«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2002-04-10 | #67, 2002-04-11 | #68, 2002-04-12


ՀՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՈՐՊԵՍ ՎԿԱ

Մուշեղ Սաղաթելյանի քր. գործով դատավարությունը կարծես թե մոտենում է ավարտին։ Ամեն դեպքում, նվազում են դատարանի դահլիճի մշտական այցելուները, նիստերին ներկայացող վկաները։ Կարճվում է նաեւ դատական նիստի ձգձգվածությունը։

Երեկվա նիստին ներկայացած առաջին վկան ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն էրՙ Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Նա սկսեց նրանից, որ Մ. Սաղաթելյանի դատավարությունը քաղաքական գործընթաց է։ Ապա մի ռեպլիկ էլ ուղղելով այն «... սակավամիտ լրագրողներին, որոնք Մ. Սաղաթելյանին ներկայացնում են որպես «Հանրապետություն» կուսակցության անդամի», վկան անցավ իր ցուցմունքին։

Նա նշեց, որ «Շեյթանի»ՙ կուսակցության գրասենյակ գալու ժամանակ բացակայել է հանրապետությունից։ Վերադարձին Ալբերտ Բազեյանը պատմել է գործակալի այցելության մասին։

Վկան ամբաստանյալից տեղեկացել է, որ վերջինս ճանաչում է «Շեյթանին», որին սկզբից եւեթ կասկածել է։ Ի դեպ, ըստ Արամ Սարգսյանի, Մ. Սաղաթելյանը միշտ աշխատել է իրեն հեռու պահել նման կասկածելի մարդկանցից։

Գործակալի հետ մի քանի հանդիպումից հետո ամբաստանյալը Ա. Սարգսյանին ասել է, որ «Շեյթանը» հատուկ ուղարկված մարդ է։ Ապա ցուցմունքը վերածվեց միտինգի։

«Անհասկանալի է, թե նման կասկածելի մարդը («Շեյթանը»-Ա. Հ.) ինչպես է հայտնվել կուսակցության գրասենյակում... Մենք պետք է գտնենք նրանց, ովքեր նրան ուղարկել են։ Եթե գտնենք, ուրեմն կգտնենք նրանց, ովքեր կազմակերպեցին «Հոկտեմբերի 27»-ը։ ... Ես համարում եմ, որ Մ. Սաղաթելյանի նկատմամբ գործը սարքված է եւ հետեւանք է նրա հայտարարության»։

Միտինգն, ըստ էության, բուն ընթացքի մեջ չհասցրեց մտնել։ Ընդմիջեց դատավորը, այն հիմնավորմամբ, թե դատարանում պետք է խոսել ըստ էության եւ առանց քաղաքական գնահատականների։ Վկան դժգոհեց, թե ինչպես հարգվի դատարանը, «... քանի նման մարդիկ (չնշեցՙ ովքե՞ր-Ա. Հ.) ազատության մեջ են, իսկ Մուշեղըՙ ճաղերի հետեւում»։

Շարունակելով խոսքն ուղղել դատավորինՙ վկան անցավ միտինգային մոտեցումներին. «Ես կարծում եմ, որ ձեր թոռը երբ դառնա իրավաբան, բաց կանի «Հոկտեմբերի 27»-ի գործը, կտեսնի, որ այդ գործը կապված է այս գործի հետ։ Իսկ ինչի մասին խոսել ենք Մուշեղի հետ, դա մեր գործն է։ Եվ մենք էլի խոսելու ենք դրա մասին»։

Թերեւս հասկանալի են վկայի ե՛ւ ոգեւորությունը, ե՛ւ մտահոգությունը։ Սակայն դատարանն Ազատության հրապարակ չէ։ Եվ այս ատյանում չէ, որ ընթանում է «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը։

Մյուս վկան ամբաստանյալի հորեղբոր տղան էր, որը, դարձյալ կեղծ դիպլոմով, Մ. Սաղաթելյանի միջնորդությամբ հասել էր սպայական բարձր աստիճանի։ Նրա նկատմամբ կեղծ դիպլոմի կապակցությամբ ժամանակին հարուցվել է քր. գործ, որի արդյունքի վրա տարածվել է համաներում։

Վերջինը դատարան էր ներկայացել Սեյրան Ավագյանըՙ 1996 թ. սեպտեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ։ Նա նշեց, որ իր նկատմամբ բռնարարք եղել է, բայց ոչ ամբաստանյալի կողմից։ Սակայն իր ԱԺՄ-ական մի քանի ընկերներ պատմել են, որ իրենց ծեծին մասնակցել է Մ. Սաղաթելյանը։

Այսպիսով, դատական նիստն ավարտվեցՙ ապրիլի 17-ին շարունակվելու որոշմամբ։ Այս ողջ ընթացքից որոշ փաստեր արդեն ակնհայտ են։ Առաջ չընկնելով դատարանի վճռից, այնուամենայնիվ, նկատենք, որ Մ. Սաղաթելյանին ներկայացված մեղադրանքի շրջանակներում դատարան ներկայացած վկաների մեծամասնությունը միայն հաստատեց իր նախաքննական ցուցմունքները։ Իսկ վերջիններս նույն այդ մեղադրանքի հիմքն են։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4