«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2002-04-03 | #62, 2002-04-04 | #63, 2002-04-05


ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

Դժբախտաբարՙ ի հաշիվ Հայաստանից արտագաղթածների

Այս մասին մեզ հայտնեց Ղազախստանի հայկական համայնքի ղեկավար, Ալմաթիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր եւ քաղաքի գինու գործարանի գործադիր տնօրեն Ռուդիկ Մնացականյանը։ Նրա հավաստմամբ, վերջին տարիներին Ղազախստանի հայերի թիվը 19 հազարից դարձավ 25 հազար։ Դրա մեջ չեն մտնում այդ երկրում գրանցում չունեցողները, այլապես թիվն ավելի մեծ կլիներ։ Այդուհանդերձ, հայերն այստեղ հարմարվում են, աշխատանքի անցնում եւ կարողանում ապրել բարեկեցիկ կյանքով։ Ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ մեր այլ հայրենակիցների հետ զրույցներից տեղեկացանք, որ դրան նպաստում է երկրում տիրող հանդուրժողականության մթնոլորտը։ Ինչպես հայերի, այնպես էլ Ղազախստանում բնակվող մյուս բոլոր (մոտ 120) ազգությունների ներկայացուցիչների նկատմամբ ազգային, կրոնական եւ որեւէ այլ տեսակի խտրականություն չի կիրառվում։ Ազգամիջյան հարաբերություններում ծագող խնդիրները կանխելու նպատակով Ղազախստանի նախագահի հրամանով ստեղծվել է Ղազախստանի ժողովուրդների համագումար կազմակերպությունը, որտեղ ներկայացված են երկրում ապրող ազգերի ներկայացուցիչները եւ որի խորհրդի անդամ է հայկական համայնքի ղեկավարը։

Ինչ վերաբերում է Ղազախստանում հայերի հայտնվելուն, ապա դա տեղի է ունեցել 30-ական թթ., ստալինյան հալածանքների տարիներին։ Նրանք այդ ժամանակվանից Հայաստանի տարբեր շրջաններից այստեղ տեղափոխվածների որդիներն ու թոռներն են։ Եվ եթե առաջինները դեռեւս խոսում եւ հասկանում են հայերեն, ապա երկրորդները միայն հասկանում են, իսկ միմյանց հետ հաղորդակցվում են ռուսերենով։ Հայերի զգալի մասըՙ 6¬7 հազարը, ապրում է Ալմաթիում, մնացածըՙ հիմնականում երեք քաղաքներումՙ Կուստանայ, Ակտյուբինսկ, Կարագանդա։ Ցավոք, կազմակերպված համայնքային կյանք, հասարակական կազմակերպություններ, եկեղեցական թեմ չկա։ Ճիշտ է, Ալմաթիում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, բայց այնտեղ հաճախում է ընդամենը 20¬25 երեխա։ Ժամանակ առ ժամանակ ազգային-մշակութային միջոցառումներ են նաեւ կազմակերպվում։ Օրինակ, անցյալ տարվա դեկտեմբերին Ալմաթի էր ժամանել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսը, որի մասնակցությամբ նշվել էր Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակը։

Միջոցառման ժամանակ բազմաթիվ հայ երեխաներ են մկրտվել։ Այս մասին մեզ պատմեց գործարար, «Լիդս գազ էնդ օյլ» ընկերության փոխնախագահ, Ղազախստանում Հայաստանի դեսպանատան խորհրդական Դավիթ Գալստյանը, որը ֆինանսավորել էր այս միջոցառումը։ Նրա հովանավորությամբ գիրք է հրատարակվել Ղազախստանի Կոմկուսի առաջին ղեկավար Լեւոն Միրզոյանի մասին եւ տպագրվել է «Հայ-ղփչաղերեն բառարանը»։

Ինչպես ցանկացած երկրում, Ղազախստանում եւս կան հայեր, որոնք մեծ ծառայություններ են մատուցել տվյալ երկրին եւ հայտնի անուններ են այդտեղ։ Մի քանիսի անունները Ռուդիկ Մնացականյանը թվարկեց։ Արթուր Կարապետյանը խոշորագույն «Բաուման» բաժնետիրական ընկերության նախագահն է, գեներալ Վաչագան Վլասովը (Վլասյան) ստեղծել է բարձրագույն հրամանատարական դպրոցը, Լերմոնտովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը Ռուբեն Անդրեասյանն է, իսկ ույգուրական դրամատիկական թատրոնի նախկին գլխավոր ռեժիսորը Սերգեյ Փաշոյանն էր։ Այս շարքն ավելի երկար էր եւ ընդգրկում էր գիտության, մշակույթի եւ այլ ոլորտների գործիչների, որոնք արժանացել էին պետական մրցանակների եւ շքանշանների։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4