Հանդիպում ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Արցախում գործող լրատվամիջոցների ներակայացուցիչների ու հավատարմագրված լրագրողների հերթական հանդիպումը ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ էր։
Իր նախարարական գործունեության շուրջ 2.5 տարվա ընթացքում առաջին անգամ նման կարգի հանդիպում ունենալով, Ս. Օհանյանը խոստացավ այսուհետեւ ավելի հաճախակի հանդիպել լրագրողների հետ, քանզի բանակ-հասարակություն կապն ավելի ամրապնդելու անհրաժեշտությունը կա, ինչը պիտի տեղի ունենա առավելապես լրատվամիջոցների միջոցով։
Հետադարձ հայացք ձգելով ԼՂՀ պաշտպանական բանակի անցած տասնամյա ուղուն, նախարարը նշեց, որ բանակը հիմնականում կայացել էՙ ֆիդայական ջոկատներից վերածվելով կարգապահ, մարտունակ ու հուսալի պաշտպանական կառույցի։
2000 թ. հունվարի 7-ին ստանձնելով հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարությունը, Ս. Օհանյանի խոսքերով, ինքը նախ եւ առաջ կարեւորել է գիտակցված կարգապահությունը։ Քիչ աշխատանք, բայցՙ որակով. սա է իրենց նշանաբանը։
Իբրեւ համակարգում նորամուծությունՙ գեներալը նշեց ռազմական խորհրդի ստեղծումը, որը մինչ այդ չկար։ Միանձնյա որոշումներ կայացնելը սխալ պրակտիկա է, մանավանդ երիտասարդ բանակի համար, ընդգծեց նախարարը։
Մյուս կարեւոր պայմանը, ըստ Ս. Օհանյանի, միջանձնային հարաբերություններն են։ Այսօր զինծառայողին հնարավորություն է տրված ազատորեն արտահայտելու իր տեսակետը, իր ծառայողական գործունեության մեջ լինել անկաշկանդ։ Իսկ դրանում գլխավոր պահանջը նորարական, նախաձեռնողական եւ գիտակցական վերաբերմունք դսեւորելն է։
Զգալի աշխատանք է տարվում նաեւ սահմաններում զինվորի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Նախարարի վկայությամբ, նվազել են անցանկալի պատահարները հակամարտության շփման կետում։ Բոլոր երկրներում սահմանների պաշտպանությունն իրականացնում են սահմանապահ զորամասերը, իսկ մեր պարագայում, ռազմաքաղաքական իրավիճակի թելադրանքով, այդ դժվարին ու սուրբ պարտականությունը վիճակված է մեր պաշտպանական բանակի զինվորներին, եւ այս տեւական սահմանապահությունը պահանջում է զինվորի նկատմամբ մշտական հոգատարություն։
Նախարարը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին։
«Ազգի» թղթակցի առաջին հարցը վերաբերում էր զինվորական հանցագործությունների վիճակին։ Ս. Օհանյանը նշեց, որ այլեւս «հեղինակություններ» չկան բանակում։ Վերացել է նաեւ, այսպես կոչված, «դեդովշչինան», թեպետ դժվար դաստիարակվող կամ քրեական անցյալ ունեցող երիտասարդներ դեռեւս թափանցում են բանակ։ Նրանց ներկայությունն է զորամասերում հաճախ պատճառ դառնում հանցավոր արարքների արձանագրման։ Իսկ ընդհանրապես, երկամյա կանխարգելիչ միջոցառումներն այս ուղղությամբ զգալի արդյունք տվել են, եւ բանակում հանցագործությունների նվազման միտումն առկա է։ Դրան զուգահեռՙ զորամասերում պատահարների թիվն աճել է դրանց ռեալ գրանցման հաշվին, ինչը նախկինում չէր արվում, ասաց նախարարը։
Մեր մյուս հարցը զորակոչի վերաբերյալ էր. հաջողվո՞ւմ է արդյոք 100 տոկոսանոց զորակոչ ապահովել Արցախում։ Ու նաեւՙ նորակոչիկների թվի ո՞ր տոկոսն է, միջին հաշվով, ճանաչվում ծառայության համար ոչ պիտանի։
Ս. Օհանյանն այս կապակցությամբ, նախորդ տարիների համեմատ, զորակոչը գնահատեց արդյունավետ։ Ծառայությունից խուսափելու փորձ անողները գործնականում քիչ են։ Պահպանվում է ծառայության վայրի արտատարածքային սկզբունքըՙ զինվորը պետք է ծառայի իր ծննդավայրից առնվազն 50 կմ հեռու։ Ինչ մնում է նորակոչիկներիՙ առողջության պատճառով զինծառայությանը պիտանի չճանաչվելուն, ապա դա, նախարարի խոսքերով, կազմում է ընդհանուր թվի 8-9 տոկոսը։
Լրագրողների այն հարցին, թե պաշտպանական բանակի ստեղծման ու Շուշիի ազատագրման 10-ամյա հոբելյանի առթիվ մայիսի 9-ին Ստեփանակերտում նախատեսվո՞ւմ է արդյոք զինվորական շքերթ, Ս. Օհանյանը բացասական պատասխան տվեց, պատաճառաբանելով Վերածննդի հրապարակի զբաղվածությունը շինարարական աշխատանքներով։ Տարաբնույթ մարզամշակությաին միջոցառումների շարքում, տոնական օրվա երեկոյան, Ստեփանակերտում եւ Շուշիում կտրվի հրավառություն, տեղեկացրեց նախարարը։
Ինչքանո՞վ են այսօր սպաներն օժտված մասնագիտական գիտելիքներով։ Հարցին ի պատասխան Ս. Օհանյանը նշեց, որ խորհրդային բանակի կադրային սպաների թիվը ԼՂՀ զինված ուժերում այնքան էլ շատ չէ։ Դրա փոխարեն սպաների շուրջ 40 տոկոսը ռազմական ուսում է ստացել ՀՀ, Ռուսաստանի եւ Հունաստանի բարձրագույն ռազմական հասատատություններում։ Կա միայն կադրերի որոշակի պակաս ստորին հրամանատարական օղակներում, որի ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
Բանակի զորության վերաբերյալ գեներալը վստահորեն նշեց, որ հակառակ ադրբեջանական ռազմաքաղաքական առաջնորդների հոխորտանքների, ղարաբաղյան բանակն ավելի է ամրապնդում իր համբավավոր մարտունակությունը եւ միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած ոտնձգության։
ԼՂՀ պաշտպանության նախարարը նաեւ իրազեկեց, որ տարեվերջին կանցկացվի պահեստայիննների եռամսյա հավաք։