«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2002-03-08 | #45, 2002-03-12 | #46, 2002-03-13


ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ԿՍՏԱՆԱՆՔ ՆՈՐ ՎԱՐԿԵՐ

Երեկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում հայ-գերմանական երկու համաձայնագիր ստորագրվեց։ Առաջինըՙ Գերմանիայի եւ Հայաստանի կառավարությունների 2001¬2002 թթ. ֆինանսական համագործակցության մասին, որը ստորագրեցին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը։ Այն ենթադրում է 35 մլն գերմանական մարկի տրամադրում Հայաստանին, որից 20 մլն մարկը կուղղվի ջրամատակարարման բարելավմանը Հայաստանի հյուսիսային մարզերում, 10 մլն-ըՙ փոքր եւ միջին ձեռնարկատիրության խթանմանը, իսկ 5 մլն-ըՙ հիվանդանոցների տեխնիկական վերազինման ծրագրին։ Վարկը տրամադրված է արտոնյալ պայմաններովՙ 40 տարի մարման ժամկետով, 0,75 տոկոսով 10 տարվա մարման արտոնյալ ժամկետով։

Երկրորդ համաձայնագիրը, Գերմանիայի վարկային հաստատության (KfW) եւ Հայաստանի Կենտրոնական բանկի միջեւ, Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագրին հավելյալ 5,1 մլն եվրո տրամադրելու մասին էր։ Այս համաձայնագիրը ներկայացնելով, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց, որ վարկը պարունակում է նաեւ դրամաշնորհային տարրերՙ տեխնիկական միջոցների ներդրման, աշխատակիցների ուսուցման կազմակերպման ձեւով։ Նա իր շնորհակալությունը հայտնեց Գերմանիայի կառավարությանն ու KfW բանկին։ ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ վարկերը տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվելու են հայկական դրամովՙ տարեկան 18 տոկոսով։ Իսկ բանկերը գումարները ստանում են մրցույթով։ Մինչ այժմ այս ծրագիրը սպասարկել են 4 հայկական բանկերՙ «Գյուղփոխբանկը», «Անելիքը», «Հայէկոնոմբանկը», «Ագրոբանկը»։ Այս ցանկը կարող է նաեւ ընդլայնվել։ Լրագրողներին տեղեկացվեց նաեւ, որ այս ծրագրին ընդհանուր առմամբ տրամադրվում է 24 մլն մարկ (12,2 մլն եվրո), ներառյալ վերջին 5,1 մլն եվրոն։ 2001 թ. վերջի դրությամբ ծրագրից Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրվել է 1500-ից ավելի վարկ։ Համագործակցության հետագա խորացմանը նպաստելու համար գերմանա-հայկական հիմնադրամ ստեղծելու աշխատանքներ են տարվում, որը կտնօրինի այս միջոցների օգտագործումը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4