Ղուկասյանը դա անվանեց իրականության փաստի ճանաչում։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4