Այլ կերպ, քան գիտական սխրանք, չեմ կարող անվանել Ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի հերթական կոթողային աշխատությունըՙ «Հայաստանի բնակչության վերարտադրությունը եւ տեղաշարժերը 19-20-րդ դարերում, 21-րդ դարի շեմին»։ 480 էջ կազմող այս մեծարժեք ուսումնասիրությունն ընդգրկում է շուրջ երկու դար եւ պարունակում է ամենաբազմազան տեղեկություններ Հայաստանի այսօրվա եւ պատմական տարածքների ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության հարկադիր ու կամավոր տեղաշարժերի, դրանց սոցիալ-տնտեսական ու նաեւ քաղաքական հետեւանքների մասին։ Ապշեցնում են ոչ միայն գիտնականի կողմից վիթխարածավալ նյութի ուսումնասիրության բուն փաստը, այդ մեծ աշխատանքն այդքա՜ն բարեխղճությամբ կատարելու ջանքը, այլեւ «չոր» թվերը «խոսեցնելու», դրանց ետեւում հասարակական կյանքի ամենաբազմազան դրսեւորումները տեսնելու եւ մանավանդՙ կանխատեսումներ անելու կարողությունը։ Ներկայացվող աշխատության մեջ հատկապես կարեւորում եմ այս վերջին հանգմանքը, քանի որ Վլ. Խոջաբեկյանի կանխատեսումները հատկապես 21-րդ դարի 2-րդ, 4-րդ, 6-րդ տասնամյակների ժողովրդագրական փոփոխությունների մասինՙ դեռ երկար կարող են լինել Հայաստանի Հանրապետության ներկա ու գալիք իշխանությունների ուղեցույցը մեր պետության համար անցանկալի զարգացումների հետեւանքները մեղմելու իմաստով։ Հատկանշական է, որ հեղինակը չի սահմանափակվել միայն այդ հետեւանքները մատնանշելով, այլեւ ամենայն խորաթափանցությամբ, տնտեսագիտական լուրջ հիմնավորումներով ուրվագծել է այն միջոցները, որոնց գործադրմամբ կարելի կլինի հասնել մեր ազգային անվտանգությանն ու տնտեսական անկախությանը սպառնացող վտանգների չեզոքացմանը։ Տագնապելով ապագայի համար, հայրենասեր գիտնականը հատկապես զգուշացնում է Թուրքիայի հետ Հայաստանի տնտեսական այնպիսի ինտեգրացման վտանգից, որը «խորքային հետք կթողնի ոչ միայն տնտեսության, այլեւ քաղաքականության, անկախության, անվտանգության ու ազատության վրա»։
Ներկայացվող աշխատության անուրանալի արժանիքն է նաեւ հարուստ, պատկերավոր լեզուն, գիտական նյութը գեղարվեստական մակարդակով հրամցնելու աստվածատուր շնորհքը, որ միշտ եղել է Վլադիմիր Խոջաբեկյանի ոճական բարեբաստիկ առանձնահատկությունը։ Ներկա ու գալիք սերունդները ակադեմիկոս Խոբաջեկյանին երախտապարտ լինելու շատ պատճառներ ունեն։ Այս աշխատությունը դրանից մեկն է։
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ