«Մելտեքս» ընկերությունը վերջերս հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անցկացրած ազատ հեռուստահաճախականությունների մրցույթն անօրինական է համարում եւ վիճարկում է մրցույթի արդյունքները դատական ատյանում։
Հայցադիմումում մասնավորապես ասվում էր. «Ազգային հանձնաժողովը, խախտելով մրցույթի մասնակիցների իրավունքները, հայտարարել է առանձին հաճախականությունների մրցույթներ, ինչի համար օրենքով սահմանված իրավասությամբ օժտված չէ։ Ազգային հանձնաժողովն իր գործողություններով խախտել է ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածը։ Ազգային հանձնաժողովն իրավասու չէ տարանջատելու կապուղիները եւ հայտարարել առանձին մրցույթներ յուրաքանչյուրի համար։ Ազգային հանձնաժողովն իր գործողություններով սահմանափակել է «Մելտեքս» ՍՊԸ-ի իրավունքըՙ մասնակցելու բոլոր ազատ հաճախականությունների մրցույթին, եւ խախտել է նաեւ սահմանադրության 8-րդ եւ 24-րդ հոդվածները»։ «Մելտեքս» ընկերությունը խնդրում է անվավեր ճանաչել Ազգային հանձնաժողովի որոշումները հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթներ հայտարարելու մասին։
Առաջին դատական նիստը երեկ էր նշանակված, բայց հետաձգվեց։ Գործի կապակցությամբ ապրիլի 15-ին «Մելտեքս» ՍՊԸ-ն փաստաթուղթ էր ներկայացրել, որի ուսումնասիրության համար դատարանին անհրաժեշտ էր 3 օր։
Մ. Հ.
Հ. Գ. Ինչպես առաջարկների ներկայացման եւ հաղթողի հրապարակման գործընթացները, չսկսված դատավարությունը եւս ուղեկցվում էր Աշոտ Բլեյանի եւ ընկեր-ընկերուհիների աղմկարարությամբ, այնքանՙ որ հօգուտ իրենց դատավորի խոսքերն անգամ դիմավորում էին թշնամական ռեպլիկներով։։