KPMG-Արմենիայի գործադիր տնօրեն Ալան Քուչուկյանիՙ «Արմենտելում» իր ղեկավարած ընկերության անցկացրած ստուգումների վերաբերյալ հաղորդած տեղեկատվության առնչությամբ երեկ պարզաբանումներ ստացանք նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարությունից։
Հաղորդագրության մեջ բերված են KPMG-ի հաշվետվության մի շարք հատվածներ։ Դրանցից առաջինում նշված է. «Մեր իրականացրածն աուդիտ կամ միջազգային աուդիտորական չափանիշներին համապատասխան ստուգում չէ, մենք որեւէ համոզվածություն չենք կարող արտահայտել ներդրումների հաշվետվության վերաբերյալ 2001 թ. մարտի 1-ի դրությամբ։ Եթե մենք իրականացնեինք հավելյալ գործընթացներ, աուդիտ կամ միջազգային աուդիտորական չափանիշներին համապատասխան ստուգում, այլ հարցեր կարող էին ի հայտ գալ»։ Բացի սրանից, հաշվետվության մեկ այլ մասում նշված է, որ նպատակը եղել է «ստուգել ծախսումների հիմնավորվածությունն առկա հաշիվ-ֆակտուրաներով եւ այլ սկզբնական փաստաթղթերով (ներառյալ հանձնման-ընդունման ակտերը, պայմանագրերը եւ այլն), այլ ոչ թե ստուգել ծախսերի իսկությունը»։ Այսինքնՙ KPMG-ն ստուգել է «Արմենտելի» ներկայացրած փաստաթղթերի հիմնավորվածությունը, այլ ոչ թե ծախսերի իսկությունը։ «Իսկ մի՞թե միջգերատեսչական հանձնաժողովը հերքել է ներդրումների վերաբերյալ «Արմենտելի»ՙ ներկայացրած փաստաթղթերի առկայությունը», հարց է տրվում նախարարության հաղորդագրության մեջ։ Իսկ «Արմենտելի» միջազգային հեղինակավոր կազմակերպության վկայակոչումը նախարարությունը համարում է պատսպարվելու անհաջող փորձ, քանզի նման վկայակոչման իրավունք «Արմենտելը» չուներ։ KPMG-ի հաշվետվության մեջ նշված է, որ «հաշվետվությունը չպետք է օգտագործվի այլ նպատակներով, ինչպես եւ տրամադրվի այլ կողմերին»։ Մինչդեռ «Արմենտելի» տնօրենների խորհրդի նախագահը, հղումներ անելով KPMG-ին, խախտել է այդ պայմանը, ինչն էլ տրանսպորտի եւ կապի նախարարության պարզաբանման անհրաժեշտությունն էր առաջացրել։
Ա. Մ.