«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2002-03-26 | #56, 2002-03-27 | #57, 2002-03-28


ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆՈՐ ԹԵՐԹ

Լույս տեսավ «Հայրենիք եւ եկեղեցի» մանկապատանեկան ամսաթերթի անդրանիկ համարը, որի հիմնադիրն է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանը։

Խմբագիրն է «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը։ «Հայրենիք եւ եկեղեցի» պարբերաթերթն իր առջեւ նպատակ ու խնդիր է դնելուՙ դպրոցահասակ երեխաների ու պատանիների շրջանում ազգային ու համամարդկային, մարդասիրական գաղափարներ տարածել. հեռու պահելով նրանց բարոյազրկող ու կեղծ արժեքներից, որ այսօր հանդես են գալիս աղանդների տեսքով, կեղծ ժողովրդավարական ու իբր մարդասիրական կարգախոսներով», մասնավորապես ասված է խմբագրականում։

«Սա իմ երկիրն է» խորագրի ներքո թերթի առաջին էջում տպագրված են Հովհաննես Գրիգորյանի «Հայաստան» եւ Հրաչյա Սարուխանի «Էջմիածին» բանաստեղծությունները։

Տպագրվել են Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի, գրականագետ Մելս Սանթոյանի, «Կանակա» ԲԲԸ-ի նախագահ Հայկ Հովիվյանի մաղթանքները։

«Մեր հավատամքը», «Վարդանանց հետնորդները», «Մանուկների համար», «Ձեզ համար, ծնողներ», «Երբ ես ձեր տարիքին էի», «Հայրենի բնաշխարհ» եւ մյուս խորագրերի ներքո տպագրված նյութերը հետաքրքիր են ոչ միայն մանուկների ու պատանիների, այլեւ մեծահասակների համար։

Հատկապես հետաքրքիր են եկեղեցական տոներին նվիրված նյութերը։

Թերթն աչքի է ընկնում հրապարակումների հակիրճությամբ եւ մատչելիությամբ։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4