Մ. Սաղաթելյանի գործով դատավարությունը մտնում է ավարտական փուլ։ Երեկ դատարան ներկայացավ թերեւս վերջին տուժողըՙ Հովհաննես Աղիարյանը։ Նա ներկայացրեց, որ վերջերս պարզված հեռավոր ազգակցական կապ ունի Մ. Սաղաթելյանի հետ։ Հ. Աղիարյանը տուժող է ճանաչվել «գնդապետների գործով»։ Նա պատմեց, որ գնդապետների հավաքատեղի ծառայած գրասենյակ է ուղարկվել Արծրուն Մարգարյանի կողմիցՙ գնդապետ Գ. Գրիգորյանին կանչելու համար։
Երբ Աղիարյանը մտել է գրասենյակ, նրա հետեւից ներխուժել են դիմակավորներ եւ ձերբակալել ներկաներին։ Ապա տարել են բուսաբանական այգի։ Այդ ժամանակ «...որոշակի չափով տղամարդկային խոսակցություն է գնացել ձեռքի ուժով»։ Այդ գործողությունները հիմնականում կատարում էին դիմակավորները։ Ապա Աղիարյանին եւ մյուսներին տեղափոխել են Մարտունի, 3 օր անց էլՙ ազատ արձակել։
Մեղադրողի հարցերից հետո տուժողը ճշգրտեց, որ տղամարդավարի խոսակցությունը թոշակի անցած գնդապետներին ծեծի ենթարկելն էր։ Ծեծել են նաեւ իրենց, բայց ո՞վՙ չի հիշում։ Ըստ մեղադրող Կ. Փիլոյանի, այս եւ նախորդ ասվածները հակասում էին տուժողի նախաքննական ցուցմունքին, ուստի միջնորդություն արվեց հրապարակելու նախաքննական ցուցմունքը։ Ըստ վերջինի, գնդապետների գրասենյակ են մտել Վազգեն Սարգսյանը, Մոսոն, Արծրուն Մարգարյանը, Մուշեղ Սաղաթելյանը։ Վ. Սարգսյանն ու Մ. Սաղաթելյանը ծեծել են գնդապետներից մի քանիսին, հատկապես Աղաբալովինՙ «մինչեւ արյունլվա անելը»։ Տուժուղին ծեծել է Մ. Սաղաթելյանըՙ «մոտ 15 րոպե ապտակելով»։
Ցուցմունքի ընթերցումից հետո Հովհաննես Աղիարյանը պնդեց իր նախաքննական ցուցմունքը եւ հավաստեց, որ գրվածը ճիշտ է։ Ամբաստանյալին հետաքրքրեց այն հանգամանքը, որ, ըստ տուժողի բացատրության, վերջինս դատախազություն է գնացել եւ Մ. Սաղաթելյանի վայրագությունների մասին հայտնել, երբ թերթերից ու հեռուստատեսությունից տեղեկացել է Մ. Սաղաթելյանի կալանված լինելու մասին։ Հ. Աղիարյանը դա բացատրեց իր աչքի առջեւ իր ղեկավարի նկատմամբ եղած վերաբերմունքով։
Հաջորդը դատարանը լսեց Գորիսի ճանապարհին փախուստի դիմած կալանավորների գործով վկա, Գորիսի բանտի աշխատակից Անդրանիկ Մաչուրյանին։ Նա երկար-բարակ (շատ դեպքերումՙ անհարկի մանրամասներով) պատմեց արդեն հայտնի դեպքը։ Մեղադրողի հարցերին ի պատասխան միայնՙ վկան ճշտեց, որ, իր լսած խոսակցությունների համաձայն, կալանավորներ Զորոյանին եւ Դորոգոնովին ծեծել են, վրաները ջուր լցրել։ Սակայն ո՞վ է հրամայել այդպես վարվել, եւ ծեծին մասնակցե՞լ է արդյոք Մ. Սաղաթելյանըՙ վկան անտեղյակ էր։
Դատական նիստին ներկայացած վերջին վկայի ցուցմունքն ակտիվ վիճաբանություն հարուցեց։ Վկա Վարոս Վարոսյանը ցուցմունք տվեց դարձյալ «գնդապետների գործով»։ Նրա կցկտուր եւ ոչինչ չասող պատմությունից հետո մեղադրող կողմը միջնորդություն արեցՙ վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու համար, քանի որ հակասեց իր ցուցմունքին։ Ամբաստանյալն առարկեցՙ պատճառաբանելով, թե այս դրվագում շոշափվում է նաեւ Վազգեն Սարգսյանի անունը, ինչի կապակցությամբ քր. գործից անջատված մասով դեռեւս նախաքննություն է գնում։
Ցուցմունքը հրապարակվեց։ Ըստ դրա, վկան եւ Հովհաննես Աղիարյանը դեպքի օրը եղել են միասին, երբ Արծրուն Մարգարյանի մարդիկ հայտնել են, որ գնդապետ Գրիգորյանին կանչեն Ա. Մարգարյանի մոտ։ Երբ նշված 2-ը գտել են գրասենյակը, եկել են դիմակավորներն ու տարել բուսաբանական այգի։
Մնացյալըՙ տուժող Հ. Աղիարյանի ցուցմունքի նման, մի հավելումով, որ «ծեծի ժամանակ հատկապես ակտիվ էր Մ. Սաղաթելյանը, կարծես ուզում էր ցույց տալ, որ շատ նվիրված է Վազգեն Սարգսյանին»։
Ցուցմունքի հրապարակումից հետո վկան նշեց, որ գրվածն իրենն է, բայց որոշ բաներ ճիշտ չեն։ «Որոշ բաներն» էլ այն էր, որ Մ. Սաղաթելյանը ծեծին մասնակցում էր «ոչ այնքան ակտիվ»։
Ամբաստանյալը միջամտեց, թե նման կերպ ուզում են մրոտել Վ. Սարգսյանի անունը։ Ապա դահլիճից միջամտեց Մ. Սաղաթելյանի եղբայրը, թե մեղադրողը ճնշում է գործադրում վկայի վրա։ Դատավորը նրան դուրս հրավիրեց։ Ամբաստանյալն էլ արձագանքեց, թե «Մ. Սաղաթելյանի եղբորը 222 հոդվածի գ) մասով տանել»։
Վկան հետագա հարցերին «չեմ հիշում, չգիտեմ»-ով պատասխանեց։
Այսպիսով, թերեւս, վկաների ու տուժողների ցուցակը սպառվեց։ Մ. Սաղաթելյանի ցուցմունքին երեկ հերթ չհասավ։ Արդյոք հաջորդ նիստին ամբաստանյալը կխոսի՞, կիմանանք միայն ապրիլի 22-ին, երբ դատավարությունը կշարունակվի։
Ա. Հ.