Արցախի ժուռնալիստների միության հերթական հյուրը ԼՂՀ ներքին գործերի նախարար Արմեն Իսագուլովն էր։
Նախարարը ձեռնպահ մնաց նախաբան ելույթից, նախընտրելով անմիջապես պատասխանել լրագրողների հարցերին։
Առաջին հարցը վերաբերում էր գունամշակված ապակիներով ու վարագույրներով քողարկված ավտոմեքենաների երթեւեկությունը արգելելուն։
Նախարարը նշեց, որ վերոհիշյալ միջոցառումը հետեւողական բնույթ է կրելու։ Ընդամենը մի քանի օրում ՊԱՏ աշխատակիցներին հաջողվել է ընդունելի տեսքի բերել հանրապետության տարածքում երթեւեկող տրանսպորտային միջոցների շուրջ 85 տոկոսը։
Ա. Իսագուլովը տեղեկացրեց, որ ՆԳ համակարգում վերջերս ստեղծվել է չորս վարչություն, որոնք կամ պարզապես վերանվանվել են, կամ էլ միավորվել բաժիններով։ Այսպես, ԿՀԴՊ եւ քրեական հետախուզության բաժինները կազմավորվել են իբրեւ մեկ վարչություն։ Նույն կերպ միավորվել են ՆԳՆ ֆինանսական եւ տնտեսական բաժինները։ Իսկ Ստեփանակերտի քաղաքային ու ՆԳՆ 10-րդ բաժինները դարձել են վարչություններ։
Նախարարի խոսքերով, ինքը վերականգնել է պարեկա-պահակային ծառայությունը մայրաքաղաքում, որն անցյալ տարի ՆԳՆ բյուջեի հնարավորությունների հիմամբ կրճատվել էր։
Ա. Իսագուլովը նշեց, որ 2001 թ. սեպտեմբերին, երբ 3-րդ անգամ ինքը նշանակվել է ՆԳՆ ղեկավար, կարեւորել է երեք հարցՙ կարգապահությունը համակարգում, յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատվության ընդլայնումը եւ պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։ Նախարարի խոսքերով, նոր քրեադատավարական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, որոշակի դժվարություններ են կրում օպերատիվ-քննչական ծառայության աշխատակիցները։ Այդ կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ դատախազության եւ ՆԳՆ քննչական վարչության փորձառու աշխատակիցներից բաղկացած մի խումբ գործուղելու ԼՂՀՙ տեղում սեմինարներ անցկացնելու նպատակով։
Մեզ հետաքրքրող այն հարցին, թե ինչպիսի՞ն է հանցագործությունների բացահայտման վիճակը ԼՂՀ-ում, նախարարը դրական պատասխան տվեց, ընդգծելով, որ այդ առումով ԼՂՀ-ն գերադասելի վիճակում է ՀՀ-ից եւ անգամ Ռուսաստանի Դաշնությունից։ Նա նույնիսկ համեմատական ցուցանիշներ վկայակոչեց։ Մասնավորապես, 10.000 բնակչի միջին հաշվարկով գրանցված հանցագործությունների բացահայտումը ՌԴ-ում կազմում է շուրջ 43 տոկոս, ԼՂՀ-ում այդ ցուցանիշը գերազանցում է 90 տոկոսը։
Միեւնույն ժամանակ, նախարարի հավաստմամբ, տեղի է ունեցել ընդհանուր հանցագործությունների թվաճՙ ծանր հանցատեսակների նվազումով։ Հանցագործությունների աճը Ա. Իսագուլովը բացատրեց նրանով, որ վերջին ժամանակներս բոլոր կարգի հանցագործությունները սկսել են գրանցել։ Գրանցումը նպատակ ունի ավելի իրական դարձնել քրեածին իրավիճակի պատկերը հանրապետությունում։ Իսկ ծանր հանցագործությունների նվազմանը զուգահեռՙ ավելացել են նաեւ դրանց բացահայտումները, մանավանդ նախկինում կատարված, ավելացրեց նախարարը։
Ա. Իսագուլովը դեմ արտահայտվեց պատիժների լիբերալացման պրակտիկային, գտնելով, որ հենց մեղմ պատիժներն են նույն անձանց մղում նոր հանցագործությունների, կողմնակի անձինք էլ նման պատժաձեւերից դաս չեն առնում։
ՆԳՆ ղեկավարը չբացառեց կաշառքների հնարավորությունը համակարգում։ Նա նշեց, որ ինքը Արցախի իրավապահ մարմիններում (մարզային դատախազի եւ ՆԳ նախարարի պաշտոններում) աշխատում է 1982 թ.-ից եւ այդպիսի փաստերի նախկինում իրոք հանդիպել է։ Միայն 1984-88 թթ. կաշառակերության համար Ղարաբաղում ազատազրկման են դատապարտվել ՆԳ 14 աշխատակիցներ։ Վերջին տարիներին, Ա. Իսագուլովի խոսքերով, նման փաստեր իրենց մոտ չեն արձանագրվել։ Նա կոչ արեց լրագրողներինՙ այդպիսի փաստեր ունենալու դեպքում անձամբ դիմել իրեն։ Խոսելով ոստիկանների ամսական աշխատավարձի մասին, նախարարը նշեց, որ այն անհամեմատ բարձր է մյուս ոլորտների աշխատավարձի չափերից, ընդ որումՙ նաեւ ՀՀ ՆԳՆ աշխատակիցների աշխատավարձից։
Կա՞ արդյոք թմրանյութերի ապօրինի շրջանառություն ԼՂՀ-ում։
Մեր տված այս հարցին Ա. Իսագուլովը պատասխանեց, որ 90-ական թվականների սկզբին բնակչության մեջ նկատելի էր թմրաբույսերի աճեցման տարածուն միտում։ Ամեն տարի իրականացվող «Կակաչ» օպերացիայի արդյունքում, որոնց ընթացքում ոստիկանների կողմից ոչնչացվել են բանջարանոցներում եւ օժանդակ հողամասերում աճեցվող թմրաբույսերը, իսկ ափիոնային կակաչ եւ կանեփ աճեցնող անձինքՙ պատժվել, այսօր արդեն նման երեւույթները խիստ հազվադեպ են։ Մեծ հաշվով թմրանյութերի ապօրինի շրջանառություն ԼՂՀ-ում գոյություն չունի։ Ինչ մնում է ադրբեջանական իշխանությունների անհիմն հայտարարություններին, Ղարաբաղն իբր թմրանյութերի տեղափոխման տարանցիկ ճանապարհ լինելուն, ապա դա զուտ քաղաքական քարոզչություն է, որի նպատակը ղարաբաղյան հիմնախնդրի բուն էությունից միջազգային հանրության ուշադրության շեղելն է, նշեց նախարարը։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ