Վերջին 10 օրերի ընթացքում դրամի փոխարժեքը զգալի անկում ունեցավ։ Եթե փետրվարի վերջին եւ մարտի սկզբին 1 դոլարը փոխանակման կետերում գնվում էր 565 եւ վաճառվում 567 դրամով, ապա երեկ արդեն այդ հարաբերակցությունը դարձել էր 575¬578։ Ազգային արժույթի անկման վերաբերյալ Կենտրոնական բանկի, ի պատասխան մեր հարցման, ուղարկած մեկնաբանության մեջ որպես հիմնական պատճառ նշվում էր ներմուծողների կողմից ամերիկյան դոլարի աճած պահանջարկը։ ԿԲ մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաեւ, որ դրամի հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է մոտ 0,35 տոկոսով, որտեղ էլ «հիմնականում ձեւավորվում է փոխարժեքը»։ Ինչ վերաբերում է փոխանակման կետերում գնման եւ վաճառքի մանրածախ գներին, ապա, ըստ ԿԲ-ի, «արձանագրված տատանումները էական չեն եւ բնականոն են շուկայի համար»։
Երեկ հնարավորություն ունեցանք նաեւ դրամի փոխարժեքի անկման հարցն անմիջապես ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին ուղղելու։ Վերջինս նույնպես բնական եւ ծրագրված համարեց սղաճը, նշելով, որ արժույթի տատանումները պայմանավորված են շուկայական գործընթացներով։ Բացի ներմուծման սեզոնայնությունից, երբ դոլարի պահանջարկն աճում է, ԿԲ նախագահը թվարկեց նաեւ մի շարք այլ գործոններ, որոնք ազդում են դրամի փոխարժեքի տատանումների վրա։ Դրանք են եկամուտների հավաքման մակարդակը, բյուջեի միասնական հաշվեմնացորդը, բյուջեի ծախսերը, արտաքին պարտքի սպառման վիճակը, որոնք ազդում են դրամական զանգվածի վրա։ Սակայն այն, որ պետական կարճաժամկետ պարտատոմսերի տոկոսադրույքները ոչ թե աճել են, այլ նվազել, Տիգրան Սարգսյանի հավաստմամբՙ ապացույց է, որ արտարժույթի տատանումները ժամանակավոր են։
Ա. Մ.