Բայց աբխազների երկյուղները մնում են
Ամերիկացի հրահանգիչների այցելության տեւական ձգձգումները Վրաստանի իշխանություններին ստիպեցին միառժամանակ հրաժարվել Աբխազիա ներխուժելու մտադրությունից։ Այժմ Թբիլիսին ակնկալում է Սուխումի պատասխան քայլերը, որոնք պետք է վերաբերեն Աբխազիան կրկին Վրաստանի կազմի մեջ մտցնելուն։
ՄԱԿ-ի թբիլիսյան գրասենյակում անցյալ օրն ստորագրվեց արձանագրություն, որով Վրաստանը պարտավորվում է մինչեւ ապրիլի 10-ը Կոդորի կիրճից դուրս բերել իր շուրջ 300 զինծառայողներին։ Փաստաթուղթը ստորագրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վրաց-աբխազական հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչ Դիտեր Բոդենը, Վրաստանի արտակարգ գործերի նախարար Մալխազ Կակաբաձեն, Աբխազիայի պաշտպանության առաջին փոխնախարար Գիվի Ագրբան եւ ռուսաստանցի խաղաղարարների հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Եվտեեւը։
Աբխազներն իրենց հերթին պարտավորվեցին զորք չմտցնել խաղաղարարների 107-րդ պահակակետից այն կողմ, որը կիրճում վրաց-աբխազական սահմանի վրա է։ Արձանագրության կատարմանը հետեւելու են խաղաղարար զորքերը եւ ՄԱԿ-ի զինվորական դիտորդները։
Փորձագետների կարծիքով, վրաց-աբխազական նոր պատերազմի ծագման դեպքում գլխավոր ռազմաճակատ կդառնար Կոդորի կիրճը, որի վերին մասում բնակվող սվանները ճանաչում են Թբիլիսիի իրավադատությունը։ Կիրճի ստորին մասը վերահսկում են աբխազները։ Անցյալ տարվա հոկտեմբերին հենց Կոդոր գետի կիրճով էին Աբխազիա ներխուժել չեչեն եւ վրացի գրոհայինները, հավանաբարՙ Ռուսլան Գելաեւի գլխավորությամբ։ Նրանց դուրսմղումից հետո Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեի հրամանով կիրճի վերին մասում տեղաբաշխվեցին մոտ 300 զինվորականներ եւ հակաօդային պաշտպանության միջոցներ։
Վերջին ամիսներին Աբխազիայում չէին նվազում վրաց-չեչենական նոր հարձակումների հնարավորության հետ կապված երկյուղները։ Դրանք բարձրակետին հասան վերջերս, երբ Թբիլիսիում սկսեցին խոսել ամերիկացի հրահանգիչների այցելության, Պանկիսի կիրճում եւ Աբխազիայում այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունների ձեռնարկման ծրագրերի մասին։ Ստորագրված արձանագրությունը միայն մասամբ հանգստացրեց աբխազներին։ Նրանք գիտակցում են, որ վրացիները բանակային զորամասերի փոխարեն Կոդորի կիրճի վերնամասում կարող են տեղաբաշխել սահմանապահ ստորաբաժանումներ։ Ինտերֆաքս գործակալությունը նշում է, որ Վրաստանը փաստաթուղթն ստորագրել է ակնհայտորեն Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի ճնշմամբ։ Մինչեւ ապրիլի 10-ը Վրաստանը դժվար թե զորքը դուրս բերի կիրճից եւ արդեն վկայակոչում է լեռնային ձյունածածկ ճանապարհների «անանցանելիությունը»։
Ի դեպ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հունվարի 31-ի բանաձեւում խոսվում էր մասնավորապես Վրաստանի եւ Աբխազիայի «իրավասությունների սահմանազատման», այսինքնՙ այն պայմանների մասին, որոնց առկայության դեպքում Աբխազիան պատրաստ կլիներ կրկին մտնել Վրաստանի կազմի մեջ։ Այդ փաստաթուղթն Աբխազիայի իշխանությունները չեն էլ ուզում կարդալ։ Մինչդեռ վրացական կողմն անդադար վկայակոչում է հենց այդ բանաձեւը եւ այժմՙ նոր արձանագրության ստորագրումից հետո, զիջումներ է ակնկալում Սուխումից։
Պ. Ք.