Սպիտակում իր խոստումը վերահաստատեց Ռոբերտ Քոչարյանը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Լոռու մարզ, ավելի ճիշտ Սպիտակ քաղաք նախագահ Ռոբերտ Քոչարյանի կատարած այցը սկսվեց Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվող 23 շենքերի (276 բնակարան) շինհրապարակով։ Դրանց նախահաշվային արժեքը 1,8 մլրդ դրամ էՙ 17 հազար քմ ընդհանուր տարածքով։ Բացի այսՙ «Կենտրոն¬1» կոչվող թաղամասից, եւս 12 բնակելիների (105 բնակարան) կառուցում է նախատեսվում «Կենտրոն¬2» թաղամասում։ Այստեղ նախագահը մասնակցեց շենքերից մեկի հիմնադրման արարողությանը։ Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվող շենքերի շինարարության պատվիրատուն «Աղետի գոտի ԾԻԳ»-ն է, իսկ կապալառուն (շինարարության իրականացնողը) «Լոռիշեն» ՍՊԸ-ն։ Աշխատանքների մեջ ընդգրկված են շուրջ 400 շինարարներ։ Նրանց հետ զրույցից պարզեցինք, որ վարձատրությունը գործարքային է եւ միջին ամսական եկամուտը տատանվում է 100 դոլարի սահմաններում։ «Գո՞հ են աշխատանքից եւ վարձատրությունից» մեր հարցին պատշար բանվորներից մեկը պատասխանեց. «10 տարի է չէինք աշխատում, որ տանը նստած փող չէինք ստանում, ո՞ւմ էր պետք»։
Շինհրապարակից Ռոբերտ Քոչարյանը ոտքով շրջելով եկավ Սպիտակի քաղաքապետարան, որտեղ խորհրդակցություն անցկացրեց աղետի գոտու խնդիրների շուրջ։ Շիրակի եւ Լոռու մարզի բոլոր մակարդակների պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումներից հետո նախագահը կարճատեւ հանդիպում ունեցավ լրագրողների հետ։ Հանդիպման ժամանակ մանրամասներ հաղորդվեցին հիմնականում տեղական խնդիրների վերաբերյալ։ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ սկզբնական շրջանում աղետի գոտու վերականգնման աշխատանքները հիմնականում կենտրոնացված էին բնակարանային շինարարության եւ դպրոցաշինության վրա, սակայն այնուհետեւ կյանքը ցույց տվեց, որ հարկ է լուծել նաեւ բարեկարգման, մշակույթի, ճանապարհների կառուցման խնդիրները։ Ներկայումս կարեւորվում են շինարարական աշխատանքների որակի բարելավումն ու ճարտարապետական լուծումները։ Այժմ որակյալ շինարարների կարիքը զգացվում է։ Սպասվող կապիտալ շինարարության ծավալները կազմելու են 35 մլրդ դրամ, որի իրացման համար հսկայական աշխատանք է պետք իրականացնել։ Այն հարցին, թե 2003 թ.-ին աղետի գոտի հասկացությունը վերացնելու իր խոստումը իրակա՞ն է, նախագահը պատասխանեց, որ արդեն 2002 թ.-ին այդպես հնարավոր կլիներ ասել, եթե միայն բնակարանաշինությունն ու դպրոցաշինությունը լիներ, բայց քանի որ ընթացքում ավելանում են այլ հարցեր, դրանք ավելացնում են նաեւ ծախսերը։ Այդուհանդերձ, նախագահը հույս հայտնեց, որ 2003 թ.-ին հրատապ համարվող հարցերը կլուծվեն։
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Վանաձորի «Պրոմեթեյ քիմպրոմի» աշխատանքի վերսկսմանը, հույս հայտնելով, որ դա շուտով տեղի կունենա։ «Պետք է ամեն ինչ անել, որ այն աշխատելով վնասներ չկուտակի», ասաց նախագահը, բերելով «Նաիրիտի» օրինակը։ Վերջինիս վերաբերյալ եւս նա հույս հայտնեց, որ 1¬2 ամսից կաշխատի։
Վերադառնալով աղետի գոտուն, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այստեղ մի քանի տարի առաջ անհույս վիճակ էր եւ բյուջեից ոչինչ չէր տրամադրված վերականգնման համար։ Այդ պատճառով որոշվեց զարկ տալ շինարարությանը եւ հիմնականում նվիրատուների ու սեփականաշնորհման միջոցների հաշվին։ Եվ դա, ըստ նախագահի, հաջողվեց։ Նախագահի ելույթին միջամտեց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը եւ բերեց հետեւյալ թվերըՙ 1989¬97 թթ. աղետի գոտում կառուցվել է 42, իսկ 1998¬2001 թթ.ՙ 58 դպրոց։
Գյումրիում տիրող վիճակին անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այստեղ կատարված աշխատանքների մասին կխոսվի տարեվերջին։ Ինչպես հայտնեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը, այս տարի մարզում եւ Գյումրիում կկառուցվեն 3141 բնակարան (100 շենք), շինարարության ծավալները կավելանան 3 անգամ, կնորոգվեն մշակույթի եւ գիտության բազմաթիվ հաստատություններ եւ այլն։
Մամուլի ասուլիսի ավարտից հետո նախագահը մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Սպիտակի երեք շենքերի բացման արարողությանը։ Դրանք կառուցվել են Հայաստանի գործարարների նվիրաբերած գումարներով, որոնք, ըստ շենքերի, կազմել են 57,8 մլն դրամ 94,3 մլն դրամ եւ 89,7 մլն դրամ։ Արարողության ժամանակ նվիրատուների անունից ելույթ ունեցավ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Նա շնորհավորելով բնակարանամուտ տոնած սպիտակցիներին, ցանկություն հայտնեց, որ այսպիսի քայլերը լինեն պարբերական։
Նախագահի այցելության հաջորդ հանգրվանը Ղուրսալի գյուղն էր։ Այստեղ, 2 տարի առաջ ստեղծված «Արջովիտ» ոչխարաբուծական ֆերմայում, նրան ներկայացրին ֆերմերային տնտեսության գործունեությունը։ Ֆերմայում բուծվող բալբաս ոչխարների բուրդն օգտագործվում է «Թուֆենկյան» գորգերի արտադրության մեջ։ Նույն գյուղի մեկ այլ տնտեսությունումՙ ձկնաբուծական, շուրջ 4000 քմ տարածք ունեցող լճակում բուծվում են 7000 հոլանդական իշխան։ Սակայն Ռոբերտ Քոչարյանի այցելության վերջակետը ոչ թե ձկնաբուծարանն էր, այլ Արջուտ գյուղի ոռոգման ջրատարի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ը։ Այն ունի 500 կվտ հզորություն, որից գործարկվում է 400 կվտ։
Այստեղից նախագահի գլխավորած պատվիրակությունը երեկոյան վերադարձավ Երեւան։