Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները բացահայտել են Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս, վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոնական ինստիտուտի կլինիկայի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի բնակարանում ելուզակային հարձակում կատարած անձանց։ Պարզվել է, որ գիտնականին կողոպտած հանցախմբի (դրա կազմում կար 2 «օրենքով գող») անդամներն արդեն դատված են համանման հանցագործությունների համար։ Նրանց բանտարկության ժամկետները կերկարաձգվեն։
Ակադեմիկոս Հովհաննիսյանի վրա հարձակում կատարվեց 1999 թ. աշնանը։ Նրան զանգահարեցին իբր հեռախոսային հանգույցի աշխատակիցներՙ ասելով, թե իր հեռախոսահամարի վրա սխալմամբ խոշոր հաշիվ է գրված, ուստի իրավիճակը պարզելու համար բաժանորդը պետք է իջնի իր փոստարկղի մոտ։ Երբ բնակարանի դուռը բացվեց, ելուզակները տանտիրոջը ներս հրեցին եւ խոշտանգումների ենթարկելով փորձեցին պարզել փողերի ու թանկարժեք իրերի տեղը։ 66-ամյա ակադեմիկոսն անդրդվելի էր։ Բայց երբ ատրճանակը մոտեցրին գիտնականի քունքին, նրա կինը հանձնեց բոլոր թանկարժեք իրերը։ Ելուզակները տարան 40 հազար դոլար, ոսկեղեն, նկարներ եւ որսորդական հրացան։
Նույն թվականին արդեն կատարվել էին համանման մի շարք ելուզակային հարձակումներ։ Ի վերջո, Մոսկվայի քրեական հետախուզությունը ձերբակալեց դրանց հեղինակ վրացական հանցախմբի անդամներին։ «Կոմերսանտ» թերթի տվյալներով, հանցախմբի մեջ են «օրենքով գող» Բաչուկ Դվալին, կողոպուտների համար բազմիցս դատված Նուգզար Խաչիձեն, նրա ազգանվանակից Գելո Խաչիձեն եւ Բադրի Շաքելաձեն։ 5-րդինՙ «օրենքով գող» Նիկոյին բուժզննության ուղարկեցին հոգեբուժարան, որտեղից նա փախուստի դիմեց, բայց ձերբակալվեց Վրաստանում։ Հանցախմբի մյուս անդամներին Մոսկվայում դատապարտեցին 8¬12 տարվա ազատազրկման։ Սակայն ակադեմիկոսի վրա նրանց հարձակման փաստը չհաջողվեց հաստատել։
Նրանց ճամբարներ ուղարկելուց հետո միայն քրեական հետախուզությունն ստացավ հանցանշաններ, որոնք ապացուցում էին, որ հենց այդ հանցախումբն է կողոպտել Հովհաննիսյանին։ Ձերբակալվեց գողոնի գնորդը, որի տանը հայտնաբերվեց ակադեմիկոսից հափշտակված կտավներից մեկը։ Ձերբակալվածը խոստովանեց, որ այն ստացել է Դվալիի հանցախմբից։ Շուտով Մոսկվայի դատարանում հավելյալ մեղադրանքներ կներկայացվեն ելուզակներին։
Պ. Ք.