Բեմի վրա էին մեկ տասնյակ ազգափրկիչներՙ Անահիտ Քնարյանը, Արամայիս Բարսեղյանը, Ջորջ Հակոբյանը, Ալբերտ Բազեյանը, Արամ Սարգսյանը...
Հանրահավաքի սկսվելն ուշանում էր։
Հռետորներից մեկը ներողություն խնդրեց հավաքված 3¬4 հազար մարդկանցից. «Մեղքը մերը չէ։ Իշխանությունները ձերբակալել են Աբովյանից եկող երկու ավտոբուսները»։
Հավաքվածներն առանձնապես իրար չանցան, գրեթե բոլորը մանրիկ անձրեւի տակ արեւածաղկի սերմ էին չրթում։ «Հոկտեմբերի 27-ով վերջ դրվեց հայոց կամքի կենտրոնին», այսպիսի խոսքերով սկսվեց Ազատության հրապարակի հանրահավաքըՙ ի պաշտպանություն քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների, մամուլի եւ խոսքի ազատության, ընդդեմ Հայաստանում բռնապետություն հաստատելու փորձերի, մի խոսքովՙ ի պաշտպանություն «Ա1+»¬ի։
«Իշխանությունը կարծես թե պատրաստվում է ընտրությունների», ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։ Մի պահ խոսափողի ձայնը կտրվեց, ու բոլորը մտածեցին, թե դավադրություն է կազմակերպվելՙ նախագահականից «ռուբիլնիկն» անջատել են։ Բայցՙ ոչ։ «Իշխանամետ լրատվամիջոցները ժողովրդին փորձում են տեռորի ենթարկել», շարունակեց պրն Բազեյանը, ապա ասաց, որ նախագահ Քոչարյանից պատիվ է պահանջելու, քանի որ ՀՀ ղեկավարն իրեն զրպարտում է։ «Իմ օրոք Երեւանում որեւէ խախտում չի եղել։ Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունները չեն կարող գոյատեւել», պնդեց Բազեյանը։
Ջորջ Հակոբյանը նախ հպանցիկ գովեց իր կուսակցությանըՙ հնչակյաններին, ասաց, որ անցյալ տարի եղել է ԱՄՆ-ում, անցում կատարեց ՀՀ 10 տոկոսանոց տնտեսական աճին, ասաց, որ սուտ է։ «Իշխանությունները կոտրեցին ժողովրդի ողնաշարը։ Եթե աշխատանք լիներ, հայերը չէին հեռանա երկրից, չէին մեկնի Կրասնոդար, Կրասնոդարի դեպքերը չէին լինի։ Անհապաղ պետք է վերաբացվի «Ա1+»-ը», նման խոսքերով խոսափողը փոխանցվեց ազատամարտիկ Սարգիս Կարապետյանին։
«Հասել է համբերության ժամը, լցվել է համբերության բաժակը։ Նրանք, ովքեր փրկելու են ձեզ (հայ ազգին), այստեղ են, բեմի վրա։ Ե՛վ Լեւոնը, ե՛ւ Ռոբերտը դավաճաններ են։ Նրանք պատասխանատու են ձեր առաջ։ Այս բեմի վրա գտնվող մարդիկ կարող են ձեզ փրկել։ Այդ մարդիկ բեմի վրա են։ Պետք է կտրել գողի ձեռքը, դավաճանի գլուխը։ Փրկության համար արյուն պետք է թափել», գոռում էր ազատամարտիկ Կարապետյանը։
Աշխարհահռչակ բանաստեղծուհի Անահիտ Քնարյանը խոսափողից հինգ անգամ «Քոչարյան, հեռացի՛ր» գոռաց, հայ կնոջը ոչ վայել արտահայտություններով լուտանքներ ուղղեց Տիգրան Նաղդալյանին, կոչ արեց հրապարակում հավաքված կանանցՙ իշխանությունից հեռացնել ՀՀ նախագահին, որը «լեգիտիմ չէ, եկավ, բռնությամբ տիրեց Կ. Դեմիրճյանի աթոռին, Հայաստանը դարձրեց գաղութ»։
Նախկին ոստիկան Լեւոն Սարգսյանը հարց ուղղեց. «Սա երկի՞ր է, թե՞ կազինո»։ «Դուք հեռացեք, որպեսզի մեր որդիներն ԱՊՀ երկրներից հետ գան, որ չկրկնվեն Կրասնոդարի դեպքերը», ասաց նա։
ՀԺԿ-ից Արամայիս Բարսեղյանը Ռոբերտ Քոչարյանին համարեց ժողովրդի կողմից մերժված եւ կոչ արեց հեռանալ։
«Եթե այս անձրեւի տակ այսքան մարդ է հավաքվել, ուրեմն ձեր արեւը բացվելու է», փիլիսոփայորեն ասաց մյուս հռետորըՙ Շավարշ Քոչարյանը։
Ճղճիմ պոպուլիզմով հատկապես փայլեց ՀԴԿ-ի առաջնորդ Արամ Սարգսյանը։ Նա խոսեց կոնյակի գործարանի, «Արմենտելի» գործարքների մասին, համեստաբար չհիշեցրեց Հայաստանի արտաքին քաղաքականության նվաճումները, երբ ինքը Ռոբերտ Քոչարյանի խորհրդականն էր։
«Ցանկացած խնդիր լուծելու համար նախ պետք է հեռացնել Քոչարյանին, այսպես ոչնչի չենք հասնի։ Պետք է համախմբվենք կուսակցություններով, ժողովրդով եւ հեռացնենք Քոչարյանին։ Այլանդակ իշխանությունները փորձում են վերարտադրվել, եւ այդ վերարտադրությունը կլինի շատ ավելի այլանդակ», ասաց նախկին վարչապետը եւ իր անուն-ազգանվանակից Արամ Սարգսյանի նման չհիշեց այն երանելի ժամանակները, երբ ինքն էր վարչապետ եւ երբ հայոց աշխարհում իշխում էր արարատյան կլանը։ Պրն Սարգսյանը հոկտեմբերի 27-ի, «Ա1+»-ի փակման, կտտանքների արքա Սաղաթելյանի դատավարության համար մեղադրեց Քոչարյանին։ Ժողովրդի գոնե մի մասը երեւի հիշեց այն իշխանություններին, որոնք 1996 թ. սեպտեմբերին նույն ժողովրդի դեմ դուրս էին եկել տանկերով։
Խոսեց նաեւ Հրանտ Խաչատրյանըՙ ՍԻՄ-ից։ Հանրահավաքը եզրափակեց Ալբերտ Բազեյանը։ Պետք է նշենք, որ միայն Խաչատրյանն ու Բազեյանն էին պարկեշտ խոսում, թեեւ նրանց եւ մյուսՙ բեմի վրա գտնվող ազգափրկիչների ելույթներն ուղղակի աղերսներ չունեին «Ա1+»-ի հետ։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ