Առաջիկա 2 ամսում հերթական փաստաթուղթը կստորագրվի Իրան-Հայաստան գազամուղի վերաբերյալ
Երեկ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում բացվեց «Երկրորդ միջազգային էներգետիկական գիտաժողովը», որին մասնակցում էին ինչպես Հայաստանի էներգետիկ ոլորտի պատասխանատուներն ու գիտնականները, այնպես էլ միջազգային կազմակերպությունների (USAID, USEA, AEAI եւ այլն) ներկայացուցիչներ։ Գիտաժողովը կազմակերպել էր Հայ էներգետիկ ճարտարագետների ասոցիացիան։ Առաջին օրվա ելույթները վերաբերում էին ոլորտի ընդհանուր խնդիրներին, իսկ ըստ խմբերի քննարկվում էին վերականգնվող էներգիայի աղբյուրների, հիդրոռեսուրսների լիարժեք օգտագործման, էներգետիկ համակարգի պլանավորման, շուկայի զարգացման, էներգաարդյունավետության հարցեր։
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն իր ելույթում ընդգծելով, որ Հայաստանը չունի վառելիքաէներգետիկ պաշարներ, կարեւոր համարեց հիդրո եւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը։ Բացի այդ, նա նշեց էներգիայի արդյունավետ սպառման, կառավարման նոր ձեւերի կիրառման անհրաժեշտությունը։ Գիտաժողովի եւ ընդհանրապես բնագավառին առնչվող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով միջոցառման ընդմիջմանը մեր հարցերն ուղղեցինք նախարարին։ Առաջինՙ գիտաժողովի գործնական նշանակության մասին հարցին տրվեց հետեւյալ պատասխանը. «Գործնական աշխատանքն առաջ է անցել գիտաժողովից։ Արեւի եւ քամու էներգիայի օգտագործման ծրագրերն արդեն փորձնական փուլում են։ Գիտաժողովը նախատեսված էր անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն սեպտեմբերի 11-ի իրադարձությունները հետաձգեցին դրա անցկացումը։ Օգտակար եմ համարում։ Տարբեր երկրների փորձին ծանոթանալը կարեւոր նշանակություն ունի»։
¬ Ինչպիսի՞ հիդրոռեսուրսներ ունենք։
¬ Բավական մեծ։ Կարող ենք բազմաթիվ փոքր ՀԷԿ-եր կառուցել։ Դրանք, ճիշտ է, ամբողջ պահանջարկի խնդիրը չեն լուծի, բայց իրավիճակը կթեթեւացնեն։ Այս ուղղությամբ աշխատանքներ են կատարում նախարարությունը, տարբեր ինստիտուտներ եւ ակադեմիան։ Հարկ է նաեւ դաշտը հրապուրիչ դարձնելՙ ներդնողներին փոքր ՀԷԿ-երի կառուցմանը ներգրավելու համար։
¬ Վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ ի՞նչ է արվում։
¬ Ուսումնասիրվում են քամու եւ արեւի էներգիայի զարգացման հնարավորությունները Հայաստանի ամբողջ տարածքում։ Կան որոշակի վայրեր, որտեղ տեղադրված սարքավորումներն ամբողջ տարվա ընթացքում կարձանագրեն քամիների քարտեզը։ Ստացվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի մասին խոսելը դեռեւս վաղ է, քանի որ զանգվածային արտադրություն չկա, բայց շատ ավելի էժան կլինի, որովհետեւ էներգակիրների համար չենք վճարում։
¬ Եթե համադրենք հիդրոռեսուրսների, արեւի եւ քամու էներգիայի հնարավորություններն ու էներգիայի սպառման արդյունավետության բարձրացումը, մեր պահանջարկի ո՞ր մասը կապահովենք։
¬ Ներկայումս արտադրվող էլեկտրաէներգիայի 20¬25 տոկոսը հիդրոռեսուրսներից է ստացվում, 35¬40 տոկոսըՙ ջերմակայաններից, 35¬40 տոկոսըՙ ԱԷԿ-ից։ Բնականաբար, այս մեծ տոկոսը չի կարող ծածկել։ Իսկ ավելի կոնկրետ կպատասխանենք, երբ արեւի ու քամու էներգիայի հնարավորությունների ուսումնասիրություններն ավարտվեն։
¬ Իսկ նոր ատոմակայանի անհրաժեշտություն կլինի՞։
¬ Եթե առանց ԱԷԿ-ի կարողանանք անհրաժեշտ հզորություններ ունենալՙ ոչ, եթե չկարողանանք, ապա առանց ատոմակայանի չի լինի։ Կյանքը ցույց կտա։
¬ Այսպես կոչված գերկորուստների նվազեցման ուղղությամբ ի՞նչ է արվում։ Հայտնի է, որ էներգետիկ համակարգում տարեկան 50¬60 մլն դոլար է կորչում։
¬ Այս տարվա առաջին եռամսյակի օպերատիվ թվերի համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հաշվառման դաշտ է բերվել 2 մլրդ 500 մլն դրամի էլեկտրաէներգիա, որից 1 մլրդ 700 մլն դրամը գանձվել է։ Այսինքնՙ ամսական 1 մլն դոլարից ավելի գումար։ Այդ գումարից 1 մլրդ դրամը բաժին էր ընկնում բնակչությանը, 700 մլն դրամըՙ փոքր եւ միջին բիզնեսին։ Անցած տարվա առաջին եռամսյակի նկատմամբ 50 մլն կվտ.ժ-ով նվազել է էլեկտրաէներգիայի մուտքը բաշխիչ ցանցեր, բայց առաքումը բարձրացել է։
¬ Իրան-Հայաստան գազամուղի հետ կապված կա՞ որեւէ նորություն։
¬ Հուշագրով նախատեսված քայլերը, ըստ ժամանակացույցի, կատարվում են։ Հավանաբար 2 ամսից կստորագրվի հերթական փաստաթուղթը, որը կորոշակիացնի թուրքմենական եւ իրանական կողմերի հետ այս աշխատանքների սկիզբը։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ