«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2002-04-05 | #64, 2002-04-06 | #65, 2002-04-09


ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՎԱՐՔԱԳԾՈՒՄ

Ի՞նչն է պատճառը

Վերջին օրերի իրադարձությունները «Արմենտելի» շուրջ հանգեցնում են մի հետաքրքրական եզրակացության։ «Արմենտելի» մենաշնորհի դեմ խաղ չկա» կարծրացած տեսակետը սկսում է ճաքեր տալ։ Պարզվում է, որ կարելի է ստիպել ընկերությանը զերծ մնալ մենաշնորհը չարաշահելու քայլերից։ Ասվածը հիմնավորենք փաստերով, երբ «Արմենտելը» ստիպված է եղել հրաժարվել նախնական որոշումից եւ զիջումներ կատարել։

Երբ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ «Արմենտելի» գործադիր տնօրենը համաձայնության եկան րոպեավճարի կիրառման շուրջ, դրանից անմիջապես հետո «Արմենտելը» հայտարարություն տարածեց, որ իրավաբանական անձանց համար 5100 դրամ հեռախոսավարձի գինը չի ներառում ավելացված արժեքի հարկը։ Որքան էլ Դավիթ Հարությունյանն այդ օրերին հավաստիացնում էր, թե համաձայնագրում այդ թիվը ներառում է ԱԱՀ-ն, «Արմենտելն» անդրդվելի էր։ Սակայն վերջին օրերին ընկերությունը հայտարարեց, որ վերոնշյալ 5100 դրամի մեջ ներառված է ավելացված արժեքի հարկը։

Հաջորդը բջջային կապի նոր ծառայության հետ պարտադրվող հեռախոսասարքերն էին։ Երբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշեց, որ դա գերիշխող դիրքի չարաշահում է, եւ պարտավորեցրեց «Արմենտելին» հրաժարվել այդ քայլից, ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք դատարանում բողոքարկելու են այդ որոշումը։ Անցած օրերին, սակայն, «Արմենտելը» դատարան չդիմեց, եւ նրա գործադիր տնօրենիՙ մամուլի ասուլիսի ժամանակ ասված խոսքերից դատելով, մտադիր էլ չէ դիմելու։ Փաստորեն այս որոշմանը «Արմենտելը» եւս համաձայնեց։

Եվ երրորդը բազմաթիվ ծառայությունների սակագների զգալի իջեցումներն էին, որոնց մասին ասվեց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի եւ Նիկոս Յորղուլասի համատեղ ասուլիսի ժամանակ։ Մի քանի ամիս առաջ սա եւս ենթադրելի չէր։ Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞վ է պայմանավորված «Արմենտելի» դիրքորոշման փոփոխությունը։ Պատճառները թերեւս մի քանիսն են։

Առաջինը, որ վերջապես երկրի իշխանությունների մեջ ստեղծվեց այն գիտակցությունը, որ ազգային-պետական շահերը պաշտպանելու համար, եթե, իրոք, այդպիսի ցանկություն կա, հարկ է օգտագործել օրենքի ընձեռած հնարավորությունները եւ մյուս կողմի խոցելի կետերը։

Ինչպես արդեն նշվեց, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համապատասխան օրենքի պահանջի կիրառումը բացառեց հեռախոսասարքերի պարտադրումը։ Իրավական տեսանկյունից հստակ էր նաեւ իրավաբանական անձանց համար 5100 դրամի պայմանավորվածությունը, որի տակ դրված էր «Արմենտելի» տնօրենի ստորագրությունը։ Վերջինս հասկացավ, որ կամայականորեն հրաժարվելովՙ մեծ խնդիրների առջեւ կկանգնի։

Սակագների ծառայությունների իջեցումն էլ, ամենայն հավանականությամբ, հետեւանք էր միջգերատեսչական հանձնաժողովի հայտնաբերած խախտումների եւ տրանսպորտի եւ կապի նախարարության համարժեք դիրքորոշման։ Այստեղ, հանուն արդարության, հարկ է նշել, որ կարեւոր նշանակություն ունեցավ նաեւ րոպեավճարի կիրառումը։ «Արմենտելը» բազմիցս էր ակնարկել, որ մյուս բոլոր ծառայությունների սակագների իջեցումը կարող է տեղի ունենալ միայն րոպեավճարի ներդրումից հետո, ինչն էլ, փաստորեն, կատարվեց։

Այդուհանդերձ, դեռեւս պահպանվում է գլխավորՙ «Արմենտելի» մենաշնորհի հարցը։ Իրավական տեսանկյունից ընկերության դիրքերը գերադասելի են։ Իշխանություններին մնում է օգտվել խոցելի տեղերից։ «Արմենտելն» իր հերթին թերեւս չպետք է սարսափի մենաշնորհի կորստից, քանզի ճիշտ գնային քաղաքականության դեպքում դեռ երկար ժամանակ կպահպանի կապի բնագավառի առաջատարի կարգավիճակը, չխոսելով այն մասին, որ հիմնականՙ լարային հեռախոսակապի նոր համակարգ դժվար թե որեւէ մեկը ստեղծի։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4