Զրույց քանդակագործ Տիգրան Արզումանյանի հետ
2001 թ. մեզ համար նշանավորվեց նաեւ հայոց մշակութային կյանքում մեծագույն ներդրում կատարած եւ հայ հոգեւոր-մշակութային կյանքը դրսում պահպանած եւ զարգացրած Մխիթարյան միաբանության 300-ամյակով, որ, ցավոք, Հայաստանում չնշվեց ըստ արժանվույն, եւ որին «Ազգ» օրաթերթն անդրադարձել է ժամանակին Մխիթարյան միաբանության Ծ. վրդ. հայր Հարություն Պզտիկյանի հետ ունեցած հարցազրույցներից մեկում։ Նրանից էլ տեղեկացանք, որ Երեւանի կենտրոնումՙ Թումանյան եւ Փարպեցի փողոցների խաչաձեւման տեղում, տեղադրվելու էր Մխիթարյան միաբանության հիմնադրիՙ Մխիթար Սեբաստացու բրոնզաձույլ արձանը։ Ըստ պայմանավորվածության, քանդակը տեղադրվելու էր անցած տարվա օգոստոսին, բայց տարբեր պատճառներով այն հետաձգվեց եւ ժամկետը երկարաձգվեց մինչեւ նոյեմբեր։ Սակայն 3¬4 ամիս անցել է արդեն, հրապարակն անբարեկարգ է դեռեւս, իսկ արձանի տեղըՙ թափուր, մինչդեռ Վենետիկի փողոցներից մեկը վաղուց անվանակոչվել է Սեբաստացու անունով։
Մ. Սեբաստացու անավարտ քանդակի եւ դրա տեղադրման աշխատանքների ձգձգման մասին է մեր զրույցը քանդակագործ Տիգրան Արզումանյանի հետ, որը Երեւանում հեղինակել է բազմաթիվ հետաքրքրական աշխատանքներ, ինչպես նախկինՙ խորհրդային տարիներին (առավել ուշագրավը Դվին հյուրանոցի մոտ տեղադրված «Լեռնային պար» քանդակի կոմպոզիցիան է, առաջին քանդակներից մեկը, ուր նկատելի է ժամանակներին անհարիր ազատության շունչըՙ ընդվզումի, ըմբոստության ակնհայտությամբ), այնպես էլՙ այժմ։ 88-ին եւ դրան հաջորդածՙ մշակույթի (եւ ոչ միայն) անկման կասկածելի լռության տարիներին հատկապես քանդակագործությունը ընկավ մոռացության մեջ։ Դժվար ժամանակներ էին, պատվերներ չկային, ֆինանսներՙ նույնպես։ Արձաններ էին խորտակվում համոզմունքների հետ, ջարդվում, հանվում, ներկոտվում, իսկ հաճախ էլՙ անտեղի, չպատճառաբանվածՙ տեղի տալով ժամանակի քաղաքական-գաղափարական մակընթացություններին։
1995 թ. նկատելի աշխուժություն առաջացավ։ Տիգրան Արզումանյանի 95-ից հետո արված, բազմաթիվ աշխատանքներ այժմ տեղադրված են Հայաստանում, Արցախում, արտերկրում։ Երեւանում վերջին տարիներին Տիգրան Արզումանյանի հեղինակությամբ տեղադրվել են Վիլյամ Սարոյանի (գրողի անվ. դպրոցի բակումՙ Աջափնյակում), Ա. Սախարովի, Պողոս Նուբար փաշայի քանդակները։
Իսկ առայժմ Մխիթար Սեբաստացու 3 մետրանոց գիպսե քանդակի աշխատանքներն անավարտ են։
¬ Քանդակագործությունը սեղմ միջոցների արվեստ է, երեւակայության առումով, անշուշտ։ Սա ծավալային արվեստ է, պետք է կարողանաս գաղափարդ արտահայտել տարածքների մեջՙ ծավալների համադրություններով։ Էությամբ ես ճարտարապետական զգացողություններ ունեմ, սիրում եմ մոնումենտալ քանդակներ անել, մեծ ծավալներն ավելի եմ զգում, փոքրերի մեջ էլ մոնումենտալ եմ մտածում։
... Շատ բան չգիտեի Մխիթար Սեբաստացու մասին։ Պատվեր ստանալուց հետո ուսումնասիրեցի նրան, բավականին խիզախ, հանդուգն կերպար է։ Կրոնավոր լինելուց բացի դիվանագիտական ճկուն միտք ունեցող այր էր, որ կարողացավ խելացիորեն Հռոմի հետ ստեղծված կապերն օգտագործել օտար հողում հայ մշակույթը պահպանելու եւ ծաղկեցնելու համար։ Այդ ամայի տարածությունը (Սբ. Ղազարը) աղբանոցից վերածեց ծաղկուն մշակութային վայրի։ Ինքը նվիրումով մեծ գործ է կատարել, եւ այս ամենը կերպար է ձեւավորումՙ ըմբոստ, ստեղծագործ հոգեւորականի կերպար։ Նրա ներքին ուժն ավելի մեծ է, քան արտաքին շարժը։ Դեռ 2 տարի առաջ շատ էսքիզներ եմ արել։ Այժմ աշխատում եմ գիպսե քանդակի վրա եւ ցանկությունս մեկն է, որ դա անեմ քարի վրա, չնայած պատվերով բրոնզե քանդակ է լինելու։ Ավարտելուց հետո է միայն երեւում, թե որ նյութն է ավելի հարազատ։ Իմ կարծիքով, մեր ժողովրդին ավելի հարազատ է քարի քանդակագործությունը, ինքս ընդհանրապես մետաղի կոմպոզիցիաներ եմ անում, մետաղը օդային, տարածական մտածելակերպ է հաղորդում, բայց այս քանդակն ինձ քար է պարտադրում, բացի այդ էլ, քարի վրա մինչեւ վերջին պահն էլ ստեղծագործական պրոցեսը շարունակվում է։
¬ Այնուհանդերձ, աշխատանքները դանդաղում են, ժամկետներն ուշանում են։
¬ Անցյալ տարվա ամառվանից սպասում եմ, որ ֆինանսական բավարար միջոցներ կլինեն աշխատանքները սկսելու։
¬ Բայց որքան տեղյակ եմ, պայմանավորվածության համաձայն նախնական գումարը տրված է, իսկ մնացածը, ըստ պայմանագրի (16. ապրիլ. 2001 թ. հիմքՙ Երեւանի խորհրդի որոշում առ 23.01.2000 թ. հ. 27/2) պատվիրատուն պետք է վճարի արձանը տեղադրելուց հետո միայն։
¬ Նախնական գումարն ինձ ամբողջությամբ չի տրվել։ Եվ ընդհանրապես քանդակի համար պայմանագիր պետք էր կնքել մի քանի փուլերով։ Քանդակագործությունը ծախսալից է. այն փուլերում, ուր նյութեր հայթայթելու խնդիրներ կան, գումարներ են պահանջվում։ Կանխավճար տաովՙ քանդակը չի կարող ավարտվել, չէ՞ որ այս աշխատանքներին շատ մարդիկ են մասնակցումՙ ձուլողներՙ գիպսը վերարտադրելու համար, քարտաշներՙ քարի, բրոնզ ձուլողներՙ բրոնզի դեպքերում եւ այլն։
Հավատս մի փոքր կորցրել եմ, իհարկեՙ ոչ պատվիրատուի պատճառով (հայր Հարություն Պզտիկյանն իր պարտավորությունները, ըստ պայմանագրի, կատարել է)։ Մեր գործընկեր ճարտարապետըՙ Լեւոն Վարդանյանը, որի հետ կնքվել է պայմանագիրը, ինձ տրամադրել է գումարի մի փոքր մասը միայն, որը բավարար չէ աշխատանքները շարունակելու համար։
¬ Իսկ քաղաքը զրկվում է մի լավ հրապարակ ունենալու գեղեցիկ հնարավորությունից։
¬ Այդպես չի մնա, գործը կարվի անշուշտ, բայց ուշացումով։ Հայր Պզտիկյանը քանդակը տեսնելուց հետո, ցանկություն հայտնեցՙ ավելի նմանեցնելու այն ՍԵբաստացու հայտնի դիմանկարին, բայց ես այդ կերպարը պատկերացնում եմ ավելի կենսունակ, մարտնչող, երիտասարդ։ Հոգեւորականի ավելի ընդհանրական կերպար է մտահղանում մեջս, գլխիՙ դեպի վեր պահվածքով, ձեռքի շարժումը գրքի միջոցով մարմնավորելու է նաեւ Վենետիկի մշակույթը Հայաստան բերողի, հոգեւոր մարդու կերպարը։
Մխիթար ՍԵբաստացու անվ. հրապարակը մշակութային գողտրիկ վայր կլինի Երեւանի կենտրոնումՙ իտալական ոճով կառուցված։ «Ռենկո» ֆիրմայի հետ նոր պայմանավորվածություն կա հրապարակի վերանորոգչական աշխատանքները կատարելու, հատակը կարգավորելու եւ գրանիտե պատվանդանը կառուցելու։ Հույս ունեմ, որ պատվիրատունՙ հանձին Մխիթարյան միաբանության հարգելի ներկայացուցչի, պայմանագրային հարցերը կճշտի եւ հնարավորություն կստեղծի շարունակելու հետագա աշխատանքները։
Մենքՙ քանդակագործներս, հաճախ ենք գումարային, ժամանակային առումով զիջումների գնում, գիտակցելով, որ գործ պիտի դրվի, երեւի պարտք ունենք տալու քաղաքին, ուզում ենք մեր հետքերը թողնել։ Բայց բոլորիս մոտ մի ցավ կա, ամենքս ձգտում ունենք քաղաքի կենտրոնական մասը «լցնելու», մինչդեռ քաղաքը մեծ տարածք ունի, նրա ամեն հատված բարեկարգման եւ վերաբերմունքի կարիք ունի։ Իսկ հուշարձաններն իրենց շուրջը պահանջում են բարեկարգում եւ մշակութային միջավայր են ստեղծում։ Այս առումով ուրախալի է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքը բարեկարգվում է։
Կուզենայի խոսել ինձ մտահոգող մի խնդրի մասին եւս։ Քանդակներն այսօր քաղաքի կենտրոնական մասերում անգամ, անպաշտպան են եւ հաճախ ենթարկվում են բարբարոսության, պատվանդանի քարերն են հանում-տանում, բրոնզե արձանի մասերն են կտրատում, ներկոտում են, գրոտում։ Անտարբերություն է նրանց շուրջը, անբարեկարգ վիճակՙ շատ դեպքերում։ Գիշերային ժամերին, լավ կլիներ, նրանց շուրջը լուսավորվածություն լիներ, գոնե մի լամպ կախվեր շրջակայքում...
Այս պարագայում, ցավոք, ասես հաստատվում են ավստրիացի գրող Ռ. Մուզիլի խոսքերը նշանավոր մարդկանց հուշարձանների մասին. «Եվ որովհետեւ... նրանց այլեւս երբեք չես կարող վնասել, կարծես մնում է... միայն խորտակել նրանցՙ վզից մի հուշաքար կախելով եւ ուղիղ մոռացության ծովը գցելով»։
Բայց մենք հուսով ենք, որ կվերանա այս անտարբերությունը, կգան հոգեւոր արժեքների նկատմամբ գնահատանքի ժամանակները, եւ մենք արժանին կմատուցենք մեր պատմության մեջ հիրավի հետք թողնողներին եւ մեզ համար ճակատագիր կերտողներին...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ