Երեկ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճի կամարների ներքո բնական եւ հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահ Ռաֆայել Մելիք-Օհանջանյանն ակադեմիայի իսկական անդամի պատվավոր կոչմանն արժանացրեց տաղանդավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին եւ պատվավոր դոկտորի կոչում շնորհեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ եպս. Կճոյանին։
Գիտական, հոգեւոր ու բանաստեղծական ջերմ հայացքների ու խոսքերի միաձույլ դաշտում մերթ հնչում էր հայ մտավորականության սերուցքի ուրախությունն ազգային գիտությունն ու մշակույթը վերածնելու ու ժողովրդի ոգին բարձրացնելու գաղափարով ներշնչված, մերթ էլ տխրությունն ու տագնապըՙ մերօրյա խնդիրներով ու ցավերով համակված։
Հանդիսության վերջում ելույթ ունենալով, բանաստեղծուհին նուրբ հումորով համեմված խոսքը շարունակեց հայ ժողովրդի արժանապատվությամբ ապրելու ու հայրենիք կերտելու սրտագին ցանկությամբ։ Նրա դեմքը նկատելիորեն մռայլվեց, երբ հայտնեց նախորդ օրը ստացած լուրըՙ Թբիլիսիում Հովհ. Թումանյանի գրադարանի վաճառման մասին, որը հնարավոր է փրկել մինչեւ ապրիլի 10-ըՙ պահանջվող գումարը վճարելով։ «Իմ աստվածը իմ խիղճն է, ես հավատում եմ իմ խղճին», ասաց բանաստեղծուհին եւ սովորության համաձայն խոսքն ավարտեց բանաստեղծությամբՙ կարդալով Երուսաղեմ կատարած ուղեւորությունից հետո գրած «Հիշատակարան» ստեղծագործությունը։
Ռաֆայել Մելիք-Օհանջանյանից սամուրայի սուր նվեր ստացած Նավասարդ սրբազանը ոգեւորեց ներկաներինՙ սուրը մերկացնելով եւ խոստանալով այն դարձնել «ազգային իմացական արժեքների պահպանման զենք»։ Վայ այն ազգին, որը ճակատին գիր չունի։ Մենք գիր ունենք մեր ճակատին։ Մեր գիրն էՙ «Եղիցի լո՜ւյս»։
Շնորհավորում ենք...
Ռ. Պ.