ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Սարգիս Թովմասյանի երեկվա ասուլիսը նվիրված էր գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման խնդրին, որին նվիրված միջազգային սեմինար էր կայացել փետրվարին Մյունխենում։ Դրան Հայաստանից մասնակցել էր նաեւ Սարգիս Թովմասյանը։
Սեմինարում նշվել է, որ հողերի մասնատվածությունը բացասական գործոն է ներդրումների, կայուն տնտեսական եւ սոցիալական զարգացման համար։ Հողերի սեփականատերերը, որպես կանոն, չեն կարողանում մշակել գյուղատնտեսական գործունեության նոր ուղիներ, կիրառել մեքենասարքավորումներ եւ տեխնոլոգիաներ։ Փոքր հողամասերի միավորման նպատակն է դրանք մեկտեղ կենտրոնացնելովՙ ապահովել տնտեսությունները ճանապարհներով ու ենթակառուցվածքներով, ավելացնել պարենի արտադրությունը եւ ի վերջո ապահովել գյուղի բարգավաճումը։ Հողերի միավորումը նպաստում է նաեւ գյուղատնտեսության ոլորտում մրցակցության հաստատմանը, նոր աշխատատեղերի հնարավորություն է ստեղծում, ապահովում հողօգտագործման պլանավորումն ու հողերի կառավարումը։ Սակայն այստեղ հարկ է հաշվի առնել բնապահպանական խնդիրները, քանի որ հողերի միավորումը, ինչպես ցույց է տվել արեւմտյան երկրների փորձը, կարող է բացասական հետեւանքներ ունենալ։ Երբ խնդիրը բացառապես դրվում է արտադրողականության բարձրացման վրա ու հաշվի չեն առնվում էկոլոգիական հետեւանքները, ապա առաջ են գալիս այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են հողի էռոզիան, լանդշաֆտի ավերումը եւ այլն։
Հողերի միավորման համար անհրաժեշտ են օրենսդրական հիմք, կազմակերպչական լուծումներ։ Մասնավորապես, ըստ անշարժ գույքի կադաստրի նախագահի տեղակալի, սեմինարում առաջարկել են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ԱՊՀ երկրներում կարեւորել հողերի միավորման գործոնը, դրա համար մշակել համապատասխան հաստատություններ եւ տեխնիկական գործընթացներ, ապահովել պատշաճ ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն դոնոր կազմակերպությունների օգնությամբ։
Կարծում ենք, որ սակավահող եւ խիտ բնակեցված Հայաստանի համար այս հարցի լուծումը պետք է առավել կարեւորվի։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ