Թերեւս այսքանն արդեն բավարար է
Երեկ Մ. Սաղաթելյանի գործով դատավարության հերթական նիստին վկա էր դատապարտյալ Գարիկ Արզումանյանը։ Ըստ Մ. Սաղաթելյանի գործով մեղադրական եզրակացության, բնակարանային գողությունների եւ դասալքության համար 2000 թ.-ին 6,5 տարով դատապարտված Գ. Արզումանյանը որոշել է փախուստի դիմել։ Դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով 2000 թ.-ի փետրվարին նա թիվ 1 քննչական մեկուսարանի ղեկավարությանը տեղեկացրել է, թե գիտե ինչ-որ տեսաերիզի մասին։
Ինչպես պատմեց վկան, ինքը բանտում վարկած է հորինել, թե գիտե Մ. Սաղաթելյանին հետաքրքրող տեսաերիզի մասին։ Ի տարբերություն մեղադրականի, որտեղ նշված է, թե Գ. Արզումանյանն անօրինական կերպով 6¬7 օր պահվել է քրեական պատիժների իրականացման վարչությունում, դատապարտյալը նշեց, որ դա տեւել է մոտ 25 օր։ Ընդ որում, տրվող հարցերի միջոցով այդպես էլ չճշտվեց «մոտ 25 օրը» որքա՞ն է։
Վկան հաստատեց, որ Մ. Սաղաթելյանի հետ գնացել է «2x2» սրճարան, եղել է Վեդի ավանում, քանի որ փախուստի համար հնարավոր տարբերակ էր փնտրում։
Իսկ գնացել են Վեդի, որովհետեւ, ըստ Գ. Արզումանյանի հնարած վարկածի, այնտեղ պիտի լիներ մի նկար, որը որպես «պարոլ» պիտի տրվեր ոմն Մայիսի, ումից եւ պիտի ստանային տեսաերիզը։
Ամեն դեպքում, 23-ամյա Գարիկ Արզումանյանը թեեւ կարողացել էր որոշակի ժամանակ խաբել Մ. Սաղաթելյանին, սակայն իր նպատակըՙ փախուստն իրագործել չէր կարողացել։
Դատարան ներկայացած մյուս 4 վկաները զինվորական ոստիկանության աշխատակիցներ էին։ Նրանց ցուցմունքները վերաբերում էին 1994 թ. նոյեմբերի 9-ին Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարանից Գորիսի բանտ տեղափոխելու ժամանակ փախուստի դիմած կալանավորների բռնվելուց հետո նրանցից 2-ին ծեծի ենթարկելու դրվագին։
Ըստ էության, նշված 4 վկաներից ոչ մեկը ոչ մի էական, նոր ցուցմունք չտվեց։ Ըստ իրենց նախաքննական ցուցմունքների, ծեծվածների վրա ջուր լցնելու հրաման եղել է։ Նրանք դատաքննական ցուցմունքում չէին նշում այդ հանգամանքը, սակայն մեղադրող կողմի հարցերից հետո պնդեցին իրենց նախաքննական ցուցմունքները։
Վերջում Մ. Սաղաթելյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը 2 միջնորդություն արեց։ Նա միջնորդեց, որ դատարանը «Հոկտեմբերի 27»-ի գործը վարող մարմնից խնդրի Միսակ Մկրտչյանի 1999 թ.-ի նոյեմբերի 5-ի հարցաքննության արձանագրության պատճենը։
Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ պաշտպանության նախարարությունից տեղեկանք ստանալուն, թե արդյոք ամբաստանյալը հաշվառվա՞ծ է որպես սահմանամերձ գոտում կամ Ղարաբաղում մարտական գործողությունների մասնակից։
Դատարանը բավարարեց երկու միջնորդությունն էլ։ Դատական նիստն այդպիսով ավարտվեց։
Նիստից հետո մեղադրող Կորյուն Փիլոյանը չբացառեց այն հանգամանքը, որ հաջորդ նիստին այլեւս վկա չներկայանա։ Եվ մեղադրողի այն հարցին, թե ամբաստանյալը պատրա՞ստ է արդյոք նիստին ցուցմունք տալու, Մ. Սաղաթելյանը պատասխանեց. «Միշտ պատրաստ եմ»։
Սպասենք այսօրվա դատական նիստին։ Թերեւս, այսօր հնարավոր կլինի արդեն խոսել այս դատավարության մոտալուտ ավարտի մասին։
Ա. Հ.