Վերջերս ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Համլետ Գրիգորյանը նախարարության մի խումբ պատասխանատու աշխատակիցների ուղեկցությամբ եղավ Քաշաթաղի շրջանում։ Այցը ճանաչողական էր եւ նպատակ ուներ մոտիկից ծանոթանալու շրջանի նորաստեղծ հանրակրթական դպրոցների մանկավարժական կոլեկտիվների հետ ու, ընդհանրապես, կրթության ոլորտի հիմնախնդիրներին։
Ինչպես տեղեկացրեց ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության միջնակարգ կրթության վարչության պետ Սոս Արզումանյանը, շրջայցից ստացած տպավորությունները սպասվածից դրական էին։
Վարչության պետի ներկայացրած տվյալներով, Քաշաթաղի շրջանում ներկայումս գործում են 50 հանրակրթական դպրոցներ (ընդհանուր միջնակարգՙ 48, ութամյաՙ 2), ինչպես նաեւ հումանիտար հոսքի մեկ վարժարան։
Դպրոցներում աշխատում են 555 ուսուցիչներ, որոնց կեսն ունի բարձրագույն մասնագիտական կրթություն։ Աշակերտների թիվը շրջանում անցնում է 2100-ից։
Միայն Բերձոր շրջկենտրոնում գործում են 2 միջնակարգ եւ մեկական վարժարանային, գիշերօթիկ եւ արվեստի ու սպորտի դպրոցներ։ Բացի այդ, կան քաղաքային պատկերասրահ, գրադարան եւ մսուր-մանկապարտեզՙ 60 երեխաների ընդգրկմամբ։ Մանկապարտեզում ներկա դրությամբ առկա է սաների 4 խումբ։ Դրանց թիվը ընթացիկ տարում կավելանա եւս երեքով։
Սոս Արզումանյանի խոսքերով, Քաշաթաղում գործում է նաեւ երաժշտական դպրոց 37 աշխատատեղովՙ 113 սաների ընդգրկմամբ։ Դպրոցն ունի նաեւ մասնաճյուղեր շրջանի Իշխանաձոր, Վարդաբաց, Մարաթուկ, Ուռեկան եւ Միջնավան գյուղերում։
Այցի ընթացքում կրթության եւ գիտության նախարարության պաշտոնախումբը շրջկենտրոնի կրթա-մշակութային օջախներից բացի եղավ մերձակա Քարեգա գյուղում, որտեղ հանդիպեց 60 աշակերտ ունեցող դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ։
Բոլոր հանդիպումների ժամանակ, ծանոթանալով քաշաթաղցի մանկավարժների օրախնդիր հարցերին, նախարար Հ. Գրիգորյանը խոստացավ հնարավորինս աջակցել առկա հիմնախնդիրների լուծմանը, նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ կրթության ոլորտի պրոբլեմները ամենուրեք նույնն են եւ դրանց լուծման համար ժամանակ ու մեծ ֆինանսական ներդրումներ են պետք։
Իսկ օրերս ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունը մամուլում հրապարակել է Արցախի պետհամալսարանի եւ ՀՀ պետական բուհերում Արցախին հատկացված տեղերի եւ ԼՂՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2002 թ. ընդունելության մասնագիտությունների ցանկը, պետպատվերի եւ վճարովի ուսուցման տեղերը։
Ըստ նոր ցանկի, վճարովի ուսուցման համակարգում ԱրՊՀ նախորդ տարվա 610 տեղի փոխարեն այս տարի նախատեսվել է 555-ը, իսկ հեռակա ուսուցման 600 տեղի փոխարենՙ 430-ը։ Դա պայմանավորված է նրանով, որ որոշ մասնագիտությունների գծով նախորդ տարիներին խմբերը լրիվ չեն կազմավորվել, ուստի այս տարի տեղերը որոշելիս նախարարությունը ելել է դիմորդների իրական քանակից։
ՀՀ պետական բուհերում Արցախին հատկացված մասնագիտությունների ցանկը այս տարի եւս մնացել է նույնըՙ 30 տեղ։
Կիմ Գաբրիելյան, Ստեփանակերտ