«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2002-04-20 | #75, 2002-04-23 | #76, 2002-04-24


ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ԲԱՑԵԼ ԱՐԽԻՎՆԵՐԸ

Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի հովանավորությամբ Անկարայում ապրիլի 20-21-ը տեղի ունեցած Հայկական ուսումնասիրությունների կոնգրեսը տարածել է եզրափակիչ հայտարարությունՙ կոչ անելով Հայաստանին «գիտական ուսումնասիրությունների» նպատակով պատմաբանների եւ հետազոտողների առաջ բացել հայկական արխիվները, հաղորդում է «Թրքիշ դեյլի նյուս» օրաթերթը։ «Ազգը» իր երեկվա համարում մեջբերել էր նախագահ Սեզերի եւ վարչապետ Էջեւիթիՙ կոնգրեսին հղած ուղերձներից հատվածներ, որոնցում ասվում էր, թե գիտական ուսումնասիրությունների համար թուրքական արխիվները բաց են, եւ աշխարհի գիտնականներն ու պատմաբանները կարող են դրանք ուսումնասիրել։

Հայկական ուսումնասիրությունների կոնգրեսի հայտարարության մեջ ասվում է, որ «այսպես կոչված հայոց ցեղասպանության պնդումները կրում են քաղաքական նպատակ», իսկ «գիտական ուսումնասիրությունները չեն հաստատում հայոց ցեղասպանության պնդումները»։

Հայտարարությունը դատապարտում է աշխարհի տարբեր պետությունների խորհրդարաններիՙ Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւերը, ինչպես նաեւ հորդորում աշխարհի բոլոր պետություններինՙ «հայկական ահաբեկչական կազմակերպություններին ներառել ահաբեկչական ցուցակներում»։

Կոնգրեսի աշխատանքներին մասնակցել է 112 մարդՙ գիտնականներ, պաշտոնաթող դեսպաններ, լրագրողներ, գրողներ։ «Թըրքիշ դեյլի նյուսը» նկատում է, որ Թուրքիայի Հանրապետության ութսունամյա պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ «ավելի քան հարյուր թուրք գիտնականներ քննարկում են հայերի եւ թուրքերի հարաբերությունները»։

Եզրափակիչ հայտարարության մեջ կոչ է արվում Թուրքիային եւ Հայաստանին ձեռնամուխ լինել երկխոսության եւ համագործակցության, իսկ թուրք գիտնականները ցանկություն են հայտնում հայ գիտնականների հետ համատեղ քննելու «այսպես կոչված» Հայոց ցեղասպանության պնդումները։

Պիտի ենթադրել, որ կգտնվեն հայազգի պատմաբաններ եւ գիտնականներ, ովքեր ցանկություն կհայտնեն թուրքերի հետ պարզելուՙ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Այստեղ կարեւորը ոչ այնքան վերջնական արդյունքն է, որքան հարցը շահարկելը, 1,5 մլն հայերի կոտորածները կասկածի տակ դնելը եւ դրանով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելը։ Այդ նպատակին փայլուն ծառայում է եւս մեկ մարմինՙ «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովը» (ԹՀՀՀ), որի հայ անդամները ժամանակավորապես դադարեցրել էին հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունը, բայց մոտ ժամանակներս կվերսկսեն իրենց «ազգանպաստ» առաքելությունը թարմացված կազմով։

«Թրքիշ դեյլի նյուսը» երեկվա համարում գրում է նաեւ, որ Հունաստանում ապրիլի 22-ին տեղի է ունեցել «այսպես կոչված» Հայոց ցեղասպանության տարելիցի արարողություն, մասնակցությամբ խորհրդարանի նախագահ Ապոստոլոս Կակլամանիսի, տարբեր խմբակցությունների պատգամավորների, կառավարության խոսնակ Խրիստոս Պրոտոպապասի։ Արարողության ժամանակ իր ելույթում Կակլամանիսն ասել է, որ Ցեղասպանություն իրականացնելու համար թուրքական պետությունը պետք է հայ ժողովրդից ներողություն խնդրի։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4