Մարտի 18-ին եւ 19-ին աշխատանքային այցով Լոռու մարզ էր ժամանել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդուեյը։ Այցելության նպատակն էր ծանոթանալ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորած տարբեր կազմակերպությունների միջոցով իրականացվող ծրագրերի ընթացքին։ Դեսպանին ուղեկցում էին USAID-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։
Այցելությունն սկսվեց Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան գյուղի կաթի ընդունման կետից։ Դեսպանը եղավ Տաշիրի «Դուստր Մելանյա» պանրի գործարանում եւ թիվ 4 դպրոցում։ Հաջորդ նպատակակետը Ջրաշեն համայնքն էր։ Հանդիպում եղավ նաեւ Սպիտակի քաղաքապետարանում։ Մարզկենտրոնում նրանց ընդունեց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը եւ ծանոթացրեց մարզպետարանում գտնվող IATP ինտերնետային կենտրոնի աշխատանքներին։
Օրվա վերջում հյուրերն այցելեցին Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի Վանաձորի գրասենյակ, ապա «Վանաձոր-Ինտերկապ» հեռուստառադիոընկերություն, ուր ծանոթացան ամերիկյան տարբեր հիմնադրամների հատկացրած դրամաշնորհներով իրականացվող ծրագրերի արդյունավետությանն ու ընթացքին։
Մարտի 19-ին հյուրերն այցելեցին Վանաձորի թիվ 4 համաբուժարան, ծանոթացան գինեկոլոգիական, թերապեւտիկ եւ մանկական բաժանմունքներին, քննարկեցին ընտանեկան բժշկության ներդրման հարցեր։ Ապա խումբն այցելեց թիվ 1 համաբուժարան, ներկա գտնվեց ՀՀ սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանի, Լոռու մարզպետի եւ սոցիալական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող խորհրդակցությանը։ Դեսպանը եւ նրան ուղեկցողները մասնակցեցին USAID-ի պայմանագրային աշխատողների հատկացրած միջոցներով ստեղծված Վանաձորի մանկատան գրադարանի բացմանը։ Ապա եղան «Առաքելություն Հայաստան» եւ UMCOR կազմակերպություններիՙ USAID-ի միջոցներով ստեղծված բարեգործական ճաշարանում, այցելեցին տարածքային հարկային տեսչություն, ինչպես նաեւ Մարգահովիտ եւ Ֆիոլետովո գյուղեր, ծանոթացան «Սնունդՙ ուսուցման դիմաց» ծրագրի ընթացքին։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ