Մարաղայի ջարդը ղարաբաղյան շարժման ընթացքում արձանագրված ամենաողբերգական իրադարձություններից մեկը կարելի է համարել։ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացված բռնարարքները հայազգի խաղաղ բնակչության նկատմամբ միշտ էլ ընդգծվել են իրենց դաժանությամբ։
Տասը տարի առաջ, ապրիլի 10-ին, ադրբեջանական բանակի հազարանոց զորախումբը 20 միավոր զրահատեխնիկայի ուղեկցությամբ, հրթիռահրետանային նախապատրաստությունից հետո հարձակվեց Մարտակերտի շրջանի այս ծայրամասային գյուղի վրաՙ հրի ու սրի մատնելով։ Այդ օրը Մարաղայում զոհվեցին 59 խաղաղ բնակիչներ, որոնցից 45-ի դիակները որոշ ժամանակ անց հնարավոր եղավ արտաշիրմամբ հայտնաբերել։ Հրոսակները, գյուղն ավերելուց հետո, իրենց հետ պատանդ վերցրին նաեւ 53 հայազգի տեղաբնակների։ ԼՂՀ իշխանությունների ու միջազգային համապատասխան կազմակերպությունների միջամտությամբ հետագայում 34 պատանդներ փոխանակվել են ու վերադարձվել հայրենիք։ Մյուսների ճակատագիրն առ այսօր անհայտ է։
Թեպետ հայ ինքնապաշտպանական ուժերի կտրուկ հակահարձակման շնորհիվ հաջողվեց ադրբեջանական զինյալներին դուրս վռնդել Մարաղայից, սակայն գյուղն ազատագրված մնաց ընդամենը երկու շաբաթ։ Նոր, ավելի մեծածավալ գրոհ ձեռնարկելով, ադրբեջանցիներին հաջողվեց վերստին գրավել Մարաղան, այս անգամ արդեն նույն գյուղական համայնքն ընդգրկող Մարգուշեւան գյուղի հետ։ Երբեմնի 4660 բնակիչ ունեցող միացյալ Լենինավանը առ այսօր գտնվում է թշնամու հսկողության տակ, իսկ գյուղի բնակիչներըՙ վտարանդիության մեջ։ Մարտակերտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նոր Մարաղա գյուղում ներկայումս բնակվում է շուրջ 300 նախկին մարաղեցի, որոնք ամեն օր արթնանում են իրենց հայրենի բնօրրանը վերադառնալու մշտանորոգ հույսով։
Երեկ, Մարաղայի ողբերգության 10-ամյակի կապակցությամբ, մամուլի ասուլիս էր հրավիրել ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու լրատվության հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ Ներկաները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված խաղաղ բնակիչների հիշատակը։ Մարաղայի ապրիլյան իրադարձությունները գնահատելով իբրեւ Ադրբեջանի կողմից ծրագրված էթնիկական զտման ռազմական գործողություն, Վ. Աթանեսյանը ցավ հայտնեց, որ այդ եղեռնագործությանը միջազգայնորեն պատշաճ գնահատական չի տրվել, թեեւ դրա հակամարդկային բնույթն ակնհայտ է։ Մասնավորապես նա նշեց, որ ելուզակները պղծել են սպանված բնակիչների դիակները, ինչը հաստատվել է նրանց արտաշիրմամբ։ Այդ փաստերը նկարահանվել են, կազմվել համապատասխան փաստաթղթեր։ Փաստագրման գործողություններին ներկա է եղել նաեւ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխնախագահ Քերոլայն Քոքսը, որի վերաբերմունքը հիշյալ փաստերի առնչությամբՙ արտահայտվել է հրապարակումներում։ Մարաղայի ողբերգության վերաբերյալ ժամանակին տագնապ է հնչեցրել նաեւ Ելենա Բոները։ Նրա հավաքած հազվագյուտ փաստաթղթերը նույնպես խիստ կարեւոր առաքելություն կարող են ունենալ Մարաղայի սեւ իրադարձություններին քաղաքական գնահատական տալու գործում։
Վ. Աթանեսյանը իրազեկեց, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում պահպանվում են տեղեկանքներ պատանդների ճակատագրերի վերաբերյալ, որոնցով հաստատվում են, որ նրանցից շատերը պահվել են մասնավոր անձանց մոտ, ինչը եւս գերիների ու պատանդների մասին միջազգային օրենքի կոպիտ խախտում է։ Խորհրդարանականի ներկայացրած տվյալներով, Մարաղայում զոհվածներից 30-ը եղել են կանայք, մյուսներըՙ ծերեր։ Դա վկայում է, որ այստեղ կատարվածը բացառապես եղել է բռնություն խաղաղ բնակչության նկատմամբ, որի բուն նպատակը էթնիկական զտումն էր։
«Ազգի» թղթակցի այն հարցին, թե կոնկրետ քայլեր արվո՞ւմ են տարբեր երկրներ սփռված 4000-ից ավելի մարաղեցիներին վերադարձնելու համար, Վ. Աթանեսյանը պատասխանեց, որ Մարտակերտի շրջավարչակազմում ստեղծված է մի հանձնաժողով, որն զբաղվում է վտարանդված մարտակերտցիների գաղթավայրերը ճշտելով։ Ոչ վերջնական տվյալներով, մարաղեցիների հիմանական մասը բռնագաղթից հետո պատսպարվել է Ռուսաստանի Դաշնությունում։
Մարաղայի ողբերգությունը ցավոտ մի սպի է ոչ միայն հայ ժողովրդի սրտին, այլեւ ցավ պիտի պատճառի միջազգային հանրությանը, քանզի եղեռնագործությունը ոչ ժամանակով, ոչ էլ տարածությամբ չի չափորոշվում։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ