«Դատարանակազմության մասին» ԼՂՀ օրենքն Արցախում ընդունվել է 1999 թվականի դեկտեմբերին, որով ուժը կորցրած է ճանաչվել 1996 թ. մայիսից գործող «ԼՂՀ դատական իշխանության մասին» օրենքը։ Սակայն գործել սկսել է այս տարվանից։ Ընդ որում, փետրվարին ԼՂՀ Ազգային ժողովի ընդունած «Դատավարական բարեփոխումների անցումային ժամանակաշրջանում գերագույն եւ առաջին ատյանի դատարանների գործունեության մասին» օրենքի համաձայն, 1.5 ամիս ժամկետ հատկացվել էր անցումային ժամանակաշրջանին։ Այդ ընթացքում նշված օրենքը կարգավորում էր ԼՂՀ-ում գերագույն եւ առաջին ատյանի դատարանների կազմավորման եւ գործունեության կարգն ու դրա հետ կապված գործող քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված վճռաբեկ ու հսկողական վարույթների իրականացման առանձնահատկությունները։ Միեւնույն ժամանակ, փետրվարին ԼՂՀ խորհրդարանն օրենք էր ընդունել 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը կիրարկման մեջ դնելու մասին։ Մինչ այդ Արցախում գործում էր ՀԽՍՀ 1961 թ. ՔԴՕ-նՙ հետագա փոփոխություններով ու լրացումներով։
Խորհրդարանի ընդունած օրենքով կիրարկման մեջ է դրվել նաեւ ՀՀ 1998 թ. քաղաքացիական դատավարության օրենսգիրքըՙ փոխարինելով մինչ այդ գործող ՀԽՍՀ 1964 թ. օրենսգրքինՙ հետագա փոփոխություններով ու լրացումներով։
Վերոհիշյալ երկու օրենքները, անցումային շրջանի ավարտից հետո, ապրիլի 1-ից գործում են Արցախում։
Այս տարվա փետրվարի 15-ին քաղշրջդատարանների լուծարումից հետո ստեղծվել է առաջին ատյանի դատարանՙ նախագահից եւ վեց դատավորից կազմված։ Համաձայն «ԼՂՀ դատարանակազմության մասին» օրենքի, առաջին ատյանի դատարանի դատական տարածքը հանրապետության ողջ տարածքն է, իսկ նստավայրըՙ Ստեփանակերտ քաղաքը։
Դատարանը, սակայն, նստավայրեր ունի նաեւ հանրապետության շրջաններում։ 6 դատավորները պայմանականորեն բաշխված են ըստ շրջանների եւ հիմնականում գտնվում են շրջկենտրոններում։ Յուրաքանչյուր դատավոր ունի օգնական, որը մշտապես գտնվում է շրջկենտրոնում։ Ըստ օրենքի, դատավորներն անփոփոխ են եւ աշխատում են մինչեւ 65 տարեկանը, եթե, իհարկե, նրանք թույլ չտան դատավորին անվայել արարքներ կամ չարաշահումներ, որոնք հիմք կհանդիսանան նրանց վաղաժամկետ ազատելու համար։
Նոր դատական համակարգն ի՞նչ առավելություններ ունի գործնականում։ Մեկնաբանելով այս հարցը, ԼՂՀ առաջին ատյանի դատարանի նախագահ Սեյրան Ամիրյանը, «Ազգ»-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ, իբրեւ առավելություն նշեց այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանը հանրապետական մարմին է, ունի իր առանձին հաշիվը, ինչը չուներ նախորդ համակարգը։ Այս իրողությունը թույլ է տալիս դատարանին անկախ լինել տեղական ինքնակառավարման մարմիններից։
Որպես երկրորդ առավելություն Ս. Ամիրյանը նշեց, որ նոր դատական համակարգն ավելի մոտ է կանգնած բնակչությանը։ Դատավորների բաշխման ձեւը հնարավորություն է տալիս քաղաքացիներին, գտնվելով Ստեփանակերտ քաղաքում կամ որեւէ շրջանում, դիմել ցանկացած դատարանՙ իրենց խախտված իրավունքը վերականգնելու համար։ Ընդ որում, հնարավորություն է ապահովվում օպերատիվ կարգով լուծելու ցանկացած դատավորին հայտարարված բացարկը։
Եվս մի առավելություն, Ս. Ամիրյանի խոսքերով, կարելի է համարել այն հանգամանքը, որ նոր օրենքով առաջին ատյանի դատարանին ենթակա են բոլոր կարգի քրեական (այդ թվում նաեւ ծանր հանցագործությունները), քաղաքացիական, տնտեսական եւ վարչական գործերը։
Սեյրան Ամիրյանը տեղեկացրեց նաեւ, որ վարույթներում, մինչ առաջին ատյանի դատարանի ստեղծումը, կուտակվել էին բավական թվով գործեր, որոնց ամեն օր ավելանում են նորերը։ Դրանք մեծ մասամբ ընտանեկան եւ աշխատանքային վեճերով, հարկային, վարկային եւ այլ պարտականություններ չկատարելու, վնասները հատուցելու, քաղաքացիների իրավունքներն ու շահերը խախտող ակտերն անվավեր ճանաչելու գործեր են։
Քրեական գործերը նույնպես բազմաբնույթ են։ Առկա են սեփականության, մարդու կյանքի եւ առողջության, հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Վարույթներում գտնվող բոլոր գործերը քննելու համար, դատարանի նախագահի վկայությամբ, եղած ուժերը բավարար են։ Յոթ դատավորներից երեքն ունեն դատավորի աշխատանքի փորձ, իսկ մյուս չորսը երկար տարիներ աշխատել են իրավապահ մարմինների օպերատիվ-քննչական ծառայություններում։
Քաղաքացիական գործերը շուրջ վեց անգամ ավելի են վարույթներում առկա քրեական գործերից։
Օրենքով, կոնկրետ գործի առնչությամբ, դատավոր է նշանակում դատարանի նախագահը։ Հասկանալի պատճառով մայրաքաղաք Ստեփանակերտում ավելի շատ են կուտակված քրեական եւ քաղաքացիական գործերը։ Ինչպե՞ս են բաշխվում դրանք դատավորների միջեւ։ Արդյոք ծանրաբեռնված չէ՞ պայմանականորեն Ստեփանակերտը սպասարկող դատավորի աշխատանքային առօրյան։ Այս հարցին պատասխանելովՙ Ս. Ամիրյանը նշեց, որ իրոք, տարածքային տեսակետից անհամամասնություն կա, ուստի աշխատանքի հավասարաչափ բաշխման նպատակով պարբերաբար Ստեփանակերտի կենտրոնական նստավայր են հրավիրվում շրջաններում գտնվող մյուս դատավորները, որոնցից յուրաքանչյուրը շաբաթվա մեջ 2¬3 օր քննում է իրեն հանձնարարված գործերը։ Որոշ չափով գործի կազմակերպման արդյունավետությանը խանգարում են Ստեփանակերտի նստավայրի սուղ պայմանները եւ տեխնիկական հագեցվածությունը։ Այս դժվարությունները, դատարանի նախագահի կարծիքով, ժամանակավոր են, եւ նա հույս ունի, որ առաջիկայում դրանք կլուծվեն։
Սեյրան Ամիրյանի հավաստմամբ, այսօր զգալիորեն նվազել են գործերի վերաքննության կարգով բողոքարկումները։ Վերաքննիչ բողոքները կազմում են քննված գործերի 10¬20 տոկոսը։ Դատարանի նախագահը դրանց նվազումը պատճառաբանեց դատական քննության արդարացիության նկատմամբ քաղաքացիների աճող հավատով։
Այսպիսով, ԼՂՀ-ում վերջնականապես ավարտվել է դատական բարեփոխումների գործընթացըՙ մտնելով գործնական դաշտ։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ