«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2002-04-09 | #66, 2002-04-10 | #67, 2002-04-11


ԿԱՇԽԱՏԵ՞Ն «ԴՈՂԱԳՈՐԾԸ», «ՆԱԻՐԻՏՆ» ՈՒ «ՊՐՈՄԵԹԵՅ ՔԻՄՊՐՈՄԸ»

Ըստ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարիՙ ձեռնարկվել են կոնկրետ քայլեր

Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Աշոտ Շահնազարյանի հանդիպումը լրագրողների հետ նպատակ ուներ ներկայացնել արդյունաբերական ոլորտի արձանագրած ցուցանիշները 2002 թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում։ Ամփոփ պատկերը հետեւյալն էՙ արտադրության ծավալներն աճել են 20 տոկոսով, արտահանումըՙ 38 տոկոսով։ Դա այն դեպքում, երբ քիմիական արդյունաբերությունն անցյալ տարի մեծ նահանջ է ապրել, արտադրանքը կազմել է նախորդ տարվա արտադրանքի ընդամենը 16 տոկոսը։ Այլ ոլորտներից առաջընթաց են արձանագրել հանքարդյունաբերությունըՙ 27 տոկոս արտադրության աճ, 22 տոկոսՙ արտահանման, ակնագործությունըՙ 38 եւ 66 տոկոս եւ այլն։

Քիմիական արդյունաբերության մեջ արձանագրված անկումը փոխնախարարը բացատրեց երկու խոշորագույն ձեռնարկություններիՙ «Նաիրիտի» եւ «Պրոմեթեյ քիմպրոմի» աշխատանքի դադարեցմամբ։ Այդ խնդրի լուծման նպատակով կառավարությունն արդեն ընդունել է որոշում այդ երկու ձեռնարկությունները ավելացած արժեքի հարկի գծով նախնական վճարից ազատելու մասին։ Դրանով այդ մասով շրջանառու միջոցները չեն սառեցվի եւ ձեռնարկությունները գործելու ավելի լավ հնարավորություններ կունենան։ Մասնավորապես «Նաիրիտ¬1»-ի աշխատանքը վերսկսելուն կնպաստի նրա լիազորագրային կառավարումը ստանձնած «Ռանսատ» բրիտանական ընկերությանը ձեռնարկության բաժնետոմսերի լրիվ փաթեթի հանձնումը։ Հարցի քննարկումը կսկսվի մոտ օրերս։ Հիմնավորումն այն է, որ սովորաբար մինչ սեփականաշնորհումը ներդնողը, հավատարմագրային կառավարման դեպքում անգամ, չի կատարում իր ներդրումները։ Եվս մեկ տեղեկություն, որ հայտնեց Աշոտ Շահնազարյանը, վերաբերում էր «Դողագործին»։ «Ազգում» անդրադարձել էինք այստեղ ծագած խնդրին, համաձայն որի, նոր սեփականատիրոջը փոխանցվելիք գույքը տրվել էր հարկադիր կատարման վարչությանը։ Երեկ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը հայտնեց, որ «իրավական դաշտը մաքրվել է եւ գույքի հայցը հետ է վերցվել»։ Երեկ արդեն պետք է ստորագրվեր վերջնական համաձայնագիրը, եւ մեկ ամսվա ընթացքում գործարանը կսկսի աշխատել։ Մեկ այլ նոր սեփականաշնորհված գործարանՙ «Ալմաստն», արդեն սկսել է տեխնիկական ալմաստի արտադրությունը։ Թեթեւ արդյունաբերության ոլորտում փոխնախարարն ակնկալում է, որ կպահպանվեն աճի տեմպերը։ Այստեղ ուրախալին այն է, որ մեր գործող ձեռնարկություններն աստիճանաբար նվազեցնում են տոլինգի (պատվիրատուի պահանջած արտադրանքի) բաժինը եւ սկսում են թողարկել սեփական արտադրանքը։ Մտադրություն կա կոշիկի արտադրությունն ու կաշեգործությունը «բերել դաշտ» եւ աջակցել դրանց։

Աշոտ Շահնազարյանին ուղղված «Ազգի» հարցերը հետեւյալն էին. ի՞նչ է արվում սարքաշինության, մեքենաշինության եւ էլեկտրաէներգիայի ոլորտը բարելավելու ուղղությամբ, որի շուրջ 150 ձեռնարկություններից մասամբ աշխատում են մի քանիսը եւ ի՞նչ է սպասվում այս տարի գերակա համարված փոքր եւ միջին բիզնեսի բնագավառում։ Առաջին հարցի պատասխանում առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը խոստովանեց, որ հնարավորությունները սահմանափակ են։ Ե՛վ շուկայի պահանջարկն է նվազել, ե՛ւ մեր ձեռնարկությունների սարքավորումներն են հնացած, ե՛ւ դրանց վերազինման հնարավորություններն են փոքր։ Այստեղ ելքը առավել խոշորները վերակազմավորելն է փոքր ձեռնարկությունների եւ ըստ այդմ շուկաներ փնտրելը։ Ինչ վերաբերում է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, ապա այստեղ արվել են օրենսդրական եւ կազմակերպչական քայլեր, եւ այս տարի Աշոտ Շահնազարյանն ակնկալում է շուրջ 3 հազար փոքր ձեռնարկությունների բացում։

Արտահանմանն աջակցելու քաղաքականությանն անդրադառնալովՙ փոխնախարարը տեղեկացրեց, որ նախարարության նախաձեռնությամբ Մոսկվայի DLY{-ի տարածքում վարձակալվել է շինություն Հայաստանի ապրանքները ներկայացնելու համար։ Այդ տարածքում այցելուների թիվը օրական կազմում է 60 հազար, իսկ հանգստյան օրերինՙ մինչեւ 300 հազար մարդ։ Այսինքնՙ փաստորեն բիզնես-կենտրոնի ստեղծումը լավ հնարավորություն է մեր գործարարների համար նոր շուկաներ եւ գործընկերներ ձեռք բերելու։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4