«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2002-03-21 | #53, 2002-03-22 | #54, 2002-03-23


«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԵՏ ԳՆԵԼ ՀԵՌԱԽՈՍԱՍԱՐՔԸ

Ընթերցողներին արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մենաշնորհի չարաշահում էր համարել «Արմենտելի» կողմից բջջային կապի «կանխավճարային միացման» ծառայության տրամադրման հետ հեռախոսասարքի պարտադիր վաճառքը։ Այս կապակցությամբ հանձնաժողովը երեկ հրավիրեց նոր նիստ եւ ընդունեց «Արմենտելին» պարտավորեցնող որոշում, որին, մեր տեղեկություններով, սպասում էին բազմաթիվ բաժանորդներ։

Հանձնաժողովը որոշել է, որ նշված գործողությունը խախտում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածը, ուստի «Արմենտելը» պետք է վճարի տուգանքՙ բազային տուրքի հինգհազարապատիկի չափով։ Կարգադրվել է «Արմենտելին» որոշումը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում ուժը կորցրած ճանաչել իր հրամանի վերոնշյալ կետը, հնգօրյա ժամկետում մամուլում եւ հեռուստատեսությամբ կարճ հաղորդագրության միջոցով «կանխավճարային միացման» ծառայության փաթեթը ձեռք բերած բաժանորդներին տեղեկացնել հեռախոսասարքը վերադարձնելու եւ դրա դիմաց վճարած գումարը հետ ստանալու հնարավորության մասին։ Հետգնումը «Արմենտելը» կիրականացնի երկամսյա ժամկետումՙ փաթեթի վաճառքի բոլոր կետերում։

Որոշման մեկ այլ կետովՙ օրենքի խախտմամբ «Արմենտելի» ձեռք բերած շահույթը պետք է փոխանցվի պետբյուջե, ինչի համար հետգնման ժամկետի ավարտից հետո ընկերությունը 15 օրվա ընթացքում պարտավոր է ներկայացնել շահույթի հաշվարկը։ Այս հարցի վերաբերյալ հանձնաժողովը լրացուցիչ նիստ պետք է գումարի։

Հանձնաժողովի լրատվական ծառայության հաղորդման մեջ նշված է, որ «Արմենտելը» հնարավորություն ունի հանձնաժողովի որոշումը բողոքարկել դատական կարգով։ Այս իրավունքից «Արմենտելը» թերեւս չօգտվի, քանզի օրենքի խախտումն այս դեպքում ակնհայտ է։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4