«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2002-04-10 | #67, 2002-04-11 | #68, 2002-04-12


ԲԱՑԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ

«ԱԼՄ հոլդինգը» տեղեկատվական դաշտում

Հայաստանում այսօր հասարակության մեջ որոշակի լարվածությունը պայմանավորված է նաեւ սոցիալական բեւեռացումներով, որը եթե ինչ-որ տեղ կարող էր արդարացվել քաղաքական, տնտեսական անկայուն վիճակներով, ապա տեւական լինելու դեպքում անխուսափելիորեն տանում է սոցիալական պոռթկումների։ Տնտեսության զարգացումը աշխատատեղերի ստեղծումովՙ առաջնային խնդիրներից մեկն է դառնում։ Այսօր Հայաստանում ներդրումներ են անում շատ հայ գործարարներ, որոնց գործունեությունն ըստ էության միտված է նաեւ վերոհիշյալ խնդիրներին։ Նրանց մեջ կան այնպիսիք, որ իրենց կապիտալ ներդրումները կատարում են դրսից։ Այս պարագայում կարեւորվում է Հայաստանից դուրս կուտակված կապիտալի ներհոսքը հայրենիք։ Նյութական արժեքների կուտակումները մի խումբ մարդկանց ձեռքերումՙ շահ ապահովելով նրանց համար, անխուսափելիորեն ենթադրում են շահ նաեւ հասարակության համար։ Բայց ավելի շահեկան է, երբ ձեռներեց անհատը հասուն ըմբռնումների տեր է լինում ոչ միայն տնտեսական, քաղաքական հարցերում, այլ նաեւ բարոյականության ընդհանուր շրջանակներում։ Որովհետեւ որքան կարեւոր են գործելակերպի էությունը, քաղաքացիական դիրքորոշումները, նույնքան էլ մարդկային դիմագիծն է կարեւոր արժեքների գնահատման եւ կյանքի իմաստավորման ընդհանուր համակարգում։

«ԱԼՄ հոլդինգը» եւ նրա տնօրեն Տիգրան Կարապետյանին «Ազգ» օրաթերթն իր հրապարակումներից մեկում ներկայացրել է ընթերցողին։ Հեռուստաընկերությունն արդեն ստացել է արտոնագիր, եւ հաղորդումներն ամենայն հավանականությամբ կհեռարձակվեն ապրիլի վերջին։

15¬20 օրից լույս կտեսնի «ԱԼՄ» շաբաթաթերթը նոր ձեւավորումով եւ բովանդակությամբ («Ավանգարդը» չբավարարեց պահանջները)։

Իմ զրույցների տպավորությամբՙ հասարակության, ընդհանուրի հասկացողությունը «ԱԼՄ հոլդինգի» տնօրենի համար առաջնային է, հասարակական շահի գիտակցումը չի շահարկվում, այն վերապրվում է, եւ սա իր 57 տարիների փորձառությունից է, որ բխում է կյանքն արդեն ճանաչած ու ճաշակած մարդու համոզմունքներից, որն իր համար մեկ ձեւակերպում ունի. «Ուզում եմ կյանքիս մնացած մասն ապրել իսկապես արժանապատվորեն»։

Իմ զրույցը Տիգրան Կարապետյանի հետ հասարակության եւ իշխանության փոխհարաբերությունների մասին է, եւ այս համատեքստում գլխավորը բարեփոխումների ծրագիրն է, որին կոչված է նորաստեղծ հեռուստաընկերությունը, իսկ հիմնական նպատակը մեկն էՙ նոր հնչեղություն հաղորդել արժեզրկված հասարակական կարծիքին։ Դրա համար հարկ է պեղել հասարակության շերտերը։ Հասարակական նման կարծիք կարող են ձեւավորել բարոյական նկարագրի տեր, ոչ պատեհապաշտ եւ չվարկաբեկված մարդիկ։

Տիգրան Կարապետյանի նվիրումն իր գործին անժխտելի է, մոտեցումըՙ պրոֆեսիոնալ, նրա օրը բացվում եւ փակվում է հեռուստաընկերության շենքում։ 3 տարեկան դուստրը շատ կարճ ժամանակ Երեւանում է եւ արդեն խոսում է հայերեն։ Ինքը երկար տարիներ ապրել է Վոլգոգրադում, հարստացել այնտեղ, սակայն այժմ, վերադարձել է հայրենիք եւ ներդրումներ է անում Հայաստանում, բարեգործական ակցիաներՙ նույնպես։ (Մաղաքիա Օրմանյանի «Ազգապատում» եռահատոր մեծածավալ աշխատությունը լույս է տեսել Տիգրան Կարապետյանի մեկենասությամբ)։ Գնահատելի են նրա հավատը Հայաստանի ապագայի հանդեպ, ազատ մտածողությունը եւ... հիշողություններն իր անցյալի, մանկության. հին ընկերների ու հարեւանների նկատմամբ ուշադրությունը։ Մանկությունից մնացած հուշըՙ ձիապանը, ձիու հոտը. իր այսօրըՙ տունը Գլենդեյլում, ուր չի այցելում, բայց ամեն կիրակի գնում է իր մանկության թաղըՙ կայարան, զրուցում թաղի բնակիչների հետ, նվերներ տալիս, օգնում կարիքավորներին եւ զարմանում, որ այդ մարդիկ կարող են իր մեքենայի անիվը փչել եւ փող չվերցնել։

«2 տարի առաջ ցանկություն հայտնեցի ներդրումներ անելու։ Ես հպարտ եմ, որ պայմաններ իմ առաջ չեն դրվել։ Իմ կողմից երաշխիքը իմ հեղինակության համար պատվախնդրորեն աշխատելն է։ Եթե ինձ ընդդիմություն եմ համարում, գաղափարական դիրքորոշումներից է։ Ընդդիմությունը չպետք է հանձնել ձախ ծայրահեղականներին։ Ուզում եմ ընդհանուրի հետ միացյալ բարեփոխումներ անել։ Ամեն իշխանություն էլ իր շահն ունի, բայց իշխանությանը դեմք հաղորդում է հասարակությունը։ Պետք է աշխատել առողջացնել հասարակությունը»։

Տեղեկատվական դաշտում նոր զարգացումների ֆոնին «ԱԼՄ» հոլդինգի դերի, «Ա1+»-ի առիթով ստեղծված իրավիճակների, երեւույթի գնահատման, առաջիկա նախընտրական քարոզարշավի ընթացքում հեռուստաընկերության դիրքորոշումների մասին Տիգրան Կարապետյանն այսպես է մտածում. «Ընդդիմության գաղափարն այսօր վարկաբեկված է եւ իշխանության կողմից չգնահատված։ Ընդդիմությունը լավ բան է։ «ԱԼՄ» հեռուստաընկերությունը եւ ես լինելու ենք այնպիսի ընդդիմություն, որ խիստ տարբերվելու է այսօրվա ընդդիմությունից։ Մենք լինելու ենք կենտրոնամետ, կառուցողական, որ ընդդիմադիր է ոչ թե իշխանությանը, այլ այսօրվա վատ ապրելակերպին։ Համագործակցելով հասարակական տարբեր ուժերի հետՙ փորձելու ենք օգնել իշխանությանըՙ գնալու բարեփոխումների ճանապարհով։ Այսօր վստահության դաշտ կա, անժխտելի է սեփականաշնորհման գործընթացը, շինարարությունը թափ է առնում։ Սխալներ կան, օրինազանցություններ եւս, բայց հայկական կապիտալի կողմից ներդրումներ կան այսօր։ Ես ինքս 4 մլն ներդրում եմ արել եւ չեմ ժխտում ներկան։ Մեր ընդդիմությունը մարդկային «դեմք» պիտի ունենա։

Նոր հեռուստաընկերությունների հետ «ԱԼՄ»-ը կլինի առողջ մրցակցության մեջ։ Մեր հաղորդումները կհեռարձակվեն Հայաստանի տարածքով մեկ, կունենանք մեր հեռուստալսարանը։ Շատ եմ ցավում եւ դեմ եմ, որ «Ա1+»-ը զրկվի եթերից, արդեն կայացած համակարգ է, եւ մեր գործընկերներն են։ «Ա1+»-ը, սակայն, ինֆորմացիոն դաշտից վերցնում էր միայն նեգատիվը, իսկ սա կարող է խթանել արտագաղթը։ Մենք էթիկայի սահմաններում պիտի գործենք, որ չվնասենք հասարակությանը։ Իշխանությունները չպետք է խիստ վերաբերվեն «Ա1+»-ին։ Բայց միաժամանակ 6 տարի ինֆորմացիոն դաշտում լինելովՙ «Ա1+»-ը չի ձգտում զարգանալ։ Իրենք խնդիր չունեն Հայաստանով մեկ եթեր դուրս գալու։ Մեծ լսարան չեն կարող ունենալ, եթե դաշտը չեն մեծացնում։ Իսկ այս պայմաններում կծնվեն նոր հեռուստաընկերություններ, որոնք ծախսեր կանեն եւ կգրավեն Հայաստանի ողջ տարածքը։

Հեռուստաընկերության դիրքորոշումը նախընտրական քարոզարշավի ընթացքում լինելու է ի շահ հասարակության։ Մեր եթերը կտրամադրենք ասելիք ունեցող յուրաքանչյուրի։ Համենայն դեպս, 1996-ին Հայաստան չվերադարձա, եւ այդ ալան-թալանին չեմ մասնակցել։ Ասեմ, որ մահացած համակարգը չի կարող վերածնվել։ Այսօրվա իշխանությունների վերաբերյալ եւս հարցեր կան։ Բայց եթե հասարակությունը մշտապես ձգտի իշխանությունների փոփոխության, կայունություն չի լինի։ Չարաշահումներ, գերիշխանություններ կան, իհարկե, ուստի հասարակության մեջ առողջ ուժերի միջոցով անհրաժեշտ է ստեղծել հակակշիռներ։ Հեռուստաընկերությունը կաջակցի այս գործընթացին, եթերը կտրամադրիՙ իշխանության եւ ընդդիմության միջեւ կապ ստեղծելու համար, վերջինիս մենք ծայրահեղությունից կհանենք այս ձեւով։

Սկզբունքորեն ես բարեփոխումների կողմնակից եմ։ Եթե իշխանությունները քայլ են անում դեպի ժողովուրդը, սա դառնում է հասարակության նվաճումը։ Մենք ունենք փոխհարաբերությունների, գաղափարների պրոբլեմ, շահերի բախում եւ ամեն դեպքում մեղադրել իշխանություններին միակողմանիորեն, ճիշտ չէ։ Իշխանությունները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն, եւ մենք կնպաստենք դրան։ Նվազեցումները, պահանջների սահմանափակումները պիտի երկկողմանի լինեն։ Ե՛վ հասարակությունը պիտի ստվերայնությունից դուրս գա, ե՛ւ իշխանությունը պիտի զիջումներ կատարի։ Իշխանությունը մերժելու փոխարեն հարկավոր է հասարակությունը բարձրացնել, հասարակության մեջ լծակներ, կշիռներ ստեղծելՙ ոչ թե բեւեռացնելով պրոբլեմները, այլ նստել բանակցությունների։ Եթերից մենք կբացահայտենք աջ եւ ձախ ծայրահեղությունները, որոնք ժխտում են ներկան, որոնց խոստումներն ապագայի համար են միայն, եւ կամՙ վերադարձ դեպի խորհրդային անցյալ։ Ընդհանրապես քաղաքական շարժումները, կուսակցությունները քաղաքական միջոց են դառնում հատկապես երբ իրավիճակը լարվում է։

Բացասական ամեն երեւույթիՙ արտագաղթի, չարաշահումների, տեղական ինքնակառավարման մարմինների անգործունեության, Երեւանի քաղաքապետի ընտրովիության անհրաժեշտության եւ այլնի մասին կխոսվի։ Ամեն դեպքում մենք ուզում ենք մեր նպաստը բերել հասարակությանը, քաղաքացիական դիրքորոշում չունեցողին չեմ հարգում, լավն է, թե վատըՙ իր համար է։ Մի լեռան վրա, ասենք, էդելվեյս է աճում, ինքն իր համար է գեղեցիկ, ստեղծում է ընդամենը պատրանք։ Իսկ մենք հասարակության մասին ենք խոսում...»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4