«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2002-03-19 | #51, 2002-03-20 | #52, 2002-03-21


ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՁԳՈՒՄ Է ԻՐԱՔՅԱՆ ՆԱՎԹԸ

Չեյնիի մերձավորարեւելյան այցն ավարտվեց

ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին երեկ Անկարայում ավարտեց իր մերձավորարեւելյան շրջագայությունը եւ մեկնեց հայրենիք։ Թուրք ղեկավարների հետ նա մասնավորապես քննարկում էր ծրագրվող հակաիրաքյան պատերազմին Թուրքիայի մասնակցության հնարավորության հարցը։ Հակաամերիկյան ցույցերի կանխման նպատակով Անկարայում մոտ հազար ոստիկան էր կենտրոնացված։ Ութ տասնյակ «կասկածելիներ» կալանքի տակ առնվեցին։

Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Ինջիռլիքի ռազմակայանից ներկայումս պարբերաբար թռիչքներ են կատարում ամերիկյան եւ բրիտանական ռազմօդանավերՙ հսկելով Իրաքի հյուսիսում ստեղծված «թռիչքազերծ գոտին»։ Անցյալ շաբաթավերջին Բարսելոնում Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթը հայտարարել էր, թե «Իրաքի ձեռքերը կապված են, ուստի նրա դեմ ռազմական գործողության ձեռնարկումն անհրաժեշտություն չէ»։ Նույն տեսակետն արտահայտվեց նաեւ Չեյնիի հետ բանակցությունների ժամանակ։ «Ֆիգարո» թերթը գրում է, որ Թուրքիայի սահմանի մոտ ամերիկա-իրաքյան նոր հակամարտության ծավալումը կարող է փլուզել Թուրքիայի առանց այդ էլ խախուտ տնտեսությունը։

Սակայն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի համառությունը թուրքական բանակի որոշ պաշտոնյաների դրդում է սակարկության առարկա դարձնել հակաիրաքյան պատերազմին Թուրքիայի մասնակցության հարցը։ Բանակի գլխավոր շտաբի աղբյուրներից մեկը պարզաբանում է, որ ամերիկացիներին «ոչ» ասելու փոխարեն հարկավոր է օգուտ քաղել մասնակցությունից, վերարծարծելով անցյալ դարասկզբին ստորագրված որոշ փաստաթղթեր։ Խոսքը 1926 թ. քեմալական Թուրքիայի եւ Իրաքի խնամակալ Անգլիայի ստորագրած համաձայնագրերի մասին է, որոնցով նախատեսվում էր 25 տարով Թուրքիային զիջել Կիրկուկի եւ Մոսուլի (Հյուսիսային Իրաք) նավթահանքերից ստացվող շահույթի 10 տոկոսը։ Թուրք զինվորականները գտնում են, որ Սադդամ Հուսեյնի տապալումից հետո «Թուրքիան պետք է կարողանա մասնակցել իրաքյան տարածքի վերաձեւմանը» եւ որ Իրաքի հյուսիսում անկախ Քրդստանի ստեղծումը կլիներ «պատերազմի պատրվակ»։

Հյուսիսային Իրաքում քրդերը 1991 թվականից փաստորեն ինքնավարություն ունեն բրիտանա-ամերիկյան օդուժի պաշտպանությամբ եւ ՄԱԿ-ից շահաբաժին են ստանում իրաքյան նավթի արտահանումներից։ 1997 թվականից թուրքական բանակը ներկա է այդ տարածքում եւ լրագրողներին թույլ չի տալիս մտնել այնտեղ։ Վերոհիշյալ թուրքական աղբյուրը հայտնում է, որ Թուրքիան Իրաքի հյուսիսում բազմաթիվ թուրքախոսների է բնակեցնում քրդական պետության կազմավորումը խոչընդոտելու նպատակով։

Ինչ վերաբերում է Թուրքիայի նավթային հավակնությունների վերածնմանը, մտահղացումն իրականում ԱՄՆ-ինն է։ Անցյալ նոյեմբերին Ռիչարդ Նիքսոնի նախկին խորհրդական Ուիլյամ Սաֆայրը «Նյու Յորք թայմսում» առաջարկել էր, որ Թուրքիայի ծառայությունների դիմաց նրան թույլատրվի տիրանալ Իրաքի հյուսիսային նավթահանքերին։ Հեռահար նպատակն այն էր, որ օրական 2 մլն բարել նավթ արդյունահանող Թուրքիային գրկաբաց կընդունեին Եվրամիություն։ Մի քանի շաբաթ անց ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջեյմս Վուլսին առաջարկեց Անկարայի հետ պատերազմ սկսել Իրաքի դեմ եւ ապա Իրաքի հյուսիսում Թուրքիային կարգել կայունության երաշխավոր, տալով նավթարդյունահանման իրավունք։

Սադդամ Հուսեյնի վարչակազմն ըստ երեւույթին պատրաստ է սակարկության թեմա դարձնել իրաքյան նավթը։ Իրաքի քրդական մամուլի տվյալներով, հունվարին կայացած թուրք-իրաքյան բանակցություններում Բաղդադն Անկարային է առաջարկել իր նավթի մի մասըՙ ԱՄՆ-ի հետ հակամարտության ծագման դեպքում Թուրքիայի չեզոքության երաշխիքների դիմաց։

Անկարայի համալսարանի մերձավորարեւելյան հարցերի մասնագետ Հասան Քյոնիի կարծիքով, Հյուսիսային Իրաքի նավթին տիրանալու դեպքում Թուրքիան «զգալի առավելություն կստանար ինչպես արաբական, այնպես էլ եվրոպական երկրների համեմատությամբ։ Միայն թե 1926 թ. համաձայնագրերն անցյալին են պատկանում»։

Պ. ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4