Ամերիկայի Միացյալ Նահանգներ ներմուծվող պողպատի մաքսատուրքի 30 տոկոս ավելացումն առայժմ չի ազդել մոլիբդենի միջազգային գների վրա։ Այս մասին, ի պատասխան մեր հարցի, հայտնեց արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը։
Ճիշտ է, Հայաստանը չունի պողպատի արտադրություն, սակայն այստեղ (մաքուր երկաթի գործարանում) արտադրվող ֆերոմոլիբդենը պողպատի արտադրության մեջ օգտագործվում է որպես հավելում։ Այն, ըստ վարչության պետի, վաճառվում է Գերմանիայում։ Դրանից հետո ֆերոմոլիբդենը ԱՄՆ արտահանվո՞ւմ էՙ հայտնի չէ։ Հայտնի չէ նաեւ, թե ինչպես կփոխվի դրա միջազգային գինըՙ կիջնի՞, թե՞ կբարձրանա։
Արթուր Աշուղյանը չբացառեց նաեւ վերջին հնարավորությունը, սակայն նշեց, որ առայժմ հնարավոր չէ ոչինչ կանխատեսել։
Ա. Մ.