«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2002-04-24 | #77, 2002-04-26 | #78, 2002-04-27


«ՀԱՐՑԻՆ ՉԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ», ՀԱՄԱՌՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆՈՒՄ ԷՐ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ԱՇՈՏ ԿՆՅԱԶՅԱՆԸ

Դատավարության ընթացքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ոճրագործները բացարձակապես չեն գիտակցում իրենց իրագործածի անմարդկային լինելը, կամ էլ, գիտակցելով, իրենց պահում են չափից դուրս «արժանապատվորեն»։ Կարծես թե բոլոր ամբաստանյալներին մեղադրում են այնպիսի հանցագործությունների կատարման մեջ, ինչպիսիք չէին կարող իրականացվել նրանց կողմից։

«Հոկտեմբերի 27»-ի երեկվա նիստի ողջ ընթացքում ամբաստանյալ Աշոտ Կնյազյանը նպատակահարմար գտավ չպատասխանել եւ ոչ մի հարցի։ Դեռ ավելին, մեղադրող Գագիկ Ավետիսյանի գրեթե յուրաքանչյուր հարցի ամբաստանյալն իր «Հարցին չեմ պատասխանում»-ն ասում էր նախօրոք ճշտելով. «Հարցն ավարտվե՞ց»։

Մասնավորապես, մեղադրողը հրապարակում էր Ա. Կնյազյանի նախաքննական ցուցմունքից որոշ հատվածներ, որոնք հակասում էին դատաքննական ցուցմունքին եւ, ըստ այդմ էլ, տրվում էին հարցերը։ Հակասություններ կային նաեւ ամբաստանյալի դատաքննական ցուցմունքի եւ գործի նյութերի միջեւ։

Որոշ ժամանակ «չեմ պատասխանում»-ը կրկնելովՙ Ա. Կնյազյանը խիստ «արժանապատիվ» կեցվածք էր ընդունել։ Որոշ հրապարակումների նկատմամբ էլ իր «վրդովմունքն ու զայրույթը» հայտնեց Նաիրի Հունանյանը։ Նստած տեղից վեր կենալով, հայտնեց, որ նախորդ եւ այդ օրվա նիստերի ընթացքում Գագիկ Ավետիսյանի ասածներն ամբողջությամբ կեղծիք են։ Ու թեեւ մեղադրողը պատասխանեց, որ ամեն ինչ ասում է ամենայն պատասխանատվությամբ, Ն. Հունանյանին դա «չբավարարեց»։ Վերջինս իր պարտքը համարեց նշել, որ ինքը հրապարակվածի նման ապուշություն չի ասել։

Միջամտեց նաեւ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը։ Նա ասաց, որ դատավարությունը չխանգարելու համար անընդհատ վեր չի կենում, բայց, ըստ իրեն, նախաքննության ընթացքում խաբելով ցուցմունք վերցնելը շարունակվում է, եւ ինքը զարմանում է դատավարության մասնակիցների լռության վրա։

Դատավորն այս ամենից հետո նշեց, որ ասվածն առաջին հերթին ուղղված է դատարանին, եւ ամբաստանյալների կողմից թյուր կարծիք է ստեղծվում, թե ինչ-որ մեկը զբաղված է խաբեությամբ։

Ինչեւէ, սեփական արժանապատվության մասին այսքան ուշ եւ նման ցինիզմով հիշող ամբաստանյալ Աշոտ Կնյազյանը, մինչեւ դատական նիստի ավարտը, համառորեն կապկեց մյուսներինՙ «չեմ պատասխանում»-ի ինքնագոհ արտասանությամբ։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4