«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2002-04-13 | #70, 2002-04-16 | #71, 2002-04-17


ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԲԱՔՈՒ ԿԱՅՑԵԼԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ

«Հակառակ առողջական ոչ բարվոք վիճակինՙ Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը չափազանց ոգեւորված է Բաքու կատարելիք իր այցով», հայտարարել է Հարավային Կովկասում Վատիկանի դեսպան Կլաուդիո Գուգերոտտին։ 1-օրյա պաշտոնական այցելությունը, որն, ըստ ինտերնետային լրատվության, նախատեսված է մայիսի 22-ին, ծառայելու է քրիստոնյաների եւ մահմեդականների խաղաղ գոյատեւմանը։ Ադրբեջանից հետո պապը մեկնելու է Բուլղարիա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը պապին հրավիրել էր Ադրբեջանՙ 1998-ին Իտալիա կատարած իր այցելության ընթացքում։ 7,7 մլն բնակչությամբ Ադրբեջանում կաթոլիկ համայնքը չափազանց փոքր էՙ ընդամենը 150 հոգի։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Գուգերոտտին նշել է, որ չնայած Վատիկանի աջակցությունն ընդունելի է կողմերի համար, պապն ինքն է որոշելուՙ հակամարտության լուծմանը միջնորդական ջանքերով մասնակցել, թե ոչ։

Մինչ օրս Հովհաննես Պողոս Բ-ի այցելած մահմեդական երկրներն են Սիրիան, Թուրքիան եւ Ղազախստանը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4