Այս ամիս Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների շեմին ֆրանսահայերի համակարգիչ հանձնախումբը (նախկին «Ապրիլ 24 կոմիտե») հարցեր էր ուղղել երկու գլխավոր թեկնածուներինՙ ներկայիս նախագահ Ժակ Շիրակին եւ վարչապետ Լիոնել Ժոսպենին։ ՌԱԿ Ֆրանսիայի շրջանային վարչության ատենապետ Ժան Վարուժան Սիրապյանն օրերս Ժակ Շիրակից հավելյալ պարզաբանումներ խնդրեց Հայոց ցեղասպանության ժխտման փորձերի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման առնչությամբ։
Իր պատասխան նամակում նախագահ Ժակ Շիրակը ՌԱԿ ատենապետին գրում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանն արդեն համապատասխան օրենք է ընդունել 2001 թ. հունվարի 18-ին։ Դա հիշողության պարտք է եւ ցույց է տալիս, որ Ցեղասպանության փաստը չի կարող վիճարկվել։ «Խոսքն անցյալ դարի ամենաահավոր ողբերգություններից մեկի մասին է, եւ պատմության վերաշարադրումն անընդունելի է։ Ուստի մեր իրական նպատակըՙ հաշտեցման եւ խաղաղության նպատակը կարելի է իրականացնել միայն փաստերի վրա հիմնվելով», մասնավորապես գրում է Շիրակը։ Նրա կարծիքով, Հայ դատին նպաստելու առավել մարդասիրական եւ արդյունավետ եղանակներն են կրթությունն ու ճանաչողությունը։ Այդ նպատակով ինքն առաջարկել է հիմնել հայ մշակույթի, պատմության եւ քաղաքակրթության ինստիտուտ, որը կարժեւորի Ֆրանսիային եւ աշխարհին հայերի բերած նպաստը։ Նախագահ Ժիրակը նամակում ցանկություն է հայտնում, որ տվյալ հարցում Ֆրանսիայի օրինակին հետեւեն Եվրոպան եւ ողջ աշխարհը։
Ինչ վերաբերում է Հայաստանի շրջափակմանը, Ժակ Շիրակը դա մտահոգության լուրջ առարկա է համարում Եվրոպայի համար։ Նրա կարծիքով, այդ իրավիճակը խոչընդոտում է ամբողջ տարածաշրջանի զարգացմանը։ Շեշտելով, որ վերջին տարիներին ինքը Ելիսեյան պալատում երկու անգամ կազմակերպել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում գտնելու նպատակով, Շիրակն ընդգծում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, իր կարծիքով, կհանգեցնի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման։ Ժակ Շիրակը հավաստիացնում է, որ ինքը կշարունակի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։
Պ. Ք.