Երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության հերթական նիստը սկսվեց ժամը 9-ին։ Նիստն արտագնա էր։ Ամբաստանյալ Վռամ Գալստյանը ցուցմունք է տվել ԱԺ տարածքում, որը տեւել է 2 ժամ։ Դատարանի նման որոշմանն անտեղյակ Կ. Աղաջանյանը, որը գործով ամբաստանյալ Է. Գրիգորյանի պաշտպանն է, բողոքեց, որ ներկա չի գտնվել արտագնա նիստին։ Ըստ նրա, այս կերպ ձեռք բերված ապացույցները խիստ կասկածելի են։
Սրան ի պատասխան դատավորն ասաց, որ բոլորին տեղեկացրել են։ Ուստի փաստաբանի բացակայության հարցում դատարանը մեղավոր չէ։
Այնուհետեւ դահլիճ բերվեցին մյուս ամբաստանյալները, որոնց համար էլ հրապարակվեցին վերջին մի քանի նիստերի ընթացքում Հունանյանների քեռու տված ցուցմունքները։
«Ազգի» հաջորդ համարներից մեկում կներկայացնենք ամբաստանյալ Վռամ Գալստյանի տված ողջ ցուցմունքի ընդհանուր բնութագիրն ու այն հնարավոր եզրակացությունները, որոնց կարող են հանգեցնել այդ ցուցմունքները։ Յուրաքանչյուր «Չեմ պատասխանում» կամ «Ասում եմ այն, ինչ գիտեմ» պատասխաններն, իհարկե, ինքնանպատակ չեն, ոչ էլ ամբաստանյալի կամակորության թելադրանք։
Ինչ վերաբերում է տեղում տված ցուցմունքներին, ապա դրանց մասին կիմանանք հետո։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ