«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2002-04-06 | #65, 2002-04-09 | #66, 2002-04-10


ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՍԻ ԻՐ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՎԱՅԵԼ ԽՈՍՔ»

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հետ հարցազրույցը նվիրված էր մինչեւ այժմ մեզանում աննախադեպ երեւույթիՙ ռեկտորի պաշտոնում նրա ընտրվելուն։ Այդ առթիվ հարցազրույցն սկսելուց առաջ շնորհավորանքիս պատասխանն առավել հաճելիներից էր. «Օրվա մեջ երկու-երեք թերթ եմ հասցնում նայել, դրանցից մեկը «Ազգն» է։ Հավասարակշռված, լուրջ թերթ է, եւ ձեր շնորհավորանքն ինձ համար թանկ է, շնորհակալ եմ...»։

¬ Եկեք մի հպանցիկ անդրադարձ կատարենք մայր բուհի ռեկտորի պաշտոնում Ձեր 8-9 տարիների աշխատանքին եւ առաջիկա անելիքներին։

¬ Ռեկտորի ընտրությունը, մեր կանոնադրության համաձայն, նախատեսում էր թեկնածուի զեկուցումը առաջիկա 5 տարիների զարգացման ծրագրերի վերաբերյալ, որովհետեւ ռեկտորն ընտրվում է 5 տարով։ Այդպիսի զարգացման ծրագիր կազմել էի, եւ դա հրապարակվեց համալսարանի թերթում։ 9-րդ տարին է, որ ես նշանակվել եմ համալսարանի ռեկտոր։ Եվ պետք է ասեմ, որ ռեկտորի ընտրությունը համալսարանական կարեւոր պրոբլեմներից մեկն էր։ Համալսարանի հանրությունը միշտ էլ ձգտել է ունենալ ընտրովի ռեկտոր, եւ ահա 83 տարիների պատմության մեջ առաջին անգամ դա տեղի ունեցավ։

Ընդհանրապես պետք է նկատեմ, որ վերջին տարիներին մեր կյանքում քաղաքական, տնտեսական, սոցիալական շատ լուրջ փոփոխություններ տեղի ունեցան։ Մենք դարձանք անկախ երկիր, տնտեսությունը զարգանում է շուկայական օրենքներով, արժեքների համակարգը վերաիմաստավորվում է։ Մտածել, թե այդ ամենը չպետք է արտացոլվեր կրթության մեջՙ միամտություն կլիներ։ Մենք չէինք կարող պահպանել հին կրթական համակարգը, թեեւ նա ուներ շատ դրական կողմեր, երեւի թե աշխարհի լավագույն համակարգերից մեկն էր։ 1993-ին, երբ ես եկա, համալսարանը ֆիզիկապես ահավոր ծանր վիճակում էր։ Դրան նախորդած երկար տարիների ընթացքում հենց թեկուզ համալսարանական շենքերի պահպանման առումով քիչ բան էր արվել, իսկ 90-ականների ցրտի եւ խավարի տարիներին դրանք հասել էին քայքայման եզրին։ Այս սենյակում դույլեր էին դրված, որովհետեւ վերեւից կաթում էր, իսկ վերեւում, տանիքի տակ, գրադարանն էր... Այս տարիներին հաջողվեց համալսարանը պահպանել։ Բայց դա նշանակում է ոչ միայն ֆիզիկապես պահպանել։ Կրթությունը պետք է համահունչ դարձվեր կյանքի զարգացման ընթացքին ու հեռանկարներին։ Հին բովանդակությամբ կրթությունն այլեւս ոչ մեկին պետք չէր։ 1994-ին մենք մշակեցինք համալսարանի կրթության բարեփոխումների մի ամբողջ ծրագիր, որը նախատեսում էր կրթության բովանդակության փոփոխություն եւ միջազգային ինտեգրացման հեռանկար։

Ի՞նչ էր նշանակում դա։ Համալսարանը, հայտնի է, ունի 2 խոշոր թեւՙ բնագիտական եւ հումանիտար-հասարակագիտական։ Եթե բնագիտական թեւում փոփոխությունների անհրաժեշտությունը շատ մեծ չէր (թեեւ այստեղ էլ հարկ էր վերանայել մասնագիտությունների ցանկը եւ շատ այլ բաներ), ապա հումանիտար թեւում պահանջվում էին համակարգային, ուղղակի հեղափոխական փոփոխություններ։ Այն պետք էր մաքրել քաղաքականությունից, որովհետեւ հին կրթական համակարգը ծայրահեղ քաղաքականացված էր։ Դա նշանակում էր փոխել կրթական պլանները, փակել հին, այլեւս պահանջարկ չունեցող մասնագիտությունները եւ բացել նորերը, մշակել ուսումնական պլաններ, ծրագրեր, որոնց համապատասխան պետք է լինեին նաեւ դասագրքերը, ուսումնական ձեռնարկները։ Ամենակարեւորըՙ անհրաժեշտ էր ունենալ նոր մասնագետներ, վերաորակավորել շատ-շատ գիտական կադրեր։ Սրանք շատ դժվար խնդիրներ էին եւ ամենից առաջ պահանջում էին հոգեբանական արգելքների հաղթահարում։ Չեմ թաքցնում, մենք մինչեւ հիմա էլ ունենք պրոֆեսորներ, ովքեր կրթական հին համակարգի պատկերացումներից դեռ այսօր էլ լիովին չեն ձերբազատվել։ Մի խոսքով, անելիքները շատ-շատ էին, եւ դրանք պահանջում էին նաեւ խոշոր նյութական միջոցներ։ 1994-ի ձմռանը Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ի պատիվ Լուիզ Մանուկյան Սիմոնի, ընդառաջեց մեզ եւ հատկացրեց դրամաշնորհ, որը նրա պահանջով տրամադրեցինք այն դասախոսներին, ովքեր նստեցին եւ սկսեցին կրթության բովանդակությունը համապատասխանեցնել այսօրվա կյանքի պահանջներին։ Այդ աշխատանքը կատարվեց հիմնականում մեկ տարում, եւ դա այն ժամանակ մեծ բան էր։ Հետագայում էլ ՀԲԸՄ-ն, «Հայաստանի բարեկամների միությունը» (ԱՄՆ) մեզ շատ են օգնել, որի շնորհիվ ջեռուցման համակարգը փոխեցինք, հյուրերի տունը վերակառուցեցինք, հիմա աշխարհի տարբեր ծայրերից գիտական կադրեր ենք հրավիրում եւ նրանց այդ տանը պահելը պատշաճ է, շինարարական վերանորոգման շատ այլ աշխատանքներ կատարեցինք, չմանրամասնեմ։ Հաջորդ կարեւոր խնդիրը մասնագետների պատրաստումն էր։ Հատկապես տնտեսագիտության եւ իրավագիտության ոլորտի շատ երիտասարդ դասախոսների գործուղեցինք վերապատրաստման արտերկրի գիտական կենտրոններում։ Բայց մինչ այդՙ հարկ էր կապեր ստեղծել նրանց հետ։ Եթե այն ժամանակ մենք պայմանագիր ունեինք 3-4 համալսարանի հետ, ապա այժմ դրանց թիվը հասնում է 80-ի։ Դրանք աշխարհի լավագույն, առաջատար համալսարաններն ենՙ Մոսկվա, Լոնդոն, Քեմբրիջ, Լանկաստեր, Փարիզ, Լիոն եւ այլն։ Հաջորդ քայլն այն էր, որ մեր կրթական համակարգը համաձայնեցրինք միջազգային չափանիշներին։ Առաջ ի՞նչ ունեինք։ Ուսանողը 5 տարի սովորում էր եւ ստանում բարձրագույն կրթության դիպլոմ։ Դա Արեւմուտքում չէր հասկացվում, այնտեղ բարձրագույն կրթությունը շատ վաղուց աստիճանավորված է բակալավրիատի ու մագիստրատուրայի։ Դրա համար էլ մեր շրջանավարտին արտասահմանում հարցնում էինՙ ո՞վ եք դուք, բակալա՞վր, թե՞ մագիստրոս։ Ի՞նչ պատասխանեին։ Այստեղից առաջանում էր այն, որ մեր դիպլոմը դրսում «չէր անցնում», պահանջում էին որոշ քննություններ վերահանձնել։ Հիմա, երբ մենք այդ փոփոխությունը կատարել ենք, նման անհարմարությունը վերացել է, մենք ավելի հեշտ եւ ավելի լայնորեն ենք ինտեգրվում միջազգային գիտակրթական համակարգում։ Մի խոսքով, եթե ընդհանուր հայտարարի բերելու լինենք վերջին 8-9 տարին, ապա պետք է առանձնացնենք երկու փուլՙ համալսարանի պահպանումը (այդ թվում նաեւ ֆիզիկական պահպանումը) եւ կրթական համակարգի բարեփոխումը։ Հիմա սկսվում է երրորդ փուլըՙ կրթության որակի բարձրացումը։ Մեր համալսարանը կարող է եւ պետք է դառնա տարածաշրջանի այն գիտակրթական կենտրոնը, ուր սովորելու ցանկություն ունենան շրջակա երկրների երիտասարդները։ Այսօր մենք այդպիսի մոտ 250 ուսանող ունենք Իրանից, Սիրիայից, Եգիպտոսից, Լատինական Ամերիկայից, անգամ Չինաստանից ու Ճապոնիայից։ Հիմնականում սփյուռքահայեր են, բայց կան նաեւ այլազգիներ։ Նման ուսանողների թվի հետագա մեծացումը մեր նյութատնտեսական խնդիրների լուծման ուղիներից մեկն է, որովհետեւ նրանք ավելի բարձր ուսման վարձ են վճարում, ինչը դեռեւս վեր է մեր համաքաղաքացիների ուժերից։

¬ Այժմ, երբ Դուք ընտրված եւ ոչ թե նշանակված ռեկտոր եք, գիտության եւ կրթության նախարարությունից Ձեր անկախության աստիճանը բարձրացե՞լ է։

¬ Շատ դժվար հարց եք տալիս... Համալսարանի ինքնավարության շարժումը մեծ չափերի էր հասել դեռեւս 1992-ին։ Դրա հետեւանքով եղավ ՀՀ նախագահի այն ժամանակվա հրամանագիրը, ուր համալսարանի ինքնավարությունը հատուկ շեշտված էր եւ կառավարությանը հանձնարարություն էր տրված մշակել համալսարանի եւ ԿԳ նախարարության փոխհարաբերությունները։ 1999-ին, երբ ընդունվում էր «Կրթության մասին» օրենքը, մեզ հաջողվեց նրանում ամրագրել Երեւանի պետական համալսարանի հատուկ, ինքնավար կարգավիճակի դրույթը։ Ակադեմիական խնդիրներում, կրթության բովանդակության, մասնագիտությունների ընտրության եւ մի շարք այլ հարցերում համալսարանը, կարելի է ասել, ինքնավար է։ Բայց որպես պետական կառավարման լիազորված մարմին, ԿԳ նախարարությունը, իհարկե, ձգտում է իր ազդեցությունը մեծացնել։ Դե, դա ամեն չինովնիկի երազանքն է, ո՛ր բնագավառում էլ լինիՙ դիմադրում է ենթակայի անկախությանը, ինքնուրույնությանը։ Ահա ինչու կոնկրետ իմ պարագայում երբեմն նույնիսկ բարձր մակարդակի որոշ չինովնիկներ տոն են տալիս ամեն կարգի վայրահաչությունների, ուզում են այդ կերպ ինձ վրա ազդելու լծակներ ունենալ... Բայց պետք է ասեմ, որ մենք նախարարության հետ այժմ շատ էլ մեծ հակադրության մեջ չենք։ Ինչ խոսք, միշտ տեղ կա ինքնավարությունն ավելի ընդլայնելու համար, կա նաեւ դրա հակազդեցությունը, բնական է...

¬ Օրինակՙ ընդունելության քննությունների կենտրոնացված համակա՞րգը։ Ժամանակին դասախոսն ինքն էր ընտրում իր ապագա ուսանողին, հիմա նա օտարված է այդ գործընթացից։

¬ Ձեր հարցադրման մեջ տրամաբանություն կա, իհարկե, բուհն ինքը պիտի ընտրի իր ուսանողին։ Բայց ես գտնում եմ, որ ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակում ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգը պահելը ճիշտ է։ Մանավանդ, ավանդույթի համաձայն, ամեն կարգի հանձնաժողովներում համալսարանի դասախոսները շատ են։ Ամենաիդեալականը գիտե՞ք որն է։ Հանրակրթական դպրոցը պիտի հասնի այն մակարդակին, որ ավարտական քննություններով հարցը վերջանա, դիմորդը բուհ գա դպրոցի ավարտական քննությունների իր գնահատականով։ Ամբողջ աշխարհում այդպես է։ Ցավոք սրտի, դա առնչվում է մեր հանրակրթական դպրոցի ներկա վիճակին, որն առայժմ բավարար չէ։ Հանրակրթության մակարդակը սոցիալական եւ այլ պատճառներով զգալիորեն իջել է։ Մեր լավագույն ուսուցիչների մի խոշոր զանգված, ցածր աշխատավարձերի պատճառով, դպրոցը հարկադրված թողել է։ Հաջորդ պրոբլեմը այսպես կոչված ռեպետիտորությունը, մասնավոր պարապելն է, որ հիմա շատ տարածված է։ Ըստ իս, դա աշակերտին ոչ թե համակարգված գիտելիքներ է տալիս, այլ ընդամենը վարժեցնում է ընդունելության քննություններ հանձնելուն։ Այլ բաներ էլ կան, որոնց հետեւանքով հանրակրթական դպրոցի մակարդակն իջել է։ Թեեւ չի կարելի չնկատել, որ դպրոցը դասագրքերով, նոր առարկաներով հագեցնելու ուղղությամբ վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել։ Բայց այստեղ էլ, իմ կարծիքով, անհարկի մեծացվել է աշակերտի ծանրաբեռնվածությունը, նա չի հասցնում այս ամենը «մարսել»։

¬ Որովհետեւ չի՛ կարդում։

¬ Դա ընդհանուր երեւույթ է, ոչ միայն աշակերտները, ուսանողների մի զգալի մասն էլ չեն կարդում։ Նախկինում գրքերի բաժանորդագրություններ կային, հիշո՞ւմ եքՙ ի՜նչ հերթեր էին գոյանում գրախանութների առաջ։ Հիմա գրախանութներն էլ են խիստ պակասել։ Բայց չէի ասի, թե ներկա սերնդի մեջ գիտելիք ստանալու ձգտումն ավելի պակաս է, քան առաջ էր։ Այսօրվա երիտասարդների գիտելիքների ծավալը անհամեմատ մեծ է, քան այդ տարիքում մեր սերնդինն էր։ Ինչո՞ւ։ Որովհետեւ տեղեկատվության աղբյուրները շատ ենՙ հեռուստացույց, ինտերնետ։ Դրանք գրքերին չեն փոխարինում, անշուշտ, սակայն զգալիորեն լրացնում են չկարդալու բացը։

¬ Վերադառնանք Ձեր ընտրությանը։ Հարգելով Ձեր անձը, վաստակը, դիրքը հասարակության մեջՙ անկեղծորեն զարմացած եմ, որ Ձեր ընտրության հարցի շուրջ զանազան շահարկումներ եղան։ Ինչո՞վ էին դրանք պայմանավորված եւ ի՞նչ կուզենայիք պատասխանել շահարկումներին։

¬ Դրանց համալսարանի հանրությունն արդեն պատասխանել է, ես ռեկտոր եմ ընտրվել ձայների գրեթե 90 տոկոսով։ Բայց այդ շահարկումներն իրենց պատճառն ունեին, անշուշտ։ Դա որոշակի քաղաքական ուժերի պատվերն էր, որոնք կուզենային համալսարանում անկայունություն տեսնել։ Համալսարանը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում միշտ էլ իր տեղն ունեցել է, եւ այդ ուժերին դուր չեկավ հատկապես այն հանգամանքը, որ ռեկտորի ընտրություններին նախորդող շրջանում կայացավ համալսարանական հանրության եւ հանրապետության նախագահի հանդիպումը։ Մենք ունեինք բազմաթիվ պրոբլեմներ, որ բարձրացրինք նախագահի առջեւ, այն էլ ոչ միայն գիտության ու կրթության, այլեւ հասարակությանը հուզող շատ այլ խնդիրների մասին։ Նախագահը դրանց պատասխանեց, իսկ Ղարաբաղի խնդրի մասին նրա պատասխանն արժանացավ համալսարանականների ծափահարությանը։ Որոշակի ուժերի դա դուր չեկավ, նրանք կուզեին, որ համալսարանը նախագահին հակադրվեր։ Ա՛յդ էր նրանց ցանկությունը, եւ ռեկտորի ընտրության հարցի շուրջ զանազան շահարկումների միտումը դա՛ էր։ Հարցը ոչ այնքան իմ անձի հետ էր կապված, որքան այդպիսիների այն ցանկության, որ իմ փոխարեն տեսնեին այնպիսի նոր մարդու, որի օրոք հնարավոր լիներ համալսարանում ապակայունություն ստեղծել եւ քաղաքական դիվիդենտներ շահել։ Ցավոք, դրան ինչ-որ չափով տոն տվեցին նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այնինչ խնդիրը պետք է դիտարկել մեր երկրի հասարակական կյանքում համալսարանի դերի հայեցակետից։ Նախկինում իշխանություններին քննադատելը անսովոր, գրեթե բացառիկ երեւույթ էր, չէ՞։ Իսկ համալսարանը միշտ պահպանում էր իշխանություններին քննադատելու այդ գրեթե բացառիկ ավանդույթը։ Համալսարանի ողջ պատմության ընթացքում այդպես է եղել, համալսարանականները սերնդե-սերունդ իրենց իրավունք էին վերապահում օրվա իշխանություններին քննադատելը, թերությունները մատնանշելը, երբեմն շատ սուր հարցեր բարձրացնելը։ Հիմա այդպիսի քննադատությունը սովորական բան է, հանդիպում է ամենուրեք, ամեն քայլափոխի, դեղին մամուլի էջերից մինչեւ հանրահավաքային հրապարակները։ Եվ շատերը հիմա համալսարանին նույն կերպ են նայում, թե ինչո՞ւ, իբր, համալսարանը սուր բաներ չի ասում։ Բայց ես կարծում եմ, որ համալսարանը պետք է ասի (եւ ասում է) իր մակարդակին վայե՛լ, գիտականորեն հիմնավորվա՛ծ, հասարակայնորեն կարեւո՛ր բան։ Էժան աղմկարարությունը համալսարանին չի՛ սազի, դա մեզ համար չէ՛։ Եվ ընդգծում եմ, որ չի եղել հասարակությանը հուզող որեւէ լրջագույն պրոբլեմ, որի առթիվ համալսարանը ներկայացրած չլինի իր արձագանքը։

¬ Չե՞ք կարծում, որ համալսարանի վրա սկսված «արշավանքը» ժամանակակից մտավորականությանը վարկաբեկելու ընդհանուր գծի շարունակությունն է։

¬ Այնպես ստացվեց, որ մեր մտավորականությունը մի տեսակ կողքի մնաց, չներգրավվեց կառուցողական աշխատանքի մեջ մանավանդ այն կտրուկ փոփոխությունների շրջանում, որ կատարվում էին քաղաքական, տնտեսական ու սոցիալական ոլորտներում։ Մյուս կողմից էլ, մտավորականությունը տեսավ, որ իր ընդերքից դուրս եկան ամենաանվայել, գիտելիքներ ու արժանիքներ չունեցող, չկայացած մարդիկ, ովքեր միանգամից առաջ գնացին դեպի իշխանության շատ բարձր ոլորտներ։ Դա հիասթափություն առաջացրեց։ Ցավոք սրտի, այսօր էլ հատկապես կադրային քաղաքականության մեջ դա ինչ-որ չափով արտահայտվում է։ Բացի այդ, մտավորականության մի շատ մեծ մասի սոցիալական վիճակը ծանր է, եւ նա զբաղված է օրվա հաց վաստակելով։ Գումարեք սրան նաեւ այն, որ հիմա ո՛վ ասես կրթական հաստատություններ, զանազան «ակադեմիաներ» է հիմնում, անդամագրվում դրանց եւ ստորագրում... «ակադեմիկոս»։ Շա՜տ են արժեզրկվել գիտական կոչումը, վաստակը, մարդու բարոյական արժեքը...

¬ Ի դեպ, մասնավոր բուհերի մասին մի փոքր ավելի հանգամանալից։

¬ Դրանք, անշուշտ, պետք է լինեն, մեր կյանքի իրողություններից են։ Սակայն կարծում եմ, որ նրանց ստեղծման, հավաստագրման, կրթության մակարդակի վրա պետք է լինի ավելի խիստ վերահսկողություն։ Նրանք պետք է կարողանան իրական մրցակցության մեջ մտնել պետական բուհերի հետ, ինչը վերջիններիս պատասխանատվությունն էլ կբարձրացնի։ Ափսոս, դա մեզանում դեռ չի հաջողվել։

¬ Փոխարենը մասնավոր բուհերը հիմա պետական նմուշի, նրան հավասար դիպլոմ տալու իրավունք են ուզում։

¬ Հավասարն ու անհավասարը սխալ բան է։ Ամեն բուհ, մասնավոր թե պետական, պետք է ի՛ր դիպլոմը տա։ Դիպլոմը պետական կամ ոչ պետական նմուշի չի լինում, կոնկրետ բուհի՛նն է լինում։ Ամբողջ աշխարհում այդպես է։ Կյանքը, պրակտիկ աշխատանքը պիտի ապացուցեն, թե ո՛ւմ շրջանավարտի գիտելիքների մակարդակն ինչպիսին է, ո՛ւմ դիպլոմն իրականում ի՞նչ «արժե»։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի...

Հարցազրույցը վարեց ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4