«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2002-04-09 | #66, 2002-04-10 | #67, 2002-04-11


ԱՄՆ-Ը ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ԵՐԿԻՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Կրճատվում են այցագրերի ժամկետները

Այս շաբաթվանից ԱՄՆ իշխանությունները սահմանում են ուսանողական այցագրեր ստանալու նոր կանոններ եւ կրճատում գործարարական այցագրերի գործողության ժամկետը։ Տվյալ միջոցները ձեռնարկվում են հակաահաբեկչական պայքարի շրջանակներում։

ԱՄՆ մեկնել պատրաստվող օտարերկրացի ուսանողները, զբոսաշրջիկները եւ գործարարները պետք է վաղօրոք հոգան իրենց այցագրերի մասին։ Ուսանողներն ԱՄՆ մուտք կգործեն բացառապես ուսման, զբոսաշրջիկներըՙ զբոսաշրջության, գործարարներըՙ գործարարության համար։ Այցագրի կարգավիճակի փոփոխությունն այսուհետեւ փաստորեն անհնար կդառնա։ Արդեն ԱՄՆ-ում գտնվող եւ այնտեղ սովորել պատրաստվող զբոսաշրջիկներն ու գործարարներն ընդամենը 30 օրում պետք է դիմեն ուսանողական այցագիր ստանալու համար։

Մյուս նորամուծությունն այցագրերի ժամկետների կրճատումն է։ Գործարարական կամ զբոսաշրջային այցագրերի գործողության ժամկետը 6 ամսից կիջեցվի 30 օրվա։ Ժամկետի երկարաձգումը չափազանց կդժվարանա. հարկ կլինի ԱՄՆ ներգաղթի ծառայության աշխատակիցներին համոզել, թե երկրում ձեր գտնվելն անհրաժեշտություն է։

Նոր կանոնները չափազանց ծանր կացություն են ստեղծում այսպես կոչված անօրինական ներգաղթյալների համար։ Խոսքը ժամկետանց այցագրով ԱՄՆ-ում գտնվող անձանց մասին է։ Մինչեւ ապրիլի 8-ը այդ անձինք կարող էին պաշտոնապես խնդրագիր ներկայացնել, ակնկալելով իրենց կարգավիճակի փոփոխում։ Այս կարգը եւս չեղյալ է հայտարարվում։ Հիշյալ անձանց 30 օր է տրվում իրենց կեցությունն օրինականացնելու համար։ Այդ ժամկետի ավարտից հետո անօրինական ներգաղթյալները կարտաքսվեն երկրից, նրանց անունները կհայտնվեն «սեւ ցուցակներում», այցագրեր ստանալու նոր խնդրագրերը քննության չեն առնվի։

Այցագրային քաղաքականության կտրուկ խստացումը պատճառաբանվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններով։ Հայտնի է, որ 19 ահաբեկիչներից Մոհամմեդ Աթան եւ Մարվան ալ Շեխին անցյալում ԱՄՆ էին մուտք գործել զբոսաշրջային այցագրերով։ Այդուհանդերձ մնացել էին երկրում, սովորել Ֆլորիդայի օդաչուական դպրոցում եւ ապա ղեկավարել Համաշխարհային առեւտրի կենտրոնի զույգ երկնաքերներն ավերած «Բոինգները»։

Ի դեպ, ԱՄՆ Ներգաղթի եւ հպատակագրման ծառայությունը վերջերս հայտնվեց աղմկալի սկանդալի մեջ։ Նախագահ Ջորջ Բուշը զայրույթը չի թաքցնում կառավարական գերատեսչության աշխատանքի անթույլատրելի դանդաղկոտության առնչությամբ։ Այնպես որ, այցագրային բարեփոխումների անհրաժեշտությունը վաղուց հասունացել էր, իսկ սեպտեմբերի 11-ի դեպքերը լոկ արագացրին։ Նոր կարգի անվիճելի առավելությունն ազգային անվտանգության ուժեղացումն է։ «Գազետա» թերթի տվյալներով, ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալներն այսուհետեւ կվերահսկեն ինչպես հայցվորներին, այնպես էլ արդեն ԱՄՆ-ում գտնվող ուսանողներին, գործարարներին եւ զբոսաշրջիկներին։ Մինչդեռ սեպտեմբերի 11-ից առաջ ԱՄՆ-ում եղած ավելի քան 600 հազար օտարերկրացի ուսանողների գտնվելու վայրի եւ իրական գործունեության մասին իշխանությունները քիչ բան գիտեին։

Մյուս կողմից, վերահսկողության խստացումը կարող է զգալիորեն կրճատել ԱՄՆ մեկնող զբոսաշրջիկների եւ ուսանողների թիվը։ Երկրի զբոսաշրջության միության ներկայացուցիչներն արդեն տագնապ են հնչեցնում այս կապակցությամբ։ Սեպտեմբերի 11-ից հետո զբոսաշրջիկների թիվն առանց այդ էլ նվազել է։ Միության ներկայացուցիչները հատկապես բողոքում են զբոսաշրջային եւ գործարարական այցագրերի ժամկետի վեցակի կրճատման դեմ, որը վերջին հաշվով կարող է հարվածել ԱՄՆ գործարար կյանքին։

Պ. ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4