Երեկ Ազգային գրադարանում տեղի ունեցավ Ազգային գրադարանային շաբաթվա պաշտոնական բացման արարողությունը։ Աշխարհի մի շարք երկրների գրադարանային աշխատողների հետ մեր երկրում առաջին անգամ նշվելու է Ազգային գրադարանային շաբաթը։ Միջոցառումները տեղի կունենան ինչպես Երեւանում, այնպես էլ հանրապետության մի շարք մարզերում։
Մեր ժամանակներում, երբ գրքի նկատմամբ անտարբերությունը նկատելի է, եւ գիրքը թվում է ժամանակավրեպ երեւույթ, նման միջոցառումը գրադարանային աշխատողների տոնի առիթով, նաեւ խորհրդանշական իմաստ ունի, քանի որ մեր լինելիության կերպը խարսխված է եղել հատկապես մշակույթի, գրքի վրա։ Բացման խոսքում Հայաստանի գրադարանային միության նախագահ Ներսես Հայրապետյանը ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով նրանցՙ նկատեց, որ ամենուր անպաշտպան գրադարանները եւ Հայաստանումՙ հատկապես, բազմաթիվ դժվարություններ են կրումՙ համալրելու իրենց ֆոնդերը, ապահովելու ընթերցողների տեղեկատվական պահանջները։ Նման միջոցառումներով գրադարանները ստանում են հասարակական աջակցություն։
Այսօր տեղեկատվական համակարգում հեղափոխական վերափոխումների հետեւանքով, թվում էՙ խամրում է Գուտենբերգի գյուտի նշանակությունը։ Ինտերնետ համակարգչային ցանցը օրեցօր ավելի է կլանում հազարավորներին եւ թվում է, թե գրադարանները սպառվել են արդեն։ Իրականում դա սխալ մտայնություն է, եւ չնայած ինտերնետ համակարգչային ցանցի տված անսպառ թվացող ինֆորմացիային, այն միաժամանակ կորցնում է մարդու անհատականությունը։ Գիրքը հատկապես հայոց կյանքում միշտ է ունեցել ազգապահպանության առաջնային նշանակություն։
Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրերին մասնակցելու են 15 հանրապետական, 4 բուհական, 9 կենտրոնական տարածքային, 41 քաղաքային, 5 մանկական, բազմաթիվ դպրոցական եւ այլ գրադարաններ։ Շաբաթվա ընթացքում տեղի կունենան 200 տարբեր բնույթի միջոցառումներՙ 50-ից ավելի ցուցահանդեսներ, ցերեկույթներ, հանդիպումներ, քննարկումներ, տասնյակ շնորհանդեսներ եւ կոնֆերանսներ։
Բացման արարողությանը ներկա էին գրադարանային աշխատողներ, մշակութային գործիչներ։ Նյութապաշտության մեր ժամանակներում գրքի եւ մշակույթի դերի կարեւորության եւ գրադարաններին ուշադրություն դարձնելու մասին կրկին հիշեցրեցին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, որն իր նորընծաՙ «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» ժողովածուն նվիրեց Ազգային գրադարանին, պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանը, մշակույթի աշխատողների հանրապետական արհմիությունների նախագահ Ժաննա Թորոսյանը, մշակույթի նախարարության գրադարանային բաժնի պետ Գ. Խաչատրյանը։
Մ. Բ.