Կարծում է Մուշեղ Սաղաթելյանը
Դատական նիստերը եւ, ընդհանրապես, դատավարությունը բավականին տաղտկալի ընթացք ունեն։ Ձանձրույթը բնութագրական է գրեթե բոլոր դատարանների համար։
Մ. Սաղաթելյանի գործով դատավարությունը ոչնչով չի տարբերվում ընդհանուր պրակտիկայից։ Բայց երբեմն-երբեմն գործընթացը աշխուժանում է։
Երեկվա նիստին ներկայացել էր տուժող Միսակ Մկրտչյանը։ Նա իր դատաքննական ցուցմունքում հավաստեց, որ 1999 թ.-ի նոյեմբերի 5-ին ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության պետ Մ. Սաղաթելյանը ծեծի է ենթարկել իրեն։ Այդ ժամանակ ԱԱՆ քննչական մեկուսարանում Միսակ Մկրտչյանը գտնվում էր որպես «Հոկտեմբերի 27»-ի գործով կասկածյալ։
Տուժողը ցուցմունք տվեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց գտնվող սրճարանում պատահած միջադեպի կապակցությամբ։
Պատասխանելով մեղադրող Կ. Փիլոյանի հարցերինՙ Միսակ Մկրտչյանը մանրամասնեց, որ իրեն ծեծողները եղել են երկուսը։ Մեկն ամբաստանյալն էր, մյուսին տուժողը չի ճանաչում։ Ծեծից հետո էլ շատ դրվագներ տուժողը չէր հիշում, քանի որ արդեն եղել էր վատ վիճակում։
Տուժողին ուղղված պաշտպանի այն հարցին, թե ինչու է նա բացատրություն տվել հենց քննիչ Բաբայանի մոտ, պատասխանեց Մ. Սաղաթելյանը. «Որովհետեւ պատվերը նա է ընդունել»։
Իսկ երբ հարց էր տալիս ամբաստանյալը, ինքն իսկ բավականին ոգեւորվեց։ Նա «Նովոյե վրեմյայի» եւ «Հայկական ժամանակի» Մ. Մկրտչյանի հետ կապված ե՛ւ բռնությունների, ե՛ւ սրճարանի դեպքերի կապակցությամբ ցանկացավ իմանալ, թե դրանցում ինչն է կապված իր անվան հետ։
Չլսելով, թե ինչ է պատասխանում տուժողը, Մ. Սաղաթելյանն ինքը պատասխանեց. «Եթե ինչ-որ առնչություններ կան, դատե՛ք ինձ»։ Հետագա երկխոսությունն էլ գնաց այն ուղղությամբ, թե Միսակ Մկրտչյանը միջնորդություն է արել (ծեծի կապակցությամբ), հետն էլ նշել, որ անուններ կտա միայն իր միջնորդությունը հարգելուց հետո։ Բուն երկխոսությունն այսպիսին էր.
Մուշեղ Սաղաթելյան.
¬ Հարգելը ո՞րն է, որ ինձ գնդակահարե՞ն։
Միսակ Մկրտչյան.
¬ Չէ, ինձ պիտի գնդակահարեն։
Մուշեղ Սաղաթելյան.
¬ Քեզ վաղուց պիտի գնդակահարած լինեին, որ հիմա ստեր չասեիր։
Այստեղ մեղադրողը միջամտեց, թե ասվածը սպառնալիք է տուժողի նկատմամբ։ Ամբաստանյալն արձագանքեց ներողությամբ։ Այնուհետեւ Մ. Սաղաթելյանն սկսեց պարզել, թե տուժողն ինչպիսի վերաբերմունք ունի Նաիրի Հունանյանի նկատմամբ։
Դատավոր Լալայանը հարցը հանեց, ինչի համար.
Մ. Սաղաթելյան.
¬ Միակողմանի մի արեք, թե չէ...
Դատավոր.
¬ Թե չէ... ի՞նչ։
Դատավորի հարցը թողնելով անպատասխանՙ ամբաստանյալը շարունակեց նույն ոգով. «Հերիք չէ անօրինական բերել, կանգնեցրել եք այստեղ, հիմա էլ չեք թողնում...»։
Սրանով Միսակ Մկրտչյանի ցուցմունքն ավարտվեց։ Ի դեպ, այդ ընթացքում ամբաստանյալը, իր ոճով, մի հարց էլ տվեցՙ սրճարանի դեպքի կապակցությամբ. «Լուսինեի («Նովոյե վրեմյայի» թղթակցի) ճակատին կա՞ր գրված, որ լրագրող է»։
Հաջորդը ներկայացել էր Գորիսի ճանապարհին փախուստի դիմած կալանավորների դեպքի ժամանակ Սյունիքի տարածաշրջանային վարչության պետը։ Նա շատ հանգիստ հայտարարեց, որ բոլորն են 2 կալանավորներին ծեծել ու հայհոյել։ Ըստ նրա. «Հո խորովածով չէինք դիմավորելու»։
Մյուս 2 վկաները, ըստ էության, անտեղյակ էին քր. գործի նյութերից։
Ա. Հ.