«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2002-04-13 | #70, 2002-04-16 | #71, 2002-04-17


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԵՐ

Վ. Օսկանյանը կարեւորեց Թուրքիայի մասնակցությունը տեխնիկական, քաղաքական եւ տարածաշրջանային համագործակցության առումներով

Երեկ Երեւանում աշխատանքներն ավարտեց Եվրամիության (ԵՄ) հովանավորությամբ անցկացվող «Էլեկտրոնային զարգացում Կովկասի համար» տարածաշրջանային խորհրդաժողովըՙ մասնակցությամբ ԵՄ անդամ պետությունների, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային երկրների (Իրան, Թուրքիա, Վրաստան) եւ այլն։ Խորհրդաժողովի ավարտին ընդունվեց հայտարարություն, որում ամփոփվում են երկօրյա աշխատանքների արդյունքները, ակնկալվելիք քայլերը եկող ամիսների, տարիների ընթացքում։ Խորհրդաժողովի հիմնական նպատակն էր խրախուսել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տարածաշրջանային երկրների համագործակցությունը, նպաստել համաշխարհային եւ, մասնավորապես, եվրոպական տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառույցներին ինտեգրումը։ Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում, չորս առանձին նիստերումՙ էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային գործարարություն, էլեկտրոնային կրթություն եւ էլեկտրոնային զարգացում, քննարկվել են այդ նպատակներին հասնելու հիմնական գործնական միջոցներըՙ տեղեկատվական տեխնոլոգիաների մասին հասարակության իրազեկության բարձրացումը, պետական կառավարման համակարգում այդ տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը, կրթության, մշակույթի եւ գիտության, առեւտրի եւ հաղորդակցությունների, ինչպես նաեւ այլ ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ծրագրերի մշակումը։

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով, այս համաժողովը սկիզբ է դնում մի գործընթացի, որը հնարավորություն կտա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային երկրներինՙ ընդհանուր մոտեցում որդեգրել ապագա զարգացման համար։ «Ցավոք, պետք է նշեմ, որ Ադրբեջանը, չնայած ԵՄ-ի հատուկ ջանքերին, չմասնակցեց խորհրդաժողովին։ 1998 թ. Հայաստանը վարչապետի մակարդակով մասնակցեց Բաքվում կազմակերպված ՏՐԱՍԵԿԱ-ի գագաթաժողովին։ Նույն այս օրերին Բաքվում է Հայաստանի 20-հոգանոց պատվիրակությունը եւ մասնակցում է ԵԱՀԿ շրջանակներում ջրի համատեղ օգտագործման խնդիրների կոնֆերանսին։ Սա ցույց է տալիս տարածաշրջանային խնդիրներում մեր եւ Ադրբեջանի հակասությունները։ Բաքուն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը նույնիսկ քաղաքականացրեց եւ փորձեց բոյկոտել երեւանյան խորհրդաժողովը։ Եթե Ադրբեջանը միանալու ցանկություն հայտնի, մենք կողջունենք, եթե ոչՙ ԵՄ-ի հետ համատեղ, տարածաշրջանի մյուս պետությունների հետ փորձելու ենք իրականացնել տարածաշրջանային ծրագրեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում», ասաց Վ. Օսկանյանը։

Հայաստանի արտգործնախարարը երեւանյան խորհրդաժողովում կարեւորեց Թուրքիայի մասնակցությունը տեխնիկական, ինչպես նաեւ քաղաքական ու տարածաշրջանային համագործակցության առումներով։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Թուրքիան ունի տեղաշարժեր, նման մի քանի խորհրդաժողովներ է անցկացրել, եւ մենք կցանկանայինք նրանց հետ լուրջ համագործակցության մեջ մտնել այս ոլորտում, առավել եւս, որ Թուրքիան տարածաշրջանի կարեւոր երկրներից է, իսկ նման համագործակցությունը, բացի դրականից, չի կարող բացասական հետեւանքներ ունենալ»։

Մեր մյուսՙ «կարո՞ղ է նման համագործակցությունը խթան լինել հայ-թուրքական մերձեցման, երկխոսության ոլորտում», հարցին պրն Օսկանյանը պատասխանեց. «Պետք չէ բացառել, ուղղակի հույս պետք է հայտնել, որ այս ոլորտում մեր համագործակցությունը մի բան կավելացնի մեր ընդհանուր համագործակցությանը եւ ի վերջո կբերի Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանների բացմանը, հարաբերությունների բնականոնացմանը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»։

Ի՞նչ տվեց այս խորհրդաժողովը եւ ի՞նչ կոնկրետ քայլեր կարող ենք ակնկալել։ «Կոնկրետ առաջին քայլը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների վերապատրաստման կամ պատրաստման ծրագրի ստեղծումն է, որի շուրջ արդեն կան պայմանավորվածություններ, ԵՄ ՏԱՍԻՍ ծրագրի միջոցով որոշ ֆինանսավորում է հատկացվելու Հայաստանի ֆրանսիական համալսարանի բազայի վրա այդ ծրագրերը սկսելու համար», ասաց Վ. Օսկանյանը։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4