Երեկ «Զանգվածային լրատվության մասին» նորացված օրենքի նախագծի քննարկում էին կազմակերպել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) համաշխարհային ուսուցում ծրագիրը։ Քննարկմանը մասնակցում էին լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ։ Բացման խոսքով հանդես եկան ԵԱՀԿ ներկայացուցիչ Ուոյ Ռիվը եւ USAID ներկայացուցիչ Յան Կարպովիչը, հետո արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը ներկայացրեց օրեքի նախագծի հիմնական դրույթները։
Հավաքի մասնակիցների դիտողություններն ու առաջարկությունները, չնայած փաստաթղթի էապես փոփոխվելուն, բազմաթիվ էին։ Երեւանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Մեսրոպ Հարությունյանը, արտահայտելով կազմակերպության նախնական դիրքորոշումը, նշեց, որ գրաքննության, լիցենզավորման հոդվածները հանելուց հետո նախագիծը փոփոխվել է։ Այդուհանդերձ, նա կարեւորեց մի շարք դրույթների պահպանման կամ ներմուծման անհրաժեշտությունը։ Դրանք ենՙ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը, ազատ լրագրող, արտասահմանյան լրագրող հասկացությունները եւ այլն։ Ելույթ ունեցողը նշեց, որ ընդհանրապես շատ սահմանումներ հստակ չեն, եւ ընդհանուր տպավորությունն այն է, որ նախագծի հեղինակները գնացել են նախկին նախագիծը կրճատելու, այլ ոչ թե նոր հայեցակարգով նոր օրենք ստեղծելու ճանապարհով։
«Ազգ» թերթի խմբագրակազմի տեսակետը ներկայացրեց գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։ Նա նշեց, որ դրական միտումները նոր նախագծում զգալի են, գոնե առավել մտահոգիչ հոդվածների բացակայության առումով։ Սակայն կան բազմաթիվ խնդիրներՙ լիցենզավորմանը փոխարինած ծանուցման ընտրակարգը բարդացված է, առկա են անհասկանալի հոդվածներ (օրինակՙ հոդված 11-ի 4-րդ ենթակետը), հերքման իրավունքի մեջ կան վիճելի պահեր։ Գլխավոր խնդիրը, որին անդրադարձավ Հակոբ Ավետիքյանը, վերաբերում էր լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանը (հոդված 15)։ Ըստ այդ հոդվածի, լրատվամիջոցները պարտավոր են հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը, որտեղ պետք է նշվեն եկամտի աղբյուրները եւ փաստացի կատարված ծախսերը։ Այս դեպքում Հայաստանում գործող թերթերը վաղուց արդեն սնանկ հայտարարված պետք է լինեին։ Բացի այդ, նման դրույթը խտրականություն է մտցնում լրատվամիջոցների եւ տնտեսավարող մյուս սուբյեկտների միջեւ։
Բացի այդ, իշխանություններին անհաճո լրատվամիջոցներն ասպարեզից հեռացնելու մեծ հնարավորություններ են առաջանում այս հոդվածի կիրառման դեպքում։ Այս տեսակետին համաձայնեց մեկ այլ լրագրողական կազմակերպության ղեկավար Մարկ Գրիգորյանը, նշելով, որ արդեն առկա է օրենքով եթերից զրկված հեռուստաընկերությունների նախադեպը, եւ նույնը հնարավոր է իրականացնել նաեւ թերթերի համար։
Չնայած արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ այս հոդվածը Եվրախորհրդի սկզբունքներից է բխում, սակայն ընդհանուր կարծիքն այն էր, որ Հայաստանի համար դա անընդունելի է։
Օրենքի նախագծի քննարկումները երեկ չավարտվեցին։ Առաջարկություններ ներկայացնելու եւ աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու միջոցով լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն է տրված իրենց տեսակետները ներկայացնել առաջիկա օրերին։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ