«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2002-03-20 | #52, 2002-03-21 | #53, 2002-03-22


ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ Է

Դրան հասնելու համար իտալացիները պայքարելու են

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանում 2004 թ.-ի օգոստոսին շուրջօրյա ջրամատակարարման ապահովման հարցն էր երեկվա մամուլի ասուլիսի գլխավոր թեման, որը հրավիրել էին ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Գագիկ Մարտիրոսյանը եւ Երեւանում գտնվող իտալական ԱՉԷԱ¬Էյ Յութիլիթի ընկերության նախագահ Անդրեա Մանգանոն։

Առաջինը ելույթ ունենալով, Գագիկ Մարտիրոսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է վերոնշյալ նպատակին հասնելու համար։ Հայկական կողմը կկատարի իր պարտավորություններըՙ կկարգավորի օրենսդրական դաշտը, կօգնի ջրաչափերի տեղադրմանը եւ այլն։ Նշված ժամկետում շուրջօրյա ջրամատակարարման ապահովման խնդրի լուծումը, ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի համոզմամբ, իրատեսական է։ Քննարկվել է համալիր ծրագիրըՙ ֆինանսական, տեխնիկական, մասնագիտական բաղկացուցիչներով։ Սակայն կարող է իրականանալ միայն միասնաբարՙ համայնքների, քաղաքապետարանի եւ բնակչության ջանքերով։

«Այնպես չի լինի, որ 2004 թ.-ի օգոստոսը միանգամից գա», ասաց Գագիկ Մարտիրոսյանն, ավելացնելով, որ արդեն ապրիլի առաջին օրերին կհայտարարվեն այն շենքերը, որոնք նույն ամսին կստանան 24-ժամյա ջրամատակարարում։ Նույնը կլինի նաեւ մյուս ամիսներին։ Նախ եւ առաջ դա հնարավոր կլինի 2 գլխավոր պայմանների առկայությանՙ բնակիչների ցանկության եւ տեխնիկական հնարավորության դեպքում։

Գագիկ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Անդրեա Մանգանոյինՙ ընդառաջելու համար շուրջօրյա ջրամատակարարման անցնելու հարցի լուծմանը։ Կառավարման 4-ամյա պայմանագրով նման պարտավորություն իտալական ընկերությունը չուներ, սակայն իտալացիները, ԱՉԷԱ-ի նախագահի հավաստմամբ, քննարկել եւ համաձայնել են «պայքարել եւ հաղթել 24-ժամյա ջրամատակարարման համար ճակատամարտում»։ Անդրեա Մանգանոն տեղեկացրեց, որ որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ «Էյ Յութիլիթիի» համար։

Այսուհետեւ ե՛ւ տեղացի, ե՛ւ արտասահմանցի աշխատակիցները համարվելու են ոչ թե «Էյ Յութիլիթի», այլՙ «Երեւանի ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ընկերության աշխատակիցներ, ընկերության տեղամասերին կտրվեն ավելի մեծ արտոնություններ։ Դրա շնորհիվ յուրաքանչյուր տեղամաս պատասխանատու կլինի իր հաջողությունների եւ անհաջողությունների համար։ ԵՋԿ-ն սկսել է նաեւ համատիրությունների հետ պայմանագրերի կնքման եւ շենքերի մուտքագծերին ջրաչափերի տեղադրման գործընթացը։ 6000 ջրաչափերի համար մրցույթ է հայտարարված, եւ մայիսին առաջին 2000-ը կստացվի։

Այն հարցին, թե ի՞նչ է արվելու ամռանն ապօրինի ջրամիացումները չթույլատրելու համար, Գագիկ Մարտիրոսյանը պատասխանեց, որ օգտագործվելու են օրենքի ընձեռած բոլոր հնարավորությունները։ Ներկայումս Երեւան մտնող ջրագծերից Կոտայքի եւ Արարատի մարզերի 39 գյուղերի բնակիչներն օգտագործում են իրենց «պահանջմունքների հարյուրապատիկը եւ վճարում ընդամենը 1 տոկոսը»։ Դա ջրային տնտեսության պետն անթույլատրելի համարեց եւ հայտարարեց, որ ջրագողության դեպքում կզրկվեն բոլոր 39 գյուղերը։

1998 թ.-ից առ այսօր կուտակված 21 մլրդ դրամ կազմող պարտքերի վերաբերյալ Գագիկ Մարտիրոսյանը նշեց, որ վերակնքվելու են պայմանագրերը, որտեղ կարձանագրվեն այն պարտքերը, որոնք իսկապես գոյություն են ունեցել։ Եթե տվյալ թաղամասն այդ պահին ջուր չի ստացել, ապա այդ պարտքը չի արձանագրվի։

Ոռոգման ջրի մեծածախ սակագնի բարձրացման հարցի առնչությամբ ջրային տնտեսության կոմիտեի պետը նշեց, որ նախագահը հետ է վերադարձրել այն 4 դրամ 93 լումա դարձնելու առաջարկը։ Լրացուցիչ քննարկմամբ որոշվել է ոռոգման ջրի սակագինը 2002 թ.-ին եւս թողնել նույնըՙ 4 դրամ 20 լումա։ Գագիկ Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ այս տարի ավելի լավ ենք պատրաստված ոռոգման սեզոնին, եւ այս պահի դրությամբ, օրինակ, ջրամբարներում 70 մլն խմ ավելի ջուր է կուտակված նախորդ տարվա նույն պահի համեմատությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4