Մոսկվայի դատարաններից մեկը մարտի վերջերին 7 տարվա ազատազրկման դատապարտեց «Մետրոս մեդիա» գովազդային ֆիրմայի փաստական ղեկավարինՙ 47-ամյա Ալեքսանդր Բաբայանին, առգրավելով 3 մլն դոլարի ունեցվածք։ Քաղաքի մեկ այլ դատարանի վճռով Մոսկվայի մետրոպոլիտենի խոշորագույն գովազդային գործակալության տնօրենի պաշտոնում վերականգնվեց Վաչագան Հակոբյանը։ Մոսկովյան մամուլը լայնորեն անդրադարձավ ՌԴ իշխանությունների ամենաբարձր ոլորտներում կապեր հաստատած Բաբայանի գործին։ Չէ որ խոսքը մայրաքաղաքի մետրոպոլիտենին տարեկան 5-6 մլն դոլար եկամուտ բերող գովազդային գործակալության մասին էր։
Վաչագան Հակոբյանը «Մետրոս մեդիայի» տնօրեն նշանակվեց 1996 թ. վերջերին։ Հենց այդ ժամանակ էլ անհայտ անձինք փորձեցին առեւանգել նրան, որպեսզի վերահսկողության տակ առնեն նրա բիզնեսը։ Դրանից հետո ընկերները Հակոբյանին ծանոթացրին Ալեքսանդր Բաբայանի հետ, ասելով, թե նա ազդեցիկ մարդ է եւ կարող է լուծել ամեն խնդիր։ Ինքըՙ Բաբայանը, նոր գործընկերոջը ներկայացավ որպես Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) գեներալ, ներկայացնելով համապատասխան վկայական։
Նոր հովանավորի «պաշտպանությունը» հանգեցրեց այն բանին, որ թե Հակոբյանը եւ թե ֆիրման հայտնվեցին Բաբայանի ու նրա մարդկանց վերահսկողության տակ։ Անձամբ Բաբայանին Հակոբյանն ամեն ամիս վճարում էր 10 հազար դոլար։ Բացի դրանից, «Մետրոս մեդիայի» տնօրենին ստիպում էին հարյուր հազարավոր դոլարներ փոխանցել Բաբայանի հիմնած գովազդային փոքր ֆիրմաների հաշիվներին։ Ի դեպ, այդ գործառնությունների հարցով ներկայումս զբաղվում է ՌԴ հարկային ոստիկանությունը։
1999 թ. Վաչագան Հակոբյանն ստիպված ԱՄՆ փախավ այն բանից հետո, երբ հրաժարվեց Բաբայանի ծննդյան օրվա առթիվ նրան նվիրել «Ռոլս Ռոյս» ավտոմեքենա եւ 100 հազար դոլար։ Դրանից հետո Հակոբյանը հազիվ փրկվեց մահափորձից։ Տեղեկանալով ֆիրմայի տնօրենի փախուստի մասին, Բաբայանը նրա պաշտոնում նշանակեց իր կնոջըՙ Լաուրա Բաբայանին, իսկ Հակոբյանի գարաժից հափշտակվեցին «Մերսեդես-Բենց», «Լինքոլն» եւ «Վազ-21» ավտոմեքենաներ։ Ախոյանին ոչնչացնելու նպատակով Բաբայանը նրան ամբաստանեց հափշտակումների մեջ։ Երբ Հակոբյանը վերադարձավ Ռուսաստան, նրան ձերբակալեցին եւ մեկ ամիս պահեցին քննչական մեկուսարանում։ Ազատ արձակվելովՙ նախկին տնօրենը դիմեց դատախազություն, որն էլ սկսեց զբաղվել արդեն Ալեքսանդր Բաբայանի գործով։
Բացահայտվեցին նրա կյանքի մի շարք էջեր։ «Մոսկովսկի կոմսոմոլեց» եւ «Կոմերսանտ» թերթերը տեղեկացնում են, որ Ալեքսանդր Բաբայանն անցյալում արդեն երկու անգամ դատված է եղել։ 1984 թ. Ադրբեջանում բանտարկվել է այն մեղադրանքով, որ ներկայանալով իբրեւ ՊԱԿ-ի աշխատակիցՙ յուրացրել է ավտոմեքենայի գնման նպատակով ընկերոջ տված 9000 ռուբլին։ Իսկ 1989 թ. Մոսկվա է եկել ուղղակի Կրասնոդարի գաղութից։ Գորբաչովյան վերակառուցման պայմաններում սկսել է զբաղվել գործարարությամբ, ստանալով բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությունը, որոնց ինքն «օգնում էր դրամական հարցերում»։
Գաղտնաբար ունկնդրելով Բաբայանի հեռախոսազրույցները, խուզարկուները պարզեցին, որ նա կապեր ունի ոչ միայն Մոսկվայի մետրոպոլիտենում, այլեւ իրավապահ կառույցներում։ Անցյալ տարվա ապրիլի 24-ին ձերբակալությունից հետո նրա մոտ գտան ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի խորհրդականի, ՌԴ նախագահին առընթեր կառավարական կապի ու տեղեկատվության դաշնային գործակալության (ԿԿՏԴԾ) տնօրենի խորհրդատուի, գլխավոր զինվորական դատախազության աշխատակցի վկայականներ, ինչպես նաեւ զենք պահելու թույլտվություն։ Խուզարկությունների ժամանակ Բաբայանի գրասենյակում, տանը եւ ամառանոցում գտան ավելի քան 5 մլն դոլարի թանկարժեք իրեր եւ դրամ (այդ թվում 1,5 մլն դոլար կանխիկ դրամ), 8 «Մերսեդես-Բենց» ավտոմեքենա, հրացան, 3 ատրճանակ եւ փամփուշտներ։
Իբրեւ բարերար ներկայացված հանցագործին հովանավորում էր մասնավորապես ԿԿՏԴԾ այժմ արդեն նախկին ղեկավար Ալեքսանդր Ստարովոյտովը, որն օգնականի վկայական էր տվել նրան։ Իսկ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Ռոզանովը Բաբայանին խորհրդատուի վկայական էր տվել դատախազության համար հոբելյանական կրծքանշանների եւ այլ «հուշանվերների» թողարկումը կազմակերպելու համար։ Այդ կրծքանշաններից մեկը ՌԴ գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովն իր համազգեստի վրայից հանեց Բաբայանի ձերբակալությունից հետո միայն։
Օպերատիվ տվյալներով, Բաբայանի ընտանիքի բոլոր անդամները բանկային հաշիվներ ունեն Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում, անշարժ կայքՙ Կիպրոսում եւ Իսպանիայում։ Դատավճռի համաձայն, Ալեքսանդր Բաբայանը 7 տարի կանցկացնի խիստ ռեժիմի գաղութում, կզրկվի առգրավված ունեցվածքից, այդ թվում 3 «Մերսեդես-500» ավտոմեքենաներից, իսկ «Մետրոս մեդիայի» տնօրենի պաշտոնում վերականգնված Վաչագան Հակոբյանին կվճարի 1,4 մլն ռուբլի, որը կստանա նաեւ վերջին երկու տարվա աշխատավարձը։