Երեկ ամերիկյան առեւտրի պալատը Հայաստանում կազմակերպել էր հանդիպում լիբանանահայ Գեւորգ Խաչերյանի հետ։ Նրա ստեղծագործությունները (զարդեր, հագուստի ակսեսուարներ) հիմնականում պղնձից ենՙ արծաթապատ կամ ոսկեպատ։ Արաբ իշխանուհիների համար զարդեր պատրաստող վարպետն ինքնուս է, ոչ մեկից եւ ոչ մի տեղ չի սովորել, թե ինչպես աշխատի մետաղով։ Դրա համար էլ 20 տարվա աշխատանքի արդյունքում այսօր Գեւորգ Խաչերյանն իրեն համարում է մասնագետ, թերեւս վարպետ, ինչպիսին, օրինակ, արաբական աշխարհում եւ իր ընտրած բնագավառում այլեւս չկա։
Ըստ նրա, իր ստեղծագործությունները ոչ մի օրենքի չեն ենթարկվում։ Դրանք երեւակայության այնպիսի պատկերներ են, որոնք ձեւ եւ «կենդանություն» են ստանում գլխազարդերի, ապարանջանների, վզնոցների ու մատանիների միջոցով։
Այսօր Հայաստանում ամերիկյան առեւտրի պալատի կողմից «Արմենիա» հյուրանոցում ավանդաբար կազմակերպվող գարնանային պարահանդեսի ընթացքում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվեն Գեւորգ Խաչերյանի ստեղծագործությունները, ապա մոտ մեկ շաբաթ էլ դրանք կցուցադրվենՙ նաեւ վաճառքի համար։
Այս առումով պրն Խաչերյանը չգիտի, թե Հայաստանում ինչպես կընկալեն իր աշխատանքները։ Նրան, թերեւս, ժամանակ է հարկավոր, որպեսզի ճանաչի Երեւանն ու Երեւանի աղջիկներին։ Թե ինչ գույն են նախընտրում վերջիններս, ինչպիսի ճաշակ ունենՙ զարդագործը կարող է ճշտել մի քանի օրվա ընթացքում, որ կլինի Հայաստանում։
Արդեն ստեղծագործողը հասցրել էր նկատել, այնուամենայնիվ, որ հայ օրիորդները հագնում են ավելի շատ մուգ գույնի հագուստ։ Միօրինակություն կա, ըստ պրն Խաչերյանի, նաեւ հայաստանյան վարպետների գործերում, որոնք, լինելով շատ գեղեցիկ եւ յուրահատուկ կերտվածքի, հաճախ կրկնում են միմյանց։
Գեւորգ Խաչերյանի աշխատանքներն արժե տեսնել, քանի որ դրանք, հիրավի, շատ գեղեցիկ են։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ