Ղարաբաղում առեւտրի, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման, վարձակալված տարածքների եւ անավարտ շինարարական օբյեկտների սեփականաշնորհման ու ապապետականացման, ինչպես նաեւ ԼՂՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրերը ներառում էին 1995¬2000 թվականներըՙ երկու փուլերով։ Այս ծրագրերը ԼՂՀ խորհրդարանը հաստատել էր դեռեւս 1995 թ. օգոստոսի 11-ին։ Գործընթացը սկզբում իրականացնում էր կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչությունը, որը հետագայում վերակազմավորվեց ԼՂՀ սեփականաշնորհման ու ներդրումների պետական վարչության։ Այնուհետեւ, այս վարչության լուծարվելու կապակցությամբ, մասնավորեցումն իրականացնող պետական կառավարման մարմնի լիազորությունները հանձնվեցին ԼՂՀ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարարին։ Վերջերս, ԼՂՀ նախագահի կողմից հաստատվելուց հետո, հրատարակվել է մասնավորեցման ծրագրերի կատարման հաշվետվությունը, համաձայն որի, 2000 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, ծրագրերում ընդգրկված է 723 փոքր օբյեկտ, որից 206-ըՙ առեւտրի, 19-ըՙ հասարակական սննդի, 128-ըՙ կենցաղային սպասարկման, 281-ըՙ վարձակալված տարածքներ եւ 89-ըՙ կիսավեր։ Հաշվետու ժամանակաշրջանի ամենավերջին տվյալներով, մասնավորեցվել է 581 օբյեկտ, որից 142-ըՙ առեւտրի, 14-ըՙ հասարակական սննդի, 99-ըՙ կենցաղային սպասարկման, 279-ըՙ վարձակալված տարածքներ, 47-ըՙ կիսավեր։ Նշված օբյեկտներից 168-ը մասնավորեցվել է աշխատավորական կոլեկտիվի անդամներին, 140-ըՙ աճուրդով, 264-ըՙ վարձակալներին, 2-ըՙ ուղղակի վաճառքի, 7-ըՙ անհատույց տրամադրման ձեւերով։ Մասնավորեցումից պետբյուջեի մուտքերը կազմել են 266.2 միլիոն դրամ։ Ընդ որում, 1995 թվականի համեմատությամբ 2000 թվականին մուտքի գումարներն աճել են շուրջ 6 անգամ։ Անհատույց տրամադրման ձեւով մասնավորեցված փոքր օբյեկտներից միայն մեկն է համայնքի սեփականություն, մյուս 6-ը տրամադրվել են տարբեր անհատական ձեռնարկությունների կամ կազմակերպությունների։ Մի շարք փոքր, անավարտ շինարարության եւ կիսավարտ օբյեկտներ ծրագրից հանվել են պետական սեփականություն չհանդիսանալու, նպատակային ծրագրերով ուրիշ հիմնարկների հանձնվելու եւ այլ պատճառաբանություններով։ Անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման կատարողականի հաշվետվության մեջ նշվում է, որ ծրագրում ընդգրկված 27 անավարտ շինարարության օբյեկտներից ենթակա է հանման 12-ը, մնացած 15 օբյեկտներից մասնավորեցվել է միայն 6-ը, որի դիմաց պետբյուջե է մտել 7.8 միլիոն դրամ։ Անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման դանդաղումը պայմանավորված է պահանջարկի առկայությամբ։ Թիվ 2 ծրագրում ընդգրկված 107 ընկերություններից (ձեռնարկություններից) հաշվետու ժամանակաշրջանում գնահատվել է 17 ընկերություն, որոնց արժեքը կազմել է 726.5 միլիոն դրամ։ Ծրագրում նշված ընկերությունները ներկայացնում են 11 ոլորտներ։ Դրանց գերակշիռ մասը պատկանում է արդյունաբերությանը։
Գնահատված ընկերություններից մասնավորեցվել է 5-ը, որից 3-ըՙ ուղղակի անհատույց տրամադրման ձեւով։ Այդպիսիք ենՙ «Ստեփանակերտի կաթի կոմբինատ» ՊՓԲԸ-ն, «Վանքի արտադրական կոմբինատ» ԱՁ-ն եւ «Շուշիի արտադրական կոմբինատ» ՊՁ-ն։ Ընկերությունների մասնավորեցումից, ըստ հաշվետվության, պետական բյուջեի եկամուտները կազմել են 17.0 միլիոն դրամ։ Ընկերությունների մասնավորեցման ցածր տեմպերը պայմանավորված են վճարունակ պահանջարկի բացակայությամբ, ընկերությունների խոշոր պարտքերի առկայությամբ, հիմնական միջոցների մաշվածությամբ, ինչպես նաեւ խոշոր ներդրումների անհրաժեշտությամբ։
Հաշվետվության եզրափակիչ դրույթներում նշվում է, որ փոքր օբյեկտների եւ ընկերությունների մասնավորեցման համար անհրաժեշտ իրավական, մեթոդական եւ կազմակերպական դաշտերը ձեւավորված են, եւ մասնավորեցման տեմպերը ենթադրել էին տալիս, որ փոքր օբյեկտների սեփականաշնորհումը կավարտվի 2001թ. ընթացքում։ Մինչդեռ անավարտ շինարարության օբյեկտների եւ ընկերությունների մասնավորեցումը կշարունակվի դանդաղել բնակչության ցածր գնողունակության ու պահանջարկի սակավության պատճառով։ Ի՞նչ տեղաշարժեր են արձանագրվել 2001 թ. այս գործընթացում։ Հարցի պատասխանը փորձեցինք իմանալ ԼՂՀ կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման բաժնի վարիչ Արսեն Աբրահամյանից։ «Ազգի» թղթակցին տրամադրված տեղեկության համաձայն, ԼՂՀ կառավարությունում մշակվել է սեփականաշնորհման նոր ծրագիր 2002¬2003 թթ. համար։ Առաջիկայում այդ օրինագիծը պիտի ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Նոր ծրագրում ընդգրկված են 798 փոքր օբյեկտներ, որոնցից 664-ը 2002 թ. մարտի 1-ի դրությամբ արդեն մասնավորեցվել են։ Անփոփոխ է մնացել վիճակն անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման գործում։ Ա. Աբրահամյանի պարզաբանմամբ, գնորդների համար ավելի շահավետ է նորը կառուցել, քան թե կիսավարտ շինարարությունը ավարտին հասցնել։ Ի համեմատություն, կառավարության ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում 1998¬2000 թթ. մասնավորեցվել է այդպիսի ընդամենը 19 օբյեկտ։ Եթե ԼՂՀ-ում փոքր օբյեկտների գնորդները բացառապես տեղաբնակներ են, ապա սեփականաշնորհված մեծ ձեռնարկությունների մոտ 20 տոկոսի նոր տերերն օտարերկրյա քաղաքացիներ են։ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ԼՂՀ օրենքը, որն ընդունվել է 1998 թվականին, սեփականաշնորհման հարցում հավասար իրավունքներ է վերապահում ինչպես տեղաբնակ, այնպես էլ օտարահպատակ քաղաքացիներին։ Մեծ եւ փոքր օբյեկտների անհատույց տրամադրման առնչությամբ Ա. Աբրահամյանը տեղեկացրեց, որ 2002 թ. հունվարի 1-ի դրությամբ այս կարգով մասնավորեցված օբյեկտների թիվը հասել է 20-իՙ մեկ միլիարդ 880 միլիոն դրամ գնահատված արժեքով եւ 360 աշխատատեղով։ Գնորդների կողմից պայմանագրային կետերի խախտման կապակցությամբ 12 փոքր օբյեկտներ հետ են վերցվել ու աճուրդի միջոցով վաճառվել ուրիշ գնորդների։ Այլ կարգի խախտումներ, Ա. Աբրահամյանի խոսքերով, միջգերատեսչական հանձնաժողովի ստուգումներով չեն արձանագրվել։ Համաձայն սեփականաշնորհման նորՙ երրորդ ծրագրի, փոքր օբյեկտների մասնավորեցումը պիտի ավարտվի 2003 թ. վերջին։ Իսկ ահա մեծ ձեռնարկությունները դարձյալ կմնան ոչ առինքնողՙ իրենց ցածր հզորություններով եւ բարոյական ու ֆիզիկական անբավարար հատկանիշներով։ Եվ թե մինչեւ երբՙ դժվար է ասել։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ