Հայտնեց KPMG-Արմենիայի գործադիր տնօրենը
KPMG (Քեյ-Փի-Էմ-Ջի) միջազգային ֆինանսական ընկերության Հայաստանում գործելու 5-ամյակին էր նվիրված KPMG-Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Ալեն Քուչուկյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսը։
KPMG-ն աշխարհի 4 ամենամեծ միջազգային ֆինանսական խորհրդատվական ընկերություններից մեկն է, գրասենյակներ ունի 160 երկրներում, աշխատակիցների թիվը գերազանցում է 100 հազարը։
ԱՊՀ երկրներից ընկերությունը գործում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Մոլդովայում։ Հայաստանում KPMG-ն գործում է 1997 թ.-ի մարտից։ Ինչպես տեղեկացրեց Ալեն Քուչուկյանը, Հայաստանի գրասենյակում աշխատում է 40 մարդ, որոնցից 32-ը հիմնական մասնագետներ են։ Նրանցից 3-ն ունեն Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորում եւ Միացյալ Թագավորության որակավորված հաշվապահներ են։ Հայաստանում հիմնադրվելու պահին այստեղ ներդրվել է 100 հազար դոլար։ Այդքան է նաեւ աշխատակիցների վերապատրաստման համար նախատեսված տարեկան բյուջեն։ Իսկ այս տարիների ընթացքում Հայաստանում ընկերության ներդրած գումարները հասնում են 1 մլն դոլարի։
KPMG-Արմենիայի գործադիր տնօրենը նշեց, որ իրենց հաճախորդներն են Հայաստանի խոշորագույն տնտեսվարող սուբյեկտները (Երեւանի կոնյակի գործարան, «Արմենիա» հյուրանոց, «Կոկա-կոլա», «Մանես եւ Վալեքս», «Մեթալ փրինս», HSBC բանկ եւ այլն), սակայն խորհրդատվական ծառայություն ստանալու համար լինում են նաեւ մանր ձեռնարկատերերի դիմումներ։ Այն հարցին, թե ինչպիսի՞ փոփոխություններ են կրել ընկերության մատուցած ծառայությունների գները, Ալեն Քուչուկյանը պատասխանեց, որ 1999 թ.-ից դրանք էժանացել են։ Երբ տեղական աշխատակիցներն անցան համապատասխան վերաորակավորում եւ փոխարինեցին անգլիացի մասնագետներին, նման հնարավորություն ստեղծվեց։ KPMG-Արմենիան շատ հաճախ շահում է մրցույթները, քանի որ տեղական աուդիտորներից ավելի ցածր գներ է առաջարկում։ Սակայն գների հետագա իջեցում չի նախատեսվում, քանի որ դա արդեն դառնում է ոչ շահութաբեր գործունեություն։
Ասուլիսի ժամանակ ընկերության գործադիր տնօրենին տրված ամենահրատապ հարցն առնչվում էր KPMG-Արմենիայիՙ «Արմենտելում» կատարած ստուգումներին։ Այս կապակցությամբ Ալեն Քուչուկյանը հայտնեց, որ անցյալ տարվա ամռանն «Արմենտելի» խնդրանքով իր գլխավորած ընկերությունն անցկացրեց այսպես կոչված հատուկ ընթացակարգային ստուգում։ Ընդգծվեց, որ դա աուդիտ չէր, քանզի «Արմենտելի» աուդիտորը «Արթուր Անդերսենն» էր։ Ստուգումից պարզվել է, որ 3 տարիների ընթացքում, համաձայն «Արմենտելի» ներկայացրած փաստաթղթերի, 115¬116 մլն դոլար է ներդրվել։ Այն հարցին, թե ի՞նչ կարծիքի է KPMG-Արմենիան ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների մասին, գործադիր տնօրենը պատասխանեց, որ իրենք տեղյակ չեն դրանց արդյունքներին։
Երեկ տեղեկացվեց նաեւ, որ Ամերիկայից դուրս համագործակցության կամ միանալու շուրջ KPMG-ն բանակցում է «Արթուր Անդերսենի» հետ, որպեսզի վերջինիս եւրոպայի եւ Ծայրագույն Արեւելքի հաճախորդները չմնան առանց սպասարկման։
Ալեն Քուչուկյանը երեկ իր տեսակետները ներկայացրեց նաեւ Հայաստանի տնտեսական կացության եւ մասնավորապես բանկային համակարգի վերաբերյալ։ Ըստ նրա, վերջին 5 տարիներին Հայաստանում «փոքր աճ ունենք», շատ ոլորտներ բարելավվել են, բայց կան նաեւ բարելավման կարիք ունեցող բնագավառներ։ Որպես օրինակ բերվեց հարկային դաշտը, որտեղ հստակեցման անհրաժեշտություն կա։ KPMG-Արմենիայի տնօրենը հույս հայտնեց, որ այժմ մշակվող միասնական հարկային օրենսգիրքն այս խնդիրները կլուծի։ Ինչ վերաբերում է բանկային համակարգին, ապա, ըստ Քուչուկյանի, մեր տնտեսության զարգացած ոլորտներից մեկն է։ Այդուհանդերձ, բանկային համակարգի հետագա զարգացումն առանց տնտեսական ընդհանուր զարգացման անհնար համարվեց։ 1 տարի առաջ Հայաստանում գործող բանկերի թիվը 30 էր, ինչը, KPMG-Արմենիայի գործադիր տնօրենի կարծիքով, 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար մեծ թիվ է։
Ամփոփելով Հայաստանում ընկերության 5-ամյա գործունեության արդյունքները, Ալեն Քուչուկյանը մամուլի ասուլիսի վերջում դրանք բավականին հաջող բնութագրեց եւ հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին KPMG-ի հաջող գործունեությունը Հայաստանում կշարունակվի։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ