Մոսկվայի հայերը դժգոհ էին, որ նախագահ Պուտինի մերձավոր շրջապատում հայրենակիցներ չկան։ Մինչդեռ պարզվում է, որ կա, ավելի ճիշտՙ կար։ Պարզապես մենք չգիտեինք։
Մոսկվացի աչքի ընկնող բիզնեսմեններից մեկը, դիմելով միլիցիա, պատմում է, որ իր գրասենյակ է այցելել Ռուսաստանի նախագահի օգնականներից մեկը եւ ներկայացնելով նախագահին առընթեր քաղաքական խորհրդակցական խորհրդի անդամի վկայական, առաջարկել է 10 հազար դոլարի դիմաց հաջողացնել ապարատի կամ միլիցիայի ավտոհամարանիշներ։ Իսկ եթե հաճախորդը ժլատություն չանի եւ տրամադրի 50 հազար դոլար, ապա նրան կարելի է դարձնել... ֆինանսների կամ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
Չնայած առաջարկության գրավչությանը, բիզնեսմենն, այնուամենայնիվ, որոշել էր համոզվել անձի պաշտոնի «վավերականության» մեջ։ Նա չէր էլ ենթադրում, որ օգնականը նույն առաջարկություններով հասցրել էր դիմել մայրաքաղաքի գրեթե բոլոր խոշոր բիզնեսմեններին։ Ընդ որում, նրանցից մի քանիսն առաջարկն ընդունել էին եւ նույնիսկ բավարարել բարձրագույն իշխանության ներկայացուցչի պահանջները։ Բանն այն է, որ վերջինս վկայակոչում էր իրեն ծանոթ բազում բարձրաստիճան անձանց։
Ելնելով հարցի «նրբությունից», օպերատիվ աշխատողները որոշում են գործել նույնքան նրբանկատորեն։ Դրածո բիզնեսմենի միջոցով փորձում են ձեռք բերել միլիցիայի ավտոհամարանիշներ։ Որքան մեծ էր կարգի պահապանների զարմանքը, երբ ի դեմս նախագահի օգնականիՙ նրանք ճանաչում են իրենց երբեմնի կադրինՙ հայտնի «քցող»... Ալեքսանդր Շախունյանին։ Ժամանակին նա շատերից էր փող վերցրել ու ծլկել։ Բայց թերեւս ամենահատկանշականն այն էր, որ նախագահի «օգնականը»... պրոֆեսիոնալ գործազուրկ էր։
Տարաբախտ Շախունյանի դեմ քրեական գործ է հարուցվել եւ նա որպես խարդախ, անշուշտ, կհայտնվի բանտում։ Բայց սա նշանակում է, որ Մոսկվայի հայերը նորեն անտեր մնացին, թեեւ ցավելու հարկ չկա։ Ի դեպ, հակակովկասյան հրապարակումներից մեկում հոդվածագիրը հատուկ նշել էր, որ հայերը որպես հին ազգ, ի տարբերություն ադրբեջանցիների, իրենց մեքենայություններում շատ ավելի հնարամիտ են։ Շախունյանն ըստ երեւույթին դառնում է այդ հաճոյախոսության կենդանի վկայությունը։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա