«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2002-03-14 | #48, 2002-03-15 | #49, 2002-03-16


ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀԵՏԸՆԹԱՑԸ ՓԱՍՏ Է

Մեր թերթի մարտի 12-ի համարի «Հարկահավաքումն իրականում հետընթաց է ապրում» հրապարակման կապակցությամբ պարզաբանումներ է ներկայացրել պետական եկամուտների նախարարությունը։

Պարզաբանման մեջ վերստին փաստվում է, որ 2002 թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 600 մլն դրամ ավելի հարկեր են հավաքվել։ Այնուհետեւ հիշատակվում է նույն ամիսներին 1,1 մլրդ դրամ նախորդ տարվա 300 մլն դրամի համեմատ գերավճարների վերադարձման փաստը, որն ընդգրկված չէ հարկային եկամուտների կատարողականի մեջ։ Նախարարությունը սկզբունքորեն սխալ է համարել այս տարվա բյուջեում նախատեսված հավելյալ 21 մլրդ դրամ մուտքերի բաշխումն ըստ ամիսների, նշելով, որ հարկային բարեփոխումներով դրույքաչափերի բարձրացում չի նախատեսվում եւ աճը պետք է ապահովվի վարչարարության խստացման ու ստվերային շրջանառության բացահայտման հաշվին։ Ելնելով դրանից, պետեկամուտների նախարարությունը հունվար-փետրվար ամիսներին հարկերի հավաքման աճ ակնկալելը «փոքր-ինչ վաղ, եթե ոչ անտեղի» է համարում։

Ինչ վերաբերում է պետեկամուտների նախարարի դեկտեմբերի 4-ին մեր թերթում հիշատակած խոստմանըՙ մի քանի օրից անպարտաճանաչ հարկատուների անունները հրապարակելու եւ խոստումը չկատարելու մասին, ապա պարզաբանման մեջ նշվում է, որ դեկտեմբերի 14-ին ընդունված հարկային փոփոխությունների փաթեթում ընդունվել է նաեւ նշված հարկատուների ցանկի հրապարակման ընթացակարգը։ Համաձայն վերջինիս, դա պետք է կատարվի մինչ յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը։

Այդուհանդերձ, անդրադառնալով նախարարության պարզաբանմանը, շարունակում ենք մնալ այն համոզմանը, որ 600 մլն դրամի մուտքերի աճը հունվար-փետրվարին ոչ միայն ծիծաղելի է աճ համարել, այլ իրականում հետընթաց է։ Բացի նախորդ հրապարակման մեջ հիշատակված հարկային եկամուտների աճ ենթադրող, բայց չբերած այնպիսի գործոններից, ինչպիսիք են 9,6 տոկոս տնտեսական աճը եւ հարկային փարեփոխումների փաթեթը, բերենք հետընթացի եւս մեկ ապացույց։ Ընդ որում, զերծ մնալով 21 մլրդ դրամն ըստ ամիսներիՙ համամասնորեն բաժանելուց։ Դիտարկենք եռամսյակային կտրվածքը։ Այս տարվա առաջին եռամսյակում ՊԵՆ կողմից պետք է հավաքվի 21,5 մլրդ դրամ, մինչդեռ հունվար-փետրվարին հավաքվել է 11 մլրդ դրամ (համապատասխանաբար 5,1 մլրդ եւ 5,9 մլրդ դրամ)։ Այսինքնՙ մարտ ամսին պետք է հավաքվի 10,5 մլրդ դրամՙ գրեթե այնքան, որքան նախորդ երկու ամիսներին միասին։ Ակնհայտ է, որ հունվար-փետրվարին հարկերի հավաքումը հետընթաց է ապրել եւ մարտ ամսին խիստ դժվար, եթե չասենքՙ անհնար կլինի իրավիճակը շտկել։ Իսկ այն, որ շուրջ 800 մլն դրամով ավելի գերավճար է վերադարձվել, ըստ էության եղանակ չի ստեղծում ընդհանուր թերահավաքման պատկերում։ Հարկ ենք համարում նշել նաեւ, որ բյուջեի մուտքերի մեջ հաշվանցումների հաշվին կանխիկ գումարի նվազման մեր հիշատակած փաստը նախարարությունը չի հերքել։

Ինչ վերաբերում է անպարտաճանաչ հարկատուների ցանկի հրապարակմանը մինչեւ տվյալ տարվա հուլիսի 1-ը, ապա նշենք, որ խոսքը նախարարի 2001 թ. դեկտեմբերի 4-ի «մոտ օրերս հրապարակելու» խոստման մասին է։ Եթե նախարարը տեղյակ էր ընդունվելիք որոշման մասին, ապա նման խոստում կարող էր չտալ։ Առավել եւս, որ ոչ ոք նրան չէր պարտադրում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4